Սիրելի թոռնի՛կ,
Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։ Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակների կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ, որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն, ի դեպ, շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ, ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի (եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։
Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես, և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի օրինակ դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ[1], ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ, լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս (մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։

Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը »։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլոք)։
Բանավեճի մեջ մտիր կարդացածդ գրքերի կապակցույթամբ (Ո՞վ կար Հիսպանիոլա նավի վրա գանձերի կղզին որոնելիս․ պարոն Տրելոնի, նավապետ Սմոլլետ, բժիշկ Լիվսի, Երկարահասակ Ջոն Սիլվեր, Ջիմ․․․)։ Տե՛ս արդյոք ընկերներդ կհիշե՞ն, թե ովքեր էին երեք հրացանակիրների և Դ՛Արտանյանի աղախինները (Գրիմո, Բազեն, Մուսքըթոն և Պլանշե)․․․ Իսկ եթե չուզենաս կարդալ «Երեք հրացանակիրները» (և չիմանաս ինչ վերցնել կարդալու) նույն բանն արա, օրինակ այն պատմվածքների միջոցով, որոնք արդեն կարդացել ես։
Թվում է, թե ընդամենը խաղ է (ու իսկապես խաղ է), բայց կտեսնես թե ինչպես գլխումդ մշտական բնակություն կհաստատեն կերպարներ, պատմություններ, ամեն տեսակի հուշեր։ Քեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մի ժամանակ համակարգիչները կոչվել են էլեկտրոնային ուղեղներ։ Որովհետև դրանք ստեղծվել են քո (կամ մեր) ուղեղի օրինակով, բայց մեր ուղեղը համակարգչից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի․ այն համակարգչի նման մի բան է, որն ունակ է քեզ դեպի ետ տանելու, և այն մեծանում է վարժանքի արդյունքում, մինչդեռ սեղանիդ դրված համակարգիչը, որքան օգտագոծես, այնքան կկորցի իր արագությունը և մի քանի տարի հետո ստիպված կլինես փոխել այն։ Իսկ ուղեղդ կարող է մինչև իսկ իննսուն տարի հարատևել (եթե վարժություններդ չդադարեցնես, իհարկե) և իննսուն տարեկանում այն ավելի շատ բան կհիշի, քան այսօր։ Եվ այս ամենը կլինի անվճար։

Հետո գոյություն ունի պատմական հիշողություն ասվածը։ Խոսքը քեզ հետ պատահած իրադարձությունների կամ կարդացածդ փաստերի մասին չէ, այլ այն բաների, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց էլ դեռ շատ առաջ։

Այսօր, երբ կինոթատրոն ես գնում, ստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնել, երբ ֆիլմը սկսվում է, ու հենց որ սկսվում է, կարող է գտնվել մեկը, ով, օրինակ, ձեռքիցդ կբռնի ու կպատմի, թե ինչ է լինելու։ Իմ ժամանակներում, կարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոն, այսինքն,՝ ֆիլմի կեսից , երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցել, ու մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ էր դրանից առաջ եղել (հետո, երբ ֆիլմը նորից էր սկսվում, նայում էինք, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել, թե ոչ։ Բացի դրանից, եթե ֆիլմը քեզ դուր էր եկել, կարող էիր մնալ և նորից այն նայել` նույնիսկ այն, ինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանք, երբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, և շատ կարևոր է գիտենալ այն, թե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ․ որն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը։

Հիմա դպրոցը (բացի քո անձնական ընթերցանությունից) պետք է քեզ սովորեցնի մտապահել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցը, կարծես թե, թերանում է, քանի որ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ այսօրվա երեխաները, նույնիսկ ավելի ավագները, որոնք արդեն համալսարան են գնում, ծնված լինելով 1990 թվականին, չգիտեն (կամ չեն ցանկանում իմանալ) այն, ինչ տեղի է ունեցել 1980թ․-ին ( էլ չեմ խոսում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել հիսուն տարի առաջ)։ Վիճակագրության համաձայն՝ ո՞վ է եղել Ալդո Մորոն հարցին, երիտասարդերի մեծ մասը պատասխանում է, որ վերջինս Կարմիր ջոկատների ղեկավարն է եղել, մինչդեռ նրան սպանել են հենց Կարմիր ջոկատների անդամները: Մի կողմ դնե՛նք Կարմիր ջոկատները, դրանց հետ կապված դեռ շատ առեղծվածներ կան, չնայած որ մոտ երեսուն տարի առաջ նրանք դեռևս մեր ներկան էին։ Ես ծնվել եմ 1932-ին, ֆաշիզմի իշխանության գալուց տասը տարի հետո, բայց ես գիտեի անգամ, թե Հռոմի Երթի ժամանակ ով է եղել վարչապետը (չգիտե՞ս՝ ինչի մասին է խոսքը)։ Գուցե ֆաշիստական դպրոցն ինձ այդ մասին ասել է, համոզելու համար, թե որքան հիմար ու վատն էր այդ վարչապետը («Խաղաղասեր Ֆակտան» [2]), որին ֆաշիստները մեծահոգաբար փոխարինեցին։ Եվ հետո, դպրոցը մի կողմ դրած, այսօրվա երիտասարդները չեն ճանաչում անգամ քսան տարի առաջվա կինոդերասաններին, մինչդեռ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որը խաղում էր համր ֆիլմերում իմ ծնվելուց քսան տարի առաջ»։ Պատճառն այն է, որ ես թերթում էի մեր տան պահոցում իրար վրա լցված հին թերթերի կույտը։ Ուզում եմ քեզ նույնպես կոչ անել թերթելու հին ամսագրերը, որովհետև սա հիանալի միջոց է իմանալու շատ բաներ, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց առաջ։
Կհարցնես, թե ինչու է ինձ համար այդքան կարևոր իմանալ այն, ինչ կատարվել է վաղուց։ Որովհետև այն, ինչ կատարվել է անցյալում, քեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում հիմա, և ամեն դեպքում ինչպես ֆուտբոլիստների թիմերի դեպքում, սա ևս մեր հիշողությունը հարստացնելու մի ձև է։
Լավ իմացի՜ր, որ այս ամենը չես կարող անել միայն գրքերով և ամսագրերով, սրա համար լավագույն միջոցներից է նաև Համացանցը։ Վերջինս նախատեսված է ոչ միայն ընկերների հետ խոսելու համար, այլ նաև աշխարհի պատմության հետ, այսպես ասած, երկխոսելու համար։ Ովքե՞ր էին Հիթիթները։ Իսկ կամիսարդնե՞րը։ Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք կարավելլաները։ Ե՞րբ են անհետացել դինոզավրերը։ Նոյյան տապանը ղեկ կարո՞ղ էր ունենալ։ Ինչպե՞ս են անվանում ցլի նախատիպին։ Սրանից հարյուր տարի առաջ ավելի շա՞տ վագրեր կային։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում Մալիի կայսրությունը։ Իսկ ո՞վ էր խոսում Չարի կայսրության մասին։ Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը։ Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը։

Այս հարցերն անվերջ են, իսկ դրանց պատասխանների որոնման բոլոր արկածներն ուղղակի անկրկնելի կլինեն։ Այս ամենն իսկապես հիշարժան է։ Կգա մի օր, երբ դու արդեն ծեր կլինես ու կկարծես, թե հազար կյանք ես ապրել, քանի որ քեզ կթվա, թե ներկա ես եղել Վաթերլոուի ճակատամարտին, մասնկացել ես Հուլիոս Կեսարի սպանությանը և մոտ ես եղել այն վայրին, որտեղ Բերտոլդ Շվարցը հավանգի մեջ խառնելով նյութերը, փորձում էր գտնել ոսկի ստանալու հնարը և սխալմամբ բացահայտեց վառոդը ու թռավ օդ։ Քո մյուս ընկերները, ովքեր չեն աշխատի իրենց հիշողության վրա, կապրեն միայն մեկ կյանք` իրենց կյանքը, որը պետք է որ շատ տխուր լինի ու մեծ հույզերով ոչ լի։
Կերտիր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգիր սովորիր «Կայտառ Թերեզան»։[3]

[1] Իտալերենում diversamente abile մեղմասածությունը, որը բառացիաբար «այլ կերպ ունակ» է թարգմանվում, կիրառվում է հաշմանդամ բառի փոխարեն
[2] Խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Լուիջի Ֆակտայի մասին է, որին այդպես էին կոչում իր վարած չեզոք քաղքականության պատճառով։ (1922թ․-ի 26 փետրվար- 1922թ․-ի 1 օգոստոս)
[3] Իտալական ժողովրդական մանկական ոտանավոր։


Թարգմանությունը իտալերենից` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել