45-ամյա Ալի Մոհամեդիանը, ով դասավանդում է Իրանի Մարիվան քրդական քաղաքի Շեյխ Շելտութի միջնակարգ դպրոցում, դարձել է իսկական ազգային հերոս ու արժանացել նախագահ Հուսան Ռոհանի ուշադրությանը, ով նույնիսկ որոշել է նրա հիվանդ աշակերտի բուժման բոլոր ծախսերը վերցնել իր վրա:

Ամեն ինչ սկսեց նրանից, որ 8-ամյա Մահան Ռահիմը, դեռևս անհայտ հիվանդության պատճառով, կորցրեց իր մազերն ու ճաղատության պատճառով դարձավ դասընկերների ծաղրի առարկան: Ուսուցիչը ցանկանալով օգնել ծաղրվող աշակերտին, ում հետ դասընկերները չէին շփվում և ում առաջադիմությունը այդ ընթացքում վատացել էր, որոշում է սափրել իր գլուխը՝ ի նշան երեխայի աջակցության: Սափրելուց հետո նա դասարանում լուսանկարվել էր տղայի հետ ու նկարը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:


Լուսանկարը մեծ արձագանք է ստացել ու տարածվել ամբողջ համացանցով: Նույնիսկ իրանական հեռուստատեսություններից մեկը հարցազրույց է վերցրել Մոհամեդիանից ու կրթության նախարարից:

Ուսուցչի քայլից ոգևորված՝ դասարանի բոլոր 23 աշակերտները նույնպես ցանկացել են իրենց աջակցությունը ցույց տալ իրենց դասընկերոջը: Մոհամեդիանը նրանց հորդորել է սպասել միչև ձմեռվա ավարտ, սակայն աշակերտները հենց հաջորդ օրը սափրել են իրենց գլուխները: Երեխաների վարքը փոխվել է, ու այժմ նրանք համախմբած ու ուրախությամբ շփվում են իրենց դասընկերոջ հետ:


8-ամյա տղայի հիվանդության ստույգ պատճառները հայտնի չեն, սակայն բժիշկների պնդմամբ նա իմունային համակարգի հետ կապված խնդիրներ ունի: Ճշգրիտ ախտորոշման համար Թեհրանի բժիշկները նմուշներ են ուղարկել գերմանացի իրենց գործընկերներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել