Lragir.am-ը գրում է.
Իսպանական Sacyr ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է Պանամայի ջրանցքի ընդլայնման աշխատանքները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական EFE գործակալությանը: Իսպանական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ջրանցքի ընդլայնման հետագա աշխատանքները դադարեցվելու են պայմանագրով նախատեսված ծախսերի, մասնավորապես ծագած լրացուցիչ ծախսերի ծածկման հնարավոր չլինելու պատճառով:Լրացուցիչ ծախսերն արդեն գերազանցել են 1.168 միլիարդ եվրոն:
Իսպանական ընկերությունը Պանամայի իշխանություններին տեղյակ է պահել աշխտանքների դադարեցման մասին: Իսպանական կողմի խոսքով, Պանամայի իշխանությունները չեն կարողացել ամբողջովին ապահովել նախագծի համաֆինանսավորումը, իսկ առաջացած լրացուցիչ ծախսերը պետք է վճարի պանամական կողմը: Իր հերթին, Պանամայի իշխանությունները հրաժարվել են ընդունել ընկերության պայմանները: Նրանք նշել են, որ ծախսերի մեծացումն ընկերության խնդիրն է: Պանամայի ջրանցքի ընդլայնումը սկսվել է 2007 թվականին և պայմանագրի համաձայն, պետք է ավարտվի 2015 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը 4 միլիարդ եվրո է, իսկ աշխատանքների ավարտից հետո թողունակությունը պետք է մեծանա 2 անգամ:



