«ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։

Ըստ այդ տեղեկությունների, աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի և ավելի կբարձրանա։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոստիկանական համակարգում աշխատավարձերն անսպասելիորեն բարձրացնելու որոշումը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Իշխանական վերնախավում քննարկվում է այս տարի Հայաստանում զանգվածային ցույցերի հավանականությունը, և իշխող կլանի համար ոստիկանության հավատարմությունն այդ դեպքում դառնում է միակ փրկօղակը։

Նշենք, որ 2013 թվականին ՀՀ կառավարությունը կտրուկ նվազեցրեց բյուջեով նախատեսված ծախսերը և ավելի քան 60 միլիարդ դրամ «ետ գցեց»։ Դրա պատճառով, իհարկե, տնտեսությունը տուժեց, փոխարենը ոստիկանության հավատարմությունը գնելու համար որոշակի փող է կուտակվել: Այլ հարց է, թե որքան կհերիքի այդ գումարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել