Medialab.am-ը գրում է.

Երբ մեքենայով Աշտարակից դեպի Երևան ուղևորվող երկու ընկերներ մայրուղուց պատահական մի կնոջ իրենց մեքենայով Երևան բերելու համար օգտվում էին վերջինիս մատուցած ծառայություններից, իրենց մտքով էլ չէր անցնում, որ որոշ ժամանակ անց  հայտնվելու են Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում՝ իրենց հետ բերելով՝ մեկն իր կնոջը, մյուսը՝ զուգընկերուհուն: Բոլորի մոտ էլ հայտնաբերվեց սիֆիլիս:

Սեռավարակներից խուսափելու երեք ճանապարհ կա. ժուժկալություն, հավատարմություն և պահպանակի օգտագործում. կարծում է կենտրոնի սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը:

«Սակայն մենք գիտենք, որ պետք չի ծխել, բայց ծխում ենք,- «Մեդիալաբին» ասում է նա,- մարդը գիտի, որ պետք է պաշտպանվել, բայց չի պաշտպանվում. գիտելիքը կա, բայց չկա կիրառությունը:

Հովհաննիսյանն ասում է, որ պահպանակ չօգտագործելու համար հիվանդները երբեմն բերում են ծիծաղելի փաստարկները. «ինքը ամուսնացած է. դժվար իր մոտ սեռավարակ լիներ», «ես իրեն ճանաչում եմ. չէր կարող իր մոտ նման բան լինել», «ինքը մեր հարևանն է» և այլն:

Սեռավարակների հիմնական բացասական ազդեցությունը  վերարտադրողական առողջության վրա է և սեռավարակը չբուժելու դեպքում մարդը երեխա չի կարող ունենալ:

Ըստ սեռավարակաբանի, անպտղության զգալի տոկոսը պայմանավորված է վատ բուժված կամ ընդհանրապես չբուժված սեռավարակներով:

«Քանի որ, օրինակ քլամիդիոզի դեպքում մարդը կարող է գանգատ չունենալ, մինչդեռ պրոցեսը գնում է շագանակագեղձում, ամորձիներում, հեշտոցում, փողերում կամ ձվարաններում,- մեկնաբանում է նա,- մարդը կարող է մեկ-մեկ ցավեր ունենա, բայց դե կարող է մրսած լինի, իսկ ո՞վ չի մրսում: Ու շարունակվում են չհետազոտվել մինչև ամուսնության երկրորդ տարին, երբ պարզում են, որ երեխա չեն ունենում»:

Խոսելով հանրության՝ այս ոլորտի թերիրազեկվածության մասին, Հովհաննիսյանը նշում է երկու կարևոր հանգամանք, որն, ըստ իրեն՝ ունի լավ և վատ կողմ:

«Եթե մարդիկ իմանան, որ սեռավարակից կարելի է շատ հեշտ բուժվել, ապա աջ ու ձախ կսկսեն վարակվել,- մեկնաբանում է նա,- մյուս կողմից բժիշկները կսկսեն քիչ փող աշխատել. դա կանխամտածված չի ներկայացվում»:

«Սեռավարակից մարդ չի մեռնում, պետք չէ այս հիվանդությունները չափազանց լրջացնել ու վախենալ»,- պնդում է Հովհաննիսյանը:

Ի՞նչ կա թաքնված սեռական կյանքի վարագույրից անդին, կամ ոլորտի հիմնախնդիրները

Թեպետ հայ հասարակությունը պահպանողական է, սակայն սեռավարակաբանի կաբինետում որոշ ժամանակ անցկացնելուց հետո կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ կա արտաքուստ պահպանողական համարվող հասարակության վարագույրից անդին:

Հովհաննիսյանի տղամարդ այցելուներից մեկը արդեն 7-8 տարի շարունակաբար յուրաքանչյուր Նոր տարվա նախօրեին գալիս է հետազոտվելու: Թե ինչու է նա ընտրել հատկապես Նոր տարվա նախօրեն, հավանաբար, գիտի ինքը, սակայն սույն  անձնավորությունը տարվա մեջ ունենում է մի շարք պատահական հարաբերություններ, որի ժամանակ նա գործածում է պահպանակ, և ունի ևս երկու զուգընկերուհի, որոնց հետ նա պահպանակ չի գործածում, քանի որ վստահաբար գիտի, որ վերջիններիս կյանքում ինքը միակն ու անկրկնելին է:

Սեռավարակաբանն ասում է, որ սա շատ սովորական ու տարածված դեպք է.

«Մենք բազմաթիվ այցելուներ ենք ունենում, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում 15 տարբեր զուգընկերներ են ունեցել»,-նշում է նա:

Այդուհանդերձ, Հովհաննիսյանի կարծիքով, սեռական ոլորտին առնչվող թեման Հայաստանում պարուրված է գաղտնի շղարշով և շատ քիչ ինֆորմացիա կա, նաև հենց այն պատճառով, որ հիվանդությունների այս խումբը ամոթալի է համարվում և հանրությունում վատ վերաբերմունք կա դրանց նկատմամբ:

«Եթե մեկը ատամնաբույժի կարիք ունի, կարող է զանգել ու ծանոթից հարցնել, բայց միևնույն ժամանակ շատ քչերն են, որ կհարցնեն լավ վեներոլոգի տեղը. դա ընդունված չէ»,- մեկնաբանում է նա:

Բժիշկը պնդում է, որ հիվանդների մի մեծ խումբ խուսափում է հետազոտվել, որովհետև վախենում է, որ կհաստատվեն իր կասկածները՝ սեռավարակ ունենալու մասին:

«Հիվանդ ունեմ, որ պատմում էր, թե միզուկից 6 ամիս արտադրություն ուներ և ամեն միզելուց կյանքի կեսը գնում էր, բայց չէր գալիս ստուգվելու,- պատմում է նա,- սեռական հիվանդությունների նկատմամբ տարածված սխալ ընկալում կա, որ դրանք չափազանց լուրջ հիվանդություններ են. հիվանդ կա, որ սրտի իշեմիա ուներ և դրանից չէր վախենում, բայց երբ քլամիդիոզ հայտնաբերեցինք՝ մահու չափ վախենում էր»:

Քլամիդիոզը այս խմբի հիվանդություններից ամենատարածվածներից է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, սակայն այս դեպքում խնդիրն այն է, որ այն կլինիկորեն չի դրսևորվում և դրա կրողը հիմնականում գանգատներ չի ունենում:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես մարդը պետք է իմանա, որ սեռավարակ ունի: Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչև տասը տարի առաջ գոյություն է ունեցել բազմաթիվ հարցերից բաղկացած մի սխեմա, համաձայն որի պարզում էին մարդու՝ սեռավարակ ունենալու ռիսկայնության աստիճանը:

«Հիմա բոլոր հարցերը հանվել են և մնացել է բացառապես միայն մեկը. եթե ունեցել ես անպաշտպան սեռական հարաբերություն, ուրեմն շանս ունես վարակվելու»,- ասում է նա:

Հետաքրիքր է նշել, որ մինչև 1990թթ. Հայաստանում քլամիդիոզ չի ախտորոշվել, որովհետև չկային համապատասխան սարքավորումներ, իսկ մարդկանց մոտ այն հայտնաբերվելուց նշվել է որպես ոչ գոնոկոկային հիվանդություն, որը կլինիկորեն նման է գոներեային, բայց գոնորեա չէ:

Մեկ այլ խնդիր է այն, որ գանգատ ունենալու դեպքում մարդը դիմում է ոչ թե համապատասխան մասնագետի, այլ գնում է դեղատուն՝ հարցնելով թե բորբոքման համար ինչ դեղ խորհուրդ կտան:

Ի՞նչ արժե սեռավարակից բուժվելը, կամ հեռախոսդ ցույց տուր՝ ասեմ

Հովհաննիսյանն ասում է, սեռավարակի որոշ տեսակներ կան, որոնց լրջությունը բժիշկների կողմից անհարկի ուռճացվում է՝ բուժում նշանակելու և հիվանդներից դրամ պոկելու համար:

«Օրինակ միկո/ուրիոպլազմոզ կոչվող սեռավարակ ունեցողների մոտ 50 տոկոսը բուժում ստանալու անհրաժեշտություն չունի,- ասում է նա,- բայց չգիտես ինչու բժիշկները  կենտրոնացած են դրա վրա, որովհետև տղամարդկանց 80 տոկոսի մոտ դա հայտնաբերվում է, և նրանք էլ հայտնաբերում են ու սկսում են բուժել»:

Բժշկի կարծիքով մեկ այլ չափազանցություն է գարդներելյոզ կոչվող սեռավարակը, որը պայմանավորված է կնոջ հեշտոցում արտադրվող գարդներելա վագինալիս կոչվող միկրոբի առկայությամբ և արտահայտվում է կնոջ հեշտոցի հոտի տոնայնությամբ:

«Մեր բժիշկները ամեն երկրորդ տղամարդու մոտ գարդներելա են հայտնաբերում ու սկսում են բուժել, բայց դա մոտավորապես նույն բանն է, որ ասես, թե երեկ կնոջ հետ ունեցել ես հարաբերություն,- բացատրում է նա,- արտասահմանում ոչ մի տեղ չես գտնի տղամարդկանց բուժում գարդներելյոզից: Տղամարդը հեշտոց չունի, որ այդ միկրոբը զարգանա, բայց մեր մոտ բուժում են»:

2012թ. տվյալներով Հայաստանում արձանագրվել է մոտ 45 հազար սեռավարակի դեպք, որտեղ թվով երկրորդ ամենամեծ վարակվածությունը բաժին է ընկնում գարդներելիոզին` 10 511: Հովհաննիսյանի կարծիքով՝ սեռավարակ ունեցողների իրական թիվը առնվազն երկու անգամ ավելի մեծ է ներկայացված պաշտոնական թվերից:

Ըստ սեռավարակաբանի, վերը նշված երկու հիվանդություններն էլ լուրջ խնդիրներ չեն ու ամբողջ աշխարհում սրանց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, սակայն չի փոխվել Հայաստանում, քանի որ ձեռնտու չէ բժիշկներին:

Սակայն կա նաև մեդալի հակառակ երեսը: Հովհաննիսյանն իր աշխատանքային փորձից նկատել է, որ համաձայն հիվանդների շրջանում տարածված ընկալման.

«Եթե բժիշկը մի դեղ է նշանակում, ուրեմն էդքան էլ լավ բժիշկ չէ, եթե 5 հատ է նշանակում, ուրեմն ավելի լավն է, իսկ եթե 15 հատ է նշանակում ու երկու հատ էլ սիստեմա, ուրեմն ինքն է: Ընդ որում, եթե այդ ամենը ցավոտ է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է»:

Ըստ բժշկական կենտրոնի գնացուցակի՝ հետազոտությունն արժե 5000-35000, իսկ բուժվելը՝ 40000-80000 հազար դրամ, կախված հիվադությունից և սրության աստիճանից:

Սակայն Հովհաննիսյանը պնդում է, որ, այսպես կոչված  «շուկայական գները» հաստատված չեն ու սեռավարակի հուժումը երբեմն կարող է լուրջ նեյրովիրահատական բուժման գին արժենալ. մի քանի հազար դոլար. հատկապես մասնավոր կլինիկաներում, որտեղ պետական հսկողություն չկա:

«Ես մինչև այստեղ գալը մի տեղ էի դիմել աշխատելու համար, որտեղ ինձ ասացին, որ երբ հիվանդը գա՝ մենք քեզ կասենք ինքը ինչ ավտոյով է եկել, դու էլ կնայես, թե ինչ ժամացույց ունի և կասես, որ հեռախոսի համարդ գրի, որեպսզի տեսնես, թե ինչ հեռախոս ունի և ըստ այդմ էլ կորոշենք գինը,- պատմում է Հովհաննիսյանը,- սեռավարակի բուժումը կախված է նրանից, թե ինչքան գումար կարող է ծախսել պացիենտը. բժիշկները դա շատ լավ հասկանում են և գանձում՝ ըստ նրանց գրպանի կարողության»:

Ովքեր են հիմնականում հետազոտվում և վիճակագրական տվյալներ

Հովհաննիսյանն ասում է, որ իրենց այցելուների գերակշիռ մեծամասնությունը տղամարդիկ են, նախ որովհետև կանայք, սովորաբար, դիմում են գինեկոլոգի, բացի այդ նրանք խուսափում են պատահական սեռական հարաբերություններից:

Ըստ մասնագետի, կենտրոնի այցելուներից մոտավորապես 10 տոկոսն է պարբերաբար կանխարգելիչ ստուգումների գալիս:

«Սակայն պետք է ասեմ, որ այս տիպի մարդիկ գնալով շատանում են»,- նշում է սեռավարակաբանը:

Կենտրոնը ունի ծրագիր, որն իրականացվում է աշխատանքային միգրանտների շրջանում: Այս առումով Ռուսաստանի Դաշնությունը ռիսկային գոտի է Հայաստանի համար, հատկապես սիֆիլիսի գծով, որն այնտեղ չափազանց մեծ թիվ է կազմում:

«Եթե մեր մոտ 100 հազար բնակչի համար  ունենք մոտ 0,4 սիֆիլիսի դեպք, ապա Ռուսաստանում այդ թիվը նույն հարաբերակցությամբ 50-ից ավել է, որը նույնիսկ սովետական շրջանում չի եղել»,- ասում է Հովհաննիսյանը:

2012թ. տվյալներով Հայաստանում գրանցված է սիֆիլիսի 72 դեպք, մինչդեռ 2007թ. այն եղել է 155: Անհամեմատ շատ են գոնորեայի դեպքերը՝ 443, որը սակայն նույնպես կրկնակի նվազել է: 

1991-92թթ. հետո Հայաստանում բնածին սիֆիլիսի դեպք չի գրանցվել, որովհետև սիֆիլիսով հղի կինը հղիության ընթացքում եղել է հսկողության, բուժվել և ծննդաբերել է առողջ երեխա:

Հայաստանի համար Ռուսաստանից բացի ռիսկային երկրների շարքում են Թուրքիան՝ Անթալիական ծովափով և հարևան Վրաստանը:

«Չնայած Ռուսաստանի դեպքում որոշ մարդիկ գիտեն, որ այնտեղ սեռավարակները տարածված են և ունենում են պաշտպանված հարաբերություններ,- մեկնաբանում է Հովհաննիսյանը,- սակայն աշնանը մեզ մոտ հետազոտվողների մեծ մասը գալիս են ռուսական կուրոտներից ու Անթալիայից, քիչ թվով՝ Վրաստանից»:

Ըստ վիճակագրական տվյալների, ամենամեծ թիվը զբաղեցնում են սնկային հիվանդությունները, որոնք համարվում են ոչ կլասիկ սեռավարակներ՝ 23700 դեպք:

«Չգիտես ինչու այս հիվանդությունը նույնպես մարդկանց մոտ տագնապի տեղիք է տալիս, բայց հեշտորեն բուժվում է»,- ասում է Հովհաննիսյանը:

2013թ. միայն Սեռավարակաբանության կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ի 18 դեպք, իսկ Հայաստանում կան մոտ 200 ՄԻԱՎ վարակակիր:

Հովհաննիսյան ասում է , որ այս ոլորտի համար գործող Անդրկովկասյան պլատֆորմ կա, որտեղ ժամանակ առ ժամանակ հանդիպում են հարևան երկրների սեռավարակաբանների հետ:

«Վրաստանի մոտ վիճակագրական տվյալները մոտավորապես նույնն են, ինչ մեր մոտ, սակայն ընդհանուր առմամբ նրանք գերադասում են չկիսվել իրենց վիճակագրական տվյալներով»,- ասում է Հովհաննիսյանը:

Այս կենտրոնը ամեն տարի ՄԱԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տվյալներ է տրամադրում՝ իրենց արած հետազոտության հիման վրա: Նախորդ տարի առաջին անգամ այդ հետազոտությունն ընդգրկել է ԼԳՊՏ համայնքին, առավելապես միասեռական տղամարդկանց շրջանում:

Ըստ Հովհաննիսյանի՝ նրանց մոտ սեռավարակները շատ քիչ են, փոխարենը գերակշռում են ՄԻԱՎ դեպքերը:

Աննա Մուրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել