Հարց

Բարև Ձեզ, ես Անահիտն եմ, 33 տարեկան: Ամբողջ կյանքում ապրել եմ մայրիկիս հետ, կարելի է ասել եղել եմ նրա «հսկողության տակ»: Հիմա ամուսնալուծված եմ, բայց երբ ամուսնացած էի, էլի ամուսնուս հետ մայրիկիս տանն էինք ապրում: Երբ ամուսնալուծեցի, սկզբնական շրջանում առանձնացա և մի քանի ամիս վարձով ապրեցի, բայց մենակության սարսափելի վախը ինձ համակեց և ես նորից վերադարձա մորս տուն: Իսկ մայրս այն տիպի մարդկանցից է, ովքեր սովոր են, որ ամեն ինչ իրենց ասածով ու հսկողության տակ պետք է լինի: Ես ինձ ամբողջովին նրանից կախված եմ զգում, չգիտեմ ինչ անել, ուզում եմ ինքնուրույն դառնալ, իմ կյանքին առնչվող որոշումները ինքս կայացնեմ,  ախր արդեն երեխա չեմ, չեմ ուզում «մայրիկի փեշի» տակ կյանքս ապրել, բայց և չեմ կարողանում նրանից հեռու կյանքս կառուցել: Չգիտեմ սա ինչ հոգեբանական խնդիր է, բայց հաստատ նորմալ չէ, օգնեք խնդրում եմ, օգնեք կյանքս ինքնուրույն ապրել սովորեմ:

Պատասխանում է հոգեբանը

Բարև Ձեզ հարգելի Անահիտ, շատ ճիշտ որոշում եք կայացրել հոգեբանի դիմելով: Ինչքան որ կարողացա հասկանալ, Ձեզ մոտ անզորության և մենակության զգացումը սրվել է հատկապես ամուսնալուծությունից հետո, միայն այդ ժամանակ եք Դուք սկսել ուշադրություն դարձնել մայրիկի հետ հարաբերություններում առկա խնդիրներին: Մենք միասին կփորձենք վերլուծել և հասկանալ Ձեր խնդիրը:

Նախ եկեք խնդիրը մի քանի մանր խնդիրների բաժանենք`

1. Արդեն երկար ժամանակ է Դուք Ձեզ ճնշված եք զգում Ձեր մայրիկի կողմից

2. Դուք որոշում կայացրեցիք հեռանալ նրանից, բայց կարճ ժամանակ անց նորից վերադարձաք

3. Դուք վախենում եք մենակ ապրել

Սկսենք մենակ ապրելու Ձեր վախից: Մեր խնդիրն է Ձեր վախը տրամաբանակն չափերի հասցնելը, իսկ դրա համար մենք մի հետաքրքիր տեխնիկա կկիրառենք, որը դուք ինքնուրույն էլ կարող եք անել:

Եվ այսպես, փակեք  աչքերը և Ձեր վախի «օբյեկտը» որևէ իրի տեսքով պատկերացրեք, այպիսի մի իր, որը հնարավոր կլինի ձեռքերի մեջ պահել: Իսկ հիմա փորձեք պատասխանել հետևյալ հարցերին`

 -որտե՞ղ է այն գտնվում

-ինչպիսի՞ն է այն

-ի՞նչ գույնի

-ի՞նչ ձևի

Հանեք այն Ձեր մեջից և փորձեք ձեռքերի մեջ պահել: Աստիճանաբար փոքրացրեք այդ վախը, մինչև վերջնական անհետանալը: Հիմա երբ այն փոքրիկ առարկա է, դուք նրանից վախենո՞ւմ եք, եթե այո, ապա էլի փոքրացրեք, իսկ հիմա վախենու՞մ եք:

Սա կօգնի Ձեզ հասկանալ, որ ցանկացած վախ հնարավոր է փոքրացնել, ուրիշ կերպարանքով ու տեսքով պատկերցնել ու հաղթել նրան: Ձեր վախը Ձեր ձեռքերում է, և ինչպես վարվել նրա հետ միայն դուք եք որոշում:

Հիմա քննարկենք Ձեր ճնշված հոգվիճակը և մայրիկի բնակարանից տեղափոխվել չկարողանալը: 

Մարդը ցանկացած հարաբերություններում ունենում է իր կոնկրետ դերակատարումը: Ձեր և Ձեր մայրիկի փոխհարաբերություններում առկա են հետևյալ դերերը`

Ծնող

Ծնողը օգնում է կյանքում կայանալ, ճիշտ խորհուրդներ է տալիս, խնամում է և հոգ տանում իր երեխայի առողջության մասին, երբեմն էլ լինում է ամբողջովին հակառակը`  հրամայում է, չափից դուրս շատ է հոգ տանում, թելադրում է իր կարծիքը, ազդում է որոշումների կայացման վրա:

Հասուն մարդ

Իր կյանքի համար պատասխանատվությունը ամբողջությամբ իր վրա է վերցնում, կայացնում է մտածված որոշումներ և հասնում է իր ուզածին:

Երեխա

Ամեն հարցում լսում է ծնողի կարծիքը, հազվադեպ է կոնֆլիկտների գնում և վարվում իր ուզածի պես:

Դերերը մեզ տրվում են մեր սոցիալիզացիայի ընթացքում, բայց հետագայում կարող են փոխվել: Հիմա Ձեզ մոտ այդ դերափոխության կոնֆլիկտն է: Դուք ուզում եք «երեխայի» դերից անցում կատարել «հասուն մարդու» դերի, դա իհարկե հեշտ չէ և միանգամից չի լինում: Աշխատեք, որ այդ պրոցեսը չուղեկցվի ներքին կոնֆլիկտներով և կոնֆլիկտներով մայրիկի հետ, որովհետև ծնողներին էլ կարելի է հասկանալ, նրանք մշտապես իրենց պատասխանատու են զգում մեր կյանքի համար, ուզում են, որ մեր կյանքում որքան հնարավոր է քիչ լինեն ամեն տեսակ ցնցումները:

Առանձին ապրելը կամ ապրելու ցանկությունը դեռևս չեն խոսում մարդու ինքնուրույնության մասին: Ինքնուրույն դառնալու ճանապարհին առաջին քայլը Ձեր վրա պատասխանատվություն վերցնելն է, երբ Դուք ձեզ պատասխանատու զգաք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար, այն ժամանակ էլ ինքնուրույն կդառնաք: Դուք դա փորձել եք անել ամուսնանալով, բայց քանի որ ապրել եք մայրիկի հետ Ձեզ  մոտ ոչինչ չի ստացվել: Փորձեք ամուսնու հետ հաշտվելու ճանապարհներ գտնել: Եթե այլևս ետդարձի ճանապարհներ չկան, փորձեք ևս մեկ անգամ անձնական կյանքը դասավորել, շատ շփվեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ազատ ժամանակը տանը մի անցկացրեք, դուրս եկեք զբասնեք, ընկերների հետ հանդիպեք: Որևէ հետաքրքիր աշխատանք գտեք, կամ հոբբի, անպայման որևէ զբաղմունք գտեք Ձեզ համար և դրան ողջ պատասխանատվությամբ մոտեցեք:

Ամենակարևորը` ՄԻ ԽՂՃԱՑԵՔ ՁԵԶ և ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՄԻ ՀԱՄԱՐԵՔ: Հավաքեք բոլոր ուժերը և հաղթահարեք այս պահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել