Lurer.com-ը գրում է.

Հանգստյան մի օր Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։

- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։

- Ճանաչում եմ, պարո՛ն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։

- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։

Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարն ասում է.

- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։

Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։

Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.

- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։

Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..

- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։

Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է.

- Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել