Slaq.am-ը գրում է.
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանըհարցազրույց է տվել «РБК» ամսագրին` առաջինը 10 տարվա ընթացքում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածները:
Առաջին քայլերի եւ բիզնեսի մասին
Ինստիտուտն ավարտելուց երեք տարի հետո` 1989 թվականին, ստեղծեցի իմ առաջին բիզնեսը`ռետինատեխնիկական, մետաղական իրերի, ինչպես նաեւ կարի սարքավորումների արտադրման «Զենիթ» բազմապրոֆիլ կոոպերատիվը: Ավելի ուշ գնեցի էմալապատ սպասքի գործարանը, որը ղեկավարում էի, այն եւս վերածելով կոոպերատիվի: Հասկանում էի, որ այդպիսով կստեղծեմ ավելի ժամանակակից հարթակ, որը կարող է զարգանալ փոփոխվող տնտեսության պայմաններում:
Միշտ հավատարիմ էի այն սկզբունքին, որ ավելի լավ է հարգանք վաստակել`զբաղեցնելով առաջնորդի դիրքը, քան ինչ-որ մեկի հրահանգներին հետեւելով:
Դժվարությունների մասին
Կարող է զարմանալի թվալ, բայց այդ ժամանակ ես դժվարություններ կամ հատուկ խոչընդոտներ չէի տեսնում, որոնք հնարավոր չէր շրջանցել: Ես սկսեցի իմ բիզնեսը. հավաքեցի ընկերներիս, մենք քննարկեցինք գաղափարը, գործողությունների ծրագիրը, հիմնեցինք ձեռնարկություն եւ սկսեցինք աշխատել: Ամեն ինչ շատ պարզ էր եւ առանց դժվարությունների:
Ռուսաստանում աշխատանքի մեկնարկի մասին
Ծրագիր ունեի. եկա, հիմնավորվեցի, հաղթեցի: (Ժպտում է): Ռուսաստանում իմ առաջին կետը Լիպեցկն էր: Ընտրեցի այդ քաղաքը, քանի որ շրջանն ու մարդիկ ինձ ծանոթ էին. մեր կոոպերատիվն արդեն վաղուց եւ ակտիվ համագործակցում էր Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի հետ: Մենք նրանցից մետաղ էինք գնում, իսկ նրանց վաճառում էինք հատուկ համազգեստ: Լիպեցկից տեղափոխվեցի Մոսկվա, ավելի ուշ բնակություն հաստատեցի Կալուգայում, որտեղ շատ ընկերներ ունեի: Բացի դրանից, այնտեղ ապրում էին իմ զարմիկները:
«Տաշիրի» աշխատանքի մասին
Առաջին գումարը վաստակել էի դեռ Հայաստանում: Դա ինձ թույլ տվեց տեղափոխվելուց հետո ապրել բարեկեցիկ կյանքով, եւ ես դրա մի մասը ներդրեցի Ռուսաստանում առաջին ակտիվների ձեռք բերման ուղղությամբ: Հետագայում բիզնեսը սկսեց զարգանալ Լիպեցկում եւ Կալուգայում մեր կողմից իրականացվող ծրագրերից ստացված եկամուտների շնորհիվ: Հենց այդ ժամանակ ես ձեւավորեցի «Տաշիրի» հիմնական աշխատանքային գծագիրը, որը գործում է մինչ օրս. մենք միշտ որոնում ենք ակտիվներ, բայց պատրաստ ենք ներդրումներ կատարել միայն ամենահետաքրքիր եւ շահութաբեր ծրագրերում: Այդ որոնումների արդյունքում այն ժամանակ մենք հավաքեցինք շուկայում առկա լավագույն առաջարկները:
Ճգնաժամի մասին
Ճգնաժամին մենք մոտեցանք շատ լավ հեղինակությամբ, եւ փոխառությունների քանակը չափազանց մեծ չէր: Դա «Տաշիրին» թույլ տվեց իրեն ավելի հանգիստ զգալ: Առավել եւս, որ մեր նկատմամբ բանկերի հետաքրքրությունը շատ մեծ էր: Քանի դեռ մյուս ընկերությունները փոխառություններ էին վերցնում 19-20%-ով, մենք Ռայֆայզենբանկից վարկ էինք ստանում 6%-ով:
Կառավարման մասին
Մեզ մոտ ամեն ինչ հիմնված է «ձեռքի կառավարման» վրա: Եթե ես չմասնակցեի բոլոր գործընթացներին, խմբում ընդգրկված կլինեին ոչ թե 200, այլ անհամեմատ պակաս թվով ընկերություններ:
Հիմնական ուղղությունների մասին
Այսօր հիմնական ուղղություններն են դիվելոփմենթը, շինարարությունը եւ ֆինանսական հատվածը: Մենք կարեւոր դիրք ենք դուրս բերում նաեւ էներգետիկ եւ ճարտարագիտական ընկերությունները, զարգացնում ենք ռիթեյլը (մանրածախ առեւտուրը):
Ընդհանուր առմամբ, բարձր տեխնոլոգիական շուկայի ձեռնարկություններում մենք չենք շտապում ներդրումներ կատարել: Միաժամանակ, ունենք հեռահաղորդակցային ընկերություն, եւ եթե դրա գործունեության շրջանակներում հաջողվի կիրառել բարձր տեխնոլոգիաներ, մենք դա կանենք: Անկեղծ ասած, ես չգիտեմ որեւէ ուղղություն, որտեղ մենք ներկայացված չենք:
Հաջողության մասին
Դեռ պատանեկության շրջանում, երբ հրապուրվում էի ֆուտբոլով, հասկացա, որ հաջողություն հասկացությունը երբեմն շատ կարեւոր, սակայն միշտ հարաբերական է: Գոլ է խփում միայն այն խաղացողը, ով ճանաչում է իր հակառակորդին, տեխնիկապես է մոտենում խաղին եւ մինչեւ գլուխն ընկղմվում է նրա մեջ: Հիմա ես ավելի հազվադեպ եմ դաշտ դուրս գալիս, սակայն յուրացրած կանոններն օգտագործում եմ բիզնեսում. սիրում եմ գոլեր խփել:



