Գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ : Այստեղ Ռոլեքսին մի հետաքրքիր դեպք է օգնում: Միսս Մերսեդես Գլյաիցեն մի անգամ անցնում է Լա-Մանշը, սակայն նրա այդ սխրանքը ոչ ոք չի նկատում, ուստի նա որոշում է երկրորդ անգամ անցնել և ապացուցել, իր ուժը: Թերթերից իմանալով այս լուրի մասին` Հանսն անմիջապես հանդիպում է նրան, պայմանավորվում ֆինանսավորելու հարցում, բայց մի սկզբունքով, որ նա լողալու ընթացքում պետք է կրի Rolex Oyster ժամացույցը:
Պատկերացրեք, կին, ով առաջին անգամ անցնում է Լա Մանշը` ձեռքին կրելով Rolex Oyster ջրադիմացկուն ժամացույցը: Քանի՞ թերթ է այս մասին գրելու: Նա հասավ իր նպատակին և բոլոր թերթերի առաջին էջին ձեռքերը հաղթական բարձրացրած ժպտացող Մերսեդեսն էր, իսկ ձեռքին իհարկե Rolex Oyster ժամացույցն էր, որի տակ գրված էր հետևյալ կարգախոսը` Rolex Oyster – յուրահատուկ ժամացույց, որը ձեռնոց է նետում յուրաքանչյուր խոչընդոտի: Պահպանված է խոնավությունից, ջրից, տաքությունից, փոշուց և ցրտից: Իսկ հիմա վերլուծենք:
Պահի հիանալի օգտագործում, քանի որ մեծ աղմուկ բարձրացավ, բրենդի կիրառում բուն պրոցեսում, ներկայացում բազմաթիվ թերթերում, իսկ հենց առաջին էջերում բրենդի խոստման ու առավելությունների ներկայացում, ինչպես նաև նրա կրողի հաջողությունը: Ցնցող համադրություն: Սա իսկական աղմուկ էր, որն էլ համարվում է Rolex-ի պատմության մեջ ամենահաջողված գովազդային արշավներից մեկը: Իսկ այս ամենի համար Հանս Վիլսդորֆը ծախսեց ընդամենը 1600 ֆունտ:
Այդ պահից սկսած` ընկերությունը սկսում է ֆինանսավորել էքստրեմալ սպորտաձևերը, որը մինչև այսօր մենք տեսնում ենք Euronews-ով, որտեղ առկա է Rolex-ի հատուկ թողարկումը: Այս առումով բրենդը դիրքավորված է որպես ամենավստահելի ու դիմացկուն ժամացույցը:
Շուտով երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Rolex-ը բոլոր բրիտանացիների օդաչուներին խոստացանում է անվճար վերադարձնել նրանց ժամացույցները, եթե այն վերցնեն գերմանացիները: Այս քայլից հետո ընդհանրապես բրենդի նկատմամբ ազգային վերաբերմունքը փոխվում է անգլիացիների մոտ և այն նրանք համարում են հարազատ արիստոկրատիային:
Rolex-ի հաջողության մյուս գրավականն այն էր, որ այստեղ շատ խիստ են հետևում ստանդարտներին` բոլոր դետալները պետք է լինեն նույն չափսի, խոտան ընդհանրապես չպետք է լինի, ներքին պահեստամասերը պետք է ստուգվեն մի քանի տասնյակ անգամ բոլոր ծանր պայմաններում` արևի տակ, խորության մեջ, ցրտին, փոշու մեջ և այլն: Այս փորձություններն անցնելուց հետո նոր միայն ժամացույցը պետք է վաճառքի հանվի: Մինչև հիմա արտադրվել է մոտ 10 մլն հատ Rolex, որոնք էլ անցնում են այս բոլոր պրոցեսներով: Ընկերության ռազմավարությունում կա մի սկզբունք, որը կոչվում է արհեստական դեֆիցիտի ստեղծում, այսինքն նրանք մտածված շատ չեն արտադրում, քանի որ մասսայական, նշանակում է ցածր գին: Ուստի Ռոլեքսի արտադրությունը չպետք է գերազանցի տարեկան 800 հազ. հատը:
Դրա համար ընկերությունը քիչ քանակությամբ է արտադրում, ստեղծում է դեֆիցիտ և բարձր պահում ժամացույցների բարձր գները: Ինձ երբևէ հանդիպած միակ լյուքս բրենդն է, որն իր միլիոնավոր քանակությամբ արտադրվելուց հետո կրկին ցանկալի ու թանկ է բոլորի համար:
Վիլսդորֆի ժամացույցը դասական չէր և զգալի տարբերվում էր Շվեյցարական ժամացույցներից, որոնք նույն տեսքով թողարկվում էին արդեն 200 տարի: Իսկ ո՞րն էր դասական ժամացույցը: Vacheron Constantin, Patek Philippe, Blancpain կամ Breguet, որոնք ունեին ոսկե տուփ, կաշվե ամրան, սպիտակ-սև ներքին թվային համակարգ: Rolex-ը սկզբում այդպիսին չի եղել, նա չուներ կաշվե ամրան, այլ մետաղյա էր, ներսի մասը երբեք սև, կամ սպիտակ չէ, այլ տարբեր երանգների: Rolex-ը պարտադիր ուներ իր ժամացույցի ձևը, որը փոփոխման ենթակա չէր, ուստի շատ դժվար է տարբերել, թե տվյալ Ռոլեքսը որ թվականին է արտադրվել:
Բոլոր Ռոլեքսի խանութներում պարտադիր պետք է կանաչ ֆոնի վրա երևա թագը, որն այս բրենդի խորհրդանիշն է: Եթե խանութը քաղաքի մարդաշատ ու լավ մասերում չէ, ապա այնտեղ Ռոլեքսը խուսափում է ներկա լինել: Ընկերությունը խստիվ արգելում է նաև իր բրենդն օգտագործել այլ ապրանքների վրա, այսինքն Ռոլեքսը միայն ժամացույց է և վերջ: Ըստ ավանդույթի, Ռոլեքսի գործարանը ոչ մի ժամացույցի վրա զեղչ չի անում, անկախ նրանից, թե ինչքան քանակությամբ է պատվիրվում և քանի տարի է առկա համագործակցությունը, ընդունված գինը մնում է մինչև վերջ:
Ինչ եք կարծում, Ռոլեքսը միայն ժամացու՞յց է: Այո, բայց ոչ միայն, այն ուղղակի ստատուս է, քանի որ գովազդում ասվում էր` Ռոլեքսը չի փոխում աշխարհը, աշխարհը փոխում են նրանք, ովքեր կրում են այս ժամացույցը: Եթե մարդկանց հարցնենք, թե ինչով է Ռոլեքսը տարբերվում մնացած ժամացույցներից, գրեթե ոչ ոք չի ասի այնպիսի բան, որը մյուսները չունենան: Ուղղակի այս բրենդն ունի իր տեղը մեր ենթագիտակցության մեջ, որպես ամենաթանկ ու շքեղ իր, որը ցանկալի է մեզ համար: