Հունվարի 28-ին, երբ ողջ Հայաստանը տոնում է ՀՀ զինված ուժերի տոնը և փառաբանում բանակը և հայ զինվորին, բնականաբար, ադրբեջանական մամուլը պետք է ողողված լինի հայկական բանակը թերագնահատող կամ, ոչ ավելի, ոչ պակաս, ադրբեջանցի զինվորների գոհքով: Փորձեմ կետերով ներկայացնել ադրբեջանական մամուլի վայնասունը հենց այսօր.


  • Առաջին լուրը, որ տարածվեց ադրբեջանական մամուլում, «հայկական դիվերսիոն խմբի անդամին» Արդբեջանի տարածքում ձերբակալելն էր: Ադրբեջանում համոզված էին, կամ հասարակությանը համոզում էին, որ ձերբակալվածը 65-ամյա դիվերսանտ է: Հետո նա դարձավ 77 տարեկան: Ճիշտ է, ՀՀ Պաշտպանության նախարարությունն անմիջապես արձագանքեց. ադրբեջանցիների տարածք մուտք գործածը ոչ թե դիվերսիոն խմբի անդամ էր, այլ հասարակ հովիվ, ով սխալմամբ էր հատել սահմանը:

  • Ադրբեջանական կայքերից մեկն, այնուհետև, հրապարակում է հարցազրույց Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ: Վերջինս, բնականաբար, խաղաղարարի տոնով հայտարարում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորում ունենա, սակայն հայկական կողմը անընդհատ խախտում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այս կերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, և կոնֆլիկտի կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելու փոխարեն անընդմեջ խախտում է զինադադարի ռեժիմը և ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններին:

  • Նույն հարցազրույցում կարծես սպառնալիքի տեսքով ասվում է, որ Ադրբեջանը պատրաստ է ամեն քայլի՝ անգամ պատերազմի միջոցով Արցախը վերադարձնելու: Ընդհանրապես, երևի արդեն 20 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանն ամեն օր կրկնում է, թե հեսա-հեսա, պատերազմ է սկսելու… եթե Ադրբեջանը պատերազմին պատրաստ լիներ, վաղուց կսկսեր, հետո էլ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե այսօր ինչպիսի ցածր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում ադրբեջանական բանակը: Այնպես որ, Իլհամի աշխատակազմի նման հայտարարությունները հեչ վախենալու չեն:

  • Ադրբեջանական բանակի մարտունակության մասին հենց այսօր որոշում է խոսել նաև Ադրբեջանի զինված ուժերի նախարարը: Ըստ նրա, ադրբեջանական բանակը կատարյալ պատրաստվածություն ունի, և նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան «հետ բերել» հայերի կողմից «օկուպացված»  ադրբեջանական տարածքները, եթե պետք է, նաև պատերազմի միջոցով:

Մեկ այլ դիտարկում. ադրբեջանական լրատվամիջոցները այսօր ողողված էին նաև հայկական մամուլում տեղ գտած լուրերով: Մեր հարևանների համար շատ լավ առիթ էր հայկական զինված ուժերի տոնի օրով հայկական բանակը ստորացնող նյութեր տեղադրելը:  Օրինակ, ադրբեջանական կայքերի լրահոսի թոփերից ցած չէր իջնում «Բանակն իրականում» նախաձեռնության և խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի բախումը ոստիկանության աշխատակիցների հետ: Սրան գրումարվեց նաև Արթուր Սաքունցի հայտարարությունը՝ հայկական բանակում տիրող խնդիրների մասին: Սրանից, անշուշտ, օգտվեցին ադրբեջանական կայքերը, քանի որ նրանց համար առիթ է պետք՝ սեփական բանակում տիրող իրավիճակը հասարակությունից կոծկելու համար, ներկայացնել, թե որքան «վատն» է հայկականը: Գոնե այդքանը հայկական կայքերը պետք է գիտակցեին ու նման բովանդակությամբ նյութեր չտեղադրեին կայքերում, որ ադրբեջանցի լրագրողներն էլ չոգևորվեին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել