Mygyumri.com-ը գրում է.

«Մեկ բացիկ=մեկ բնակարան» ակցիան այսօր ավարտվեց «happy end» վերջաբանով: Գյումրեցի երիտասարդների ջանքերն իզուր չանցան: Բացիկների վաճառքից ստացված գումարով Մուշ 2/2 թաղամասում բնակարան գնելուց, վիճակահանությամբ շահառու ընտանիքը պարզելուց հետո, այսօր հերթը բնակարանի հանձնման արարողությանն էր: Նախ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, Սբ. Յոթվերք եկեղեցու Բարեգործական ջոկատի երիտասարդները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այցելեցին Վազգեն Սարգսյան փողոցին հարակից տնակային ավանում ծվարած տնակներից մեկը, որտեղ աղքատության ծայրաստիճան պայմաններում Ալեքսանյանների 5 անդամից բաղկացած ընտանիքն իրենց բնականոն կեսընթացով ապրում էր: 25-ամյա տնակը վաղուց քայքայված եւ խարխլված դեռ ծառայում է յուր տերերին, իսկ տնակի բնակիչները լուռ սպասում այն պայծառ օրվան, երբ բնակարանամուտ կտոնեին:

Ալեքսանյանները 1988թ-ին բնակարան չէին կորցրել, քանի որ ապրել են հանարակացարանում, իսկ 88-ի աղետից հետո տեղափոխվել ժամանակավոր կացարան: Ընտանիքը երբեւէ անօթեւանի կարգավիճակ չի ունեցել, սակայն միշտ փայփայել է այն հույսը, որ մի օր իրենց առջեւ կբացի լուսավոր բնակարանի դռները:
Երբ երիտասարդները հայտնեցին իրենց գալու նպատակը եւ ազդարարեցին այդքան սպասված խոսքերը՝ «դուք արդեն բնակարան ունեք», ընտանիքի հուզմունքն ու երջանկության ապրումներն աննկարագրելի էին: 76-ամյա Եղիսաբեթ Քերոբյանի համեստ ցանկությունն էր, որ նրանց հերթական անգամ վառելափայտ տային, երբ մի քանի անգամ հարցրեցին, թե ամանորի նախրօրեին ինչպիսի՞ ցանկություն ունի, տատիկը կամացուկ ասաց բնակարան. «Պայմաններ չունենք, ան, էս է մեր պայմանները: Դժվար է, բայց ընտելացել ենք: Ան, նոր դուք ասեցիք ես էլ իմացա, հեչ տեղյակ չէի, ապրի արեւներդ»: «Շատ դժվարություններ ենք տեսել, շատ դժվար է այս պայմաններում ապրելը, գիշերները շուտ-շուտ կզարթնեի, որ երեխեքին ծածկեի, շատ ցուրտ է: Մենք անօթեւան չէինք, սկզբից անօթեւաններին կուտան: Ինչ-որ հույսի ծայր կար, որ կստանանք, չենք մնա: Հիմա անչափ ուրախ եմ, շատ, չեմ կարող արտահայտվել: Վերջապես երեխեքս քարե տուն կունենա, երեխեքս կհարցնեն, ինչի՞ է ,մամա՛ մեր տունը փոքր, ինչի՞ է ցուրտ մեր տունը, մամա՛»,-ավելացրեց Եղիսաբեթ Քերոբյանի հարսը՝ Նաիրա Աբովյանը:
Ծրագրի վերջակետը Մուշ 2/2 թաղամաս, 45 շենք, բնակարան 1 հասցեն այցելել էր, որտեղ էլ երջանիկ ընտանիքը Գերաշնորհ Տեր Միքայել եպս.Աջապահյանի առաջնորդությամբ կտրեցին խորհրդանշական ժապավենը: Մեկ բարի գործ եւս արվել էր՝ նախկին տանտերը իմանալով ծրագրի մասին, բնակարանի կահույքը նվիրել էր Ալեքսանյաններին:
«Ես կարծում եմ, որ այս ծրագիրը օրինակ պետք է ծառայի մյուսներին եւ մյուսներն էլ մտածեն այսպիսի աստվածահաճո գործ կատարել: Շատերը մեզ չհավատացին, բայց տեսան, որ ամեն ինչ հնարավոր է, իրոք հրաշալի է այս ընտանիքի եջանկությունը տեսնել: Մեր բարեգործական նախաձեռնությունները մենք շարունակելու ենք, կլինեն այլ ձեւաչափով, թե այսօրինակ, կերեւա հետագայում»,-մանրամասնեց ծրագրի մասնակից Ալբերտ Ստեփանյանը:
Գյումրեցի երիտասարդների կողմից արված բարի գործը, կարծում ենք, նոր ծիլեր կարձակի եւ իսկապես վարակիչ կլինի՝ բարին անելու, բարին արարելու պարագայում: Փոքրիկ Արտեմ եւ Նարեկ Ալեքսանյաններն այսուհետ կմեծանան քարաշեն բնակարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել