Սաբիհա Գյոկչեն… Ոմանք նրան համարում են Քեմալ Աթաթուրքի աղջիկը, ուրիշները` հոմանուհին: Կասկածելի պատմություն է: Իսկ իրողությունն այն է, որ հայկական ծագում ունեցող այդ կինը իրականացրեց Աթաթուրքի երկնային երազանքը… 

Սաբիհա Գյոկչենը ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին, Բուրսա քաղաքում: Ընտանիքի ծանր պայմանների պատճառով (ծնողները սպանվել էին Եղեռնի ժամանակ), նա դաստիարակվում է մանկատանը, ուր 1925 թվականին այցելում է Քեմալ Աթաթուրքը: Նրան շատ է դուր գալիս լուրթ աչքերով աղջնակը: Ծանոթանում է կենսագրությանը և որոշում որդեգրել` ստանալով երեխայի մեծ եղբոր համաձայնությունը: Սաբիհան տեղափոխվում է նախագահական պալատ և միանգամից ձեռք բերում մի քանի քույր: 

«Ապագան երկնքինն է»,- երազում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և ուշադիր հետևում ավիացիայի զարգացմանը, հատկապես` թուրքական Օդագնացության ընկերության գործունեությանը: 

Հավանաբար այդ էր պատճառը, որ նա իր որդեգրած ութ աղջիկներից մեկին` Սաբիհա Գյոկչենին ուղարկեց քաղաքացիական ավիացիայի դպրոց` «Թյուրք քուշու» («Թուրքական թռչուն»), որը հետո շարունակեց ուսումը Ռազմական օդային ակադեմիայում: 

Աթաթուրքին այդքան դուր եկած կապուտաչյա Սաբիհայի ազգանունն անգամ` Գյոկչեն, նշանակում է երկինք` «գյոկ»: Այդ ժամանակ բոլոր թուրքերի հայրը չգիտեր, որ հպարտանալու է հայ դուստրով` հոգևոր դուստրով, ինչպես որ նա անվանում էր Սաբիհային, որը 23 տարեկան հասակում դառնալու էր Թուրքիայի առաջին կին օդաչուն և աշխարհի առաջին կին ռազմական կործանիչ-օդաչուն: 

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես: 1935 թվականի մայիսի 5-ին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա գտնվեց «Թյուրք քուշու» օդաչուական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տարբեր երկրներից հրավիրված պլաներների և պարաշյուտիստերի օդային շոուն այն աստիճան գրավեց Սաբիհային, որ երբ հայրը հարցրեց. «Կցանկանա՞ս օդաչու դառնալ», աղջիկն առանց երկմտելու պատասխանեց. «Այո, հե՛նց հիմա»: 

Այսպես նա դարձավ հենց նոր բացված դպրոցի սանուհի: Նախ` սովորեց օդաչուական մասնագիտությունը, հետո` ստանալով օդաչուի վկայական, 7 ուրիշ օդաչուների հետ կատարելագործվելու մեկնեց ԽՍՀՄ: 

Նրա ուսուցիչներից էր նշանավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Անոխինը: 

Սաբիհան աչքի էր ընկնում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումով, մեծ սիրով դեպի ավիացիան, զսպվածությամբ ու ինքնատիրապետմամբ: 

Մի քանի տարի անց Սաբիհան դառնալու էր «Թյուրք քուշու» օդագնացության դպրոցի գլխավոր մարզիչը և ծառայելու էր մինչև 1955 թվականը: 

Սաբիհայի հայկական ծագման մասին առաջինը խոսեց լրագրող Հրանտ Դինքը, երբ թերթի խմբագրություն դիմեց հայաստանցի մի կին` Թուրքիայում ազգականներին փնտրելու նպատակով: Լրագրող Ելենա Սոլնցևան, որը նյութ էր պատրաստում Հրանտ Դինքի մասին` այդ կնոջ որոնումների կապակցությամբ, պատմում է. «Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը փնտրում էր Խաթուն մորաքրոջը, որն անհետ կորել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հռիփսիմեն գրել էր խմբագրություն, թե իր մայրը` Տիրուհին, երկար տարիներ որոնել է քրոջը` Խաթունին: Մինչդեռ, իրականում, կարիք չկար նրան փնտրել. Թուրքիայում բոլորը գիտեին Խաթունին, փաստում են «Ակոս» թերթի լրագրողները: Տիրուհու պատմածով, նրանց ծնողներին սպանել էին Եղեռնի ժամանակ, և ինքը քրոջ` Խաթունի հետ հայտնվել էր որբանոցում: Մի անգամ որբանոց է այցելել Թուրքիայի լիդեր Քեմալ Աթաթուրքը, մի խումբ զինվորականների ուղեկցությամբ: Կապուտաչյա, աշխույժ Խաթունը դուր է եկել առաջնորդին, որը տարել է նրան հետը և տվել Սաբիհա Գյոկչեն անունը»: 

Հրանտ Դինքի «Սաբիհա Գյոկչեն» վերտառությամբ հոդվածը ռումբի պայթյուն էր: «Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոկչենը հայ է: «Սաբիհա Գյոկչեն» հոդվածը բարձրացրեց նրա ծագման գաղտնիքի վարագույրը: 

Սաբիհան հրաշքով փրկված հայ երեխաներից մեկն է, որը եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցներում: Դաստիարակելու նպատակով Աթաթուրքը նրան վերցրել և տարել էր Անկարա, տվել նոր անուն…»-պատմում է Հրանտ Դինքը: 

Դինքի ինֆորմացիան անմիջապես հայտնվեց կենտրոնական «Հուրիեթ» թերթի առաջին էջում: 

Շշմեցուցիչ նյութը, որն արտատպեցին գրեթե բոլոր պարբերականները, երկար ժամանակ մնաց թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 
Սակայն մի շարք պատմաբաններ նշանավոր թուրք օդաչուի հայկական ծագման վարկածը համարում են պատմական կեղծիք: Հնչել են կարծիքներ, թե ինֆորմացիան հայկական սադրանք է, որի միջոցով թերթն ուզում է ավելացնել տպաքանակը: 

Մինչդեռ եղել են ավելի ծանրակշիռ փաստարկներ, որոնք հաստատում են Հրանտ Դինքի վարկածը: Թուրքերեն լեզվի ամենամեծ բացատրական բառարանի հեղինակ, լեզվաբան Փարս Թուգլաջին հայտարարում է, որ Սաբիհա Գյոկչենը տեղյակ էր, թե ովքեր էին իր իսկական ծնողները, նույնիսկ իմացել է հայերեն շատ բառեր: 

Ահա թե ինչ է հաղորդել Ելենա Սոլնցևային թուրքական դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Քեմալ Մերկալին, որն անձամբ է ճանաչել Սաբիհա Գյոկչենին: «Սաբիհան մի փոքր խոսում էր հայերեն: Նրա հայկական ծագման մասին է վկայում այն փաստը, որ նշանավոր օդաչուն տառապել է «երևանյան հիվանդությամբ»: 


Սաբիհան մինչև կյանքի վերջը նվիրված էր Աթաթուրքին: Նա գրեց «Կյանք` Աթաթուրքի ուղիով» գիրքը, որը լույս տեսավ 1981 թվականին, Քեմալ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: 

Ստամբուլում կա «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայան: Երբ որոշվում էր անվանակոչության հարցը, թուրքերից շատերը վրդովվեցին, թե ինչու օդանավակայանը պետք է կոչվի հայուհու անունով: Անգամ հնչեցին մեղադրանքներ, թե նա եղել է Աթաթուրքի սիրուհին: Սակայն դրանք լոկ ասեկոսեներ են… 
Իսկ իրականությունը այն խորը հետքն է, որը թողել է իր հետևից այդ լեգենդար կինը: 


ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՌԴ գրականագետների միության անդամ, ՀՀ գրողների միության անդամ, ԵՐԵՎԱՆ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել