Շատ հետաքրքրական են Ֆրանսիայի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ արված Ֆրանսուա Օլանդի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երկկողմ հայտարարությունները՝ կապված հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի՝ Ֆրանսիայի կողմից ընդունման և Թուրքիայի կողմից պատմական արխիվները բացելու պատրաստակամության մասին: Այն, որ տարիներ շարունակ Թուրքիան հայտ է ներկայացնում Եվրամիությանը անդամակցելու համար և մինչ օրս էլ իր տնտեսական-քաղաքական շահերից ելնելով շարունակում է կարևորել Եվրամիությանն անդամակցելու գործոնը, դա փաստ է, սակայն արդյո՞ք իսկապես Թուրքիան պատրաստ է հայոց ցեղասպանության փաստը ընդունել հանուն իր եվրաշահերի:
Տարիներ շարունակ համաշխարհային գործընթացներում Թուրքիան ցուցաբերել է բացահայտ մերժողականություն, ավելին, հետապնդվել և ազատազրկրվել են բոլոր այն թուրք գործիչներն ու գրողները, ովքեր կողմ են արտահայտվել հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ուստի թուրքական քաղաքականության այսպիսի ֆոնի վրա, շատ կասկածելի են դառնում այժմ ընթացող գործընթացները: Կամ Թուրքիան դիվանագիտական խաղ է սկսում և արխիվների ուսումնասիրման ժամանակահատվածում ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Եվրամիությանն անդամակցելու առումով: Կամ սա ֆրանսիական դիվանագիտություն է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու մերժումն արդարացնելու համար: Ինչևիցե, այժմ Հայաստանի համար ստեղծվում է բավականին բարենպաստ քաղաքական իրավիճակ 100-ամյա տարելիցին ընդառաջ հարցը լրիվ նոր քաղաքական հարթակ տեղափոխելու համար և ամեն ինչ կախված է հայկական կողմի ճիշտ դիվանագիտական-քաղաքական քայլերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/227316470785297?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել