Ստեղծված իրավիճակում ես հասկանում եմ, թե որքան ծանր է ցանկացած երկրի, հատկապես Հայաստանի նման երկրի, ղեկավարի դրությունը... Նա պատասխանատվություն է կրում մի ողջ պետության ու մի ողջ ժողովրդի համար: Ավելի ճիշտ, երկու պետության՝ ՀՀ և ԼՂՀ... Ես լավ եմ հասկանում այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր երկրի առջև և որոնց ամեն օր բախվում է երկրի նախագահը՝ դառնալով յուրատեսակ պատանդ մեր շուրջ ծավալվող իրադարձությունների, եվրոպական ու համաշխարհային չինովնիկների ձեռքին... Նաև կռահում եմ, որ երբեմն մեր նախագահը չի կարողանում անկեղծանալ, որովհետև երկիրը հայտնվել է ոչ բարեկամական, տարածաշրջանային նոր քարտեզ ձևավորելու նկրտումներով ապրող տերությունների արանքում... Մեր բարեկամները բարեկամ չեղան, իսկ թշնամիներն էլ եղան առավել նենգ ու ոչ արժանապատիվ... Այդ պատճառով էլ հաճախ ուզում եմ լռել, չխոսել, ինքս իմ մեջ քննարկել ու պարփակել ամեն ինչ... Որքա՜ն հեշտ է մեծ տերության ղեկավար լինելը և որքա՜ն դժվար՝ փոքր պետության...
Ուստի, միանգամայն անկեղծորեն և մտահոգ, առաջարկում եմ երկրի նախագահին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ ընդլայնված նիստ, մասնակից դարձնել տարբեր քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների և քննարկել ստեղծված իրավիճակը: Նաև, առաջարկում եմ գնալ կտրուկ ու համարձակ քայլերի, արժանի ապտակ հասցնել աշխարհին՝ իր անտարբերության ու իր անբարոյականության համար: Մենք առաջին Քրիստոնյա երկիրն ենք այս մոլորակի վրա, ուրեմն պիտի քրիստոնեական արժանապատվությամբ և պահանջատիրությամբ խոսենք աշխարհի հետ... ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանի հետ տեղի ունեցածը վկայում է, որ եվրոպական չինովնիկները թքած ունեն մեր խնդիրների, հայ-ադրբեջանական հակամարտության, Ղարաբաղի խնդրի վրա: Եվ հենց այս փաստն էլ մեզ համար պիտի խթան դառնա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել