Kinoashkharh.am-ը գրում է.
Կինոնկարին նախորդած բեմադրությունը չտեսած հանդիսատեսի անտեղյակությամբ ու բերկրանքով իբրև ռեժիսորական նուրբ կատակ ընդունեցի «Ձայն լռության» ֆիլմ-անակնկալն իր ձոնով` ուղղված մեծն Ֆեդերիկո Ֆելլինիին և Ջուլիետա Մազինային: Հենց առաջին տեսարաններից մեկի դիտման ընթացքում, երբ աղբակույտերում հայտնվեց հերոսուհին, ներքին մի զգացողություն կար, որ նրան ճանաչում ենք վաղուց: Միաժամանակ ֆիլմի գործողության զարգացումն անկանխատեսելի բնույթ ուներ` չնայած Ֆելլինիին առնչվող կինեմատոգրաֆիկ մի շարք ակնարկներին: Ֆելլինիական ինքնահեգնումը` իբրև գեղարվեստական մեթոդ, յուրատիպ ադապտացիայի է ենթարկվել` դառնալով Չալդրանյանի ռեժիսուրայի մի նոր, հասուն երանգ: Կարծում եմ` այսօրինակ մոտեցումով մտահղացված ֆիլմը, որի մեջ միտումնավոր առկայություն ունեն դասական կինոյի շերտերը, հետաքրքիր էջ է ոչ միայն Վիգեն Չալդրանյանի ստեղծագործության մեջ, այլև առհասարակ մեր ֆիլմարվեստում:
Այդօրինակ զուգախաղերն ընդունված են կինոյում վաղուց, և խոսքը բնավ ոʹչ ածանցված ֆիլմերի, ոʹչ էլ «ռիմեյքների» մասին է:
Այդպես, Ռուբեն Մամուլյանի «Երգ երգոց» կինոժապավենում հերոսներից մեկը միտումնավոր հիշեցնում է Էրիխ ֆոն Շտրոհեյմին, որ այդ ժամանակ ուղղակի վտարված էր Հոլիվուդից… Ինքը` Շտրոհեյմը, Բիլլի Ուայլդերի «Սանսեթ բուլվարում» խաղում է մի «համր» կինոաստղի (Գլորիա Սվենսոն) դռնապանի դերը, որը, սակայն, նախկինում եղել է նրան նկարահանող ռեժիսորը: Իր հերթին, երբեմնի կինոաստղն ակնկալում է դեր ստանալ Սեսիլ դը Միլից, որը չգիտի` ինչպես քաղաքավարի մերժի վերջինիս, քանի որ սկսվել է ձայնային կինոյի դարը… Եվ հոլիվուդյան խոհանոցի պատմության այսօրինակ ներկայությանն առնչվում ենք 30-ականների խաղարկային այս լավագույն ֆիլմերից մեկում: Եթե չընկալենք, թե ինչպես է ինքն իր մինչ այդ խաղացած շեքսպիրյան դերերը պարոդիայի ենթարկում` ծաղրանմանակում Լոուրենս Օլիվիեն «Արքայազնը և պարուհին» կինոնկարում, իսկ Մերիլին Մոնրոն` խաղում մի աղջկա, որը հիմարիկ և միամիտ է ձևանում, այլ ոչ թե այդպիսին է, մեզ կմնա զարմանալ, թե ինչով է արդարացված Օլիվիե մեծ արտիստի ներկայությունն այդ էժանագին սալոնային մելոդրամայում…
Վերջապես, ամերիկյան կինոկլասիկայի նմուշներից մեկը համարվող «Ուժասպառ ձիերին սպանում են, այնպես չէ՞» ֆիլմից հանդիսատեսի աչքի առաջ տառացիորեն ծնունդ է առնում Մոքսեն Մախմալբաֆի «Հեծանվորդը»… Եվ այս տեսակ սինեմատիկ շերտեր կարելի է նկատել հին ու նոր բազմաթիվ ֆիլմերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ