Kinoashkharh.am-ը գրում է.
1841 թվականն էր, երբ տաղանդավոր ջութակահար, ազատ սևամորթ Սողոմոն Նորթափն իր երկու «գործատուների» հետ ժամանեց Վաշինգտոն: Հենց այստեղ` քաղաքի Ալեքսանդրիա համայնքում էր գտնվում ԱՄՆ-ի այդ ժամանակվա խոշորագույն «ստրուկների շուկան»: Նորթափը հույս ուներ արագ դրամ վաստակել ջութակով ու վերադառնալ կնոջ և երեխաների մոտ: Բայց նրան առևանգեցին, ծեծեցին ու վաճառեցին Նոր Օռլեանի ստրկատերերին: Այդպես ազատ սև մարդը հայտնվեց ստրկատիրական Հարավում, որտեղ տանջվեց շուրջ 12 տարի:
Ազատումից մեկ տարի անց Նորթափը հրատարակեց իր հուշերի գիրքը` «Ստրկության տասներկու տարին»: Իսկ 2013 թվականին համաշխարհային կինոէկրաններ ելավ բրիտանացի ռեժիսոր Սթիվ Մակքուինի («Քաղց» (2008), «Ամոթ» (2011)) համանուն կինոնկարը, որում Նորթափի դերում հանդես է գալիս Չիվետել Էջիոֆորը: Մակքուինի նախնիները նույնպես ստրուկներ էին, և բնական է, որ նա մեծ նրբությամբ մոտեցավ իր աշխատանքին: Եվ հավանաբար որպեսզի ֆիլմը հասնի հնարավորինս լայն հանդիսատեսի, ռեժիսորն իր արտհաուսային` երբեմն մոլորեցնող ու բավականին պահանջկոտ ոճը փոխարինեց ավելի ծանոթ ու պայմանական պատումով, որտեղ կան բոլոր հարկավոր իրավիճակները: Մակքուինի կնիքը, այնուամենայնիվ, շոշափելի է:
Եվ գուցե սրանով է պայմանավորված «Ստրկության տասներկու տարվա» սուր հակասությունը: Բանն այն է, որ էկրանին կարծես միաժամանակ զարգանում է երկու ֆիլմ, որոնց սինթեզն այդպես էլ տեղի չի ունենում: Մեկը մաքուր Մակքուինն է` անշտապ, լարված և մտահոգ, արտահայտիչ լռությամբ, տպավորիչ ու խորհրդանշական գունային լուծումներով (օպերատոր` Շոն Բոբիտ): Մյուսը` սխեմատիկ, դասագրքային տեսարաններով առաջ շարժվող մի պատում, որը, անկասկած, նույնպես կարող է մեծ արժեք ներկայացնել (որոշ հոլիվուդյան ֆիլմերում այդպես էլ լինում է): Սակայն «Ստրկության» դեպքում ֆիլմի այդ «բաղադրամասը» հաճախ այնքան տարրական է, շինծու և անտեղի, որ գրեթե վարկաբեկում է իր մյուս հատվածը, հատկապես` այն պահերին, երբ ընկնում է «բարոյախրատականության» մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ