downloadKinoashkharh.am-ը գրում է.

Այսպիսի կարգախոս ուներ Րիդլի Սքոթի դասական «Օտարը» (Alien) կինոնկարը: 1979-ից ի վեր քանի-քանի անգամ է այն երևացել նմանատիպ թեմայով ֆիլմերի պաստառներին` երբեմն մի բառ ավելացրած, երբեմն էլ` երկու բառ փոխած: Սա փոփ-մշակույթի շրջիկ կարգախոսներից է, որը շատ տեղին ու դիպուկ կլիներ նաև անվանի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականության» (Gravity, 2013) դեպքում: Մի ֆիլմ, որում Հյուսթոնի հետ կապն ընդհատված է, իսկ թթվածինը` խիստ սահմանափակ: Շաթլի կործանումից հետո տիեզերագնացներ Ռայան Սթոունը (Սանդրա Բուլաք ) և Մեթյու Կովալսկին (Ջորջ Քլունի) ջանում են ամեն գնով վերադառնալ Երկիր: Բնականաբար, հեշտ գործ չէ, իսկ խոչընդոտներն անհամար են:

Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսական»-ում (1968) մի ուժեղ պահ կա, երբ տիեզերագնացներից մեկը` Փուլը, ստանալով հուժկու հարված, ընկնում է բաց տիեզերքի խավարի գիրկն ու երկար պտտվելով սեփական առանցքի շուրջը` մահանում թթվածնի պակասից: «Ձգողականությունը», կոպիտ ասած, այս տեսարանի վերաիմաստավորումն է` 90-րոպեանոց ժամանակակից տարբերակը, որը, սակայն, ստիպում է մինչև վերջին կադրն անհանգստանալ` ողջ կմնա՞ն հերոսները, թե՞ կարժանանան Փուլի ճակատագրին: Եվ այն, ինչ Կուբրիկն արել է իր ահռելի, հավակնոտ կտավում, Կուարոնը փորձում է լուծել արտաքինից նեղ ու կամերային, բայց ներքուստ` սուր էքզիստենցիալիստական ֆիլմի սահմաններում:

«Ձգողականությունը» 2013 թվականի թերևս ամենասպասված ֆիլմերից էր: Հետաքրքիր էր, թե ինչպես կինոգործիչները կպատկերեն ֆիլմում բաց տիեզերքն ու տիեզերանավերը (չէ՞ որ նույնիսկ ժամանակակից հնարավորություններով համոզիչ պատկեր ստանալը բավականին բարդ է): Բացի դրանից, ֆիլմի ռեժիսորն ու սցենարի համահեղինակն էր Ալֆոնսո Կուարոնը, որի ստեղծագործություններն ամեն դեպքում արժանի են ուշադրության: Մեծանուն մեքսիկացուն մինչ այդ արդեն հաջողվել էր հաստատվել և ինքնարտահայտվել ինչպես մեյնսթրիմ («Փոքրիկ արքայադուստրը» (1995), «Հարրի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը», (2004)), այդպես էլ արտհաուս («Եվ քո մորը նույնպես» (2001)) ու կիսաարտհաուս («Մարդկության երեխաները« (2006)) կինոյում: Եվ ահա այժմ «Ձգողականության» թիմը, Կուարոնի գլխավորությամբ, ստեղծեց այն, ինչը շատ դիտողներ ու քննադատներ անհապաղ հռչակեցին վերջին տարիների լավագույն բլոքբաստեր: Ֆիլմի նման հաջողության մեջ, իհարկե, որոշիչ դեր խաղացին իսկապես տպավորիչ համակարգչային գրաֆիկան ու 3D-ի նորարարական կիրառումը: Նույնիսկ այս տեխնոլոգիայի հակառակորդների մեծ մասը համաձայնեց, որ «Ձգողականություն»-ում 3D-ն կինոարտահայտչականության ներկապնակի մի վառ գույն է, ոչ թե ուղղակի ատրակցիոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել