1in.am-ը գրում է.

Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի կառավարության անդամների ու ընդդիմության առաջնորդների դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում երկրում բռնության սրման համար: Այս մասին հայտնել են Կոնգրեսի ներկայացուցիչները՝ վարչակազմի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո: 

Պատժամիջոցների փաթեթը դեռևս մինչև վերջ մշակված չէ, սակայն կարող է արագ պատրաստվել իրավիճակի սրման դեպքում՝ նշում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ որոշ ամերիկացի օրենսդիրներ՝ ներառյալ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ու նրա դեմոկրատ գործընկեր Քրիս Մերֆին, հայտարարել էին, որ Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ուկրաինական իշխանությունների դեմ՝ կապված Կիևի ցուցարարների հանդեպ կոշտ գործողությունների գործադրման հետ: Նման նախազգուշացում է պարունակվում նաև Ուկրաինայի հարցով բանաձևում, որն ընդունվել է չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել բռնության կիրառմանն առնչություն ունեցող ուկրաինացի պաշտոնատար անձանց ԱՄՆ մուտքի այցագրերը: Նրանց անուններն արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հրապարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել