ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոները ևս մեկ առիթ են անդրադառնալու տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած իրադարձություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 28­-ին նախորդող օրերը սահմանագծում իրավիճակը բավականին լարված էր, իսկ հունվարի 19-ի՝ լույս 20­-ի գիշերը ադրբեջանական դիվեսիոն խմբերը բավականին ակտիվ էին, ապա առավել կենտրոնանանք մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների վրա:

Որպես կանոն, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայության վերաբերյալ հասարակությունը հիմնականում տեղեկատվություն է ստանում տարբեր միջադեպերի ժամանակ: Ճիշտ է` լրատվական կայքերում և հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում հաճախակի կարելի է հանդիպել մարտական դիրքերում պատրաստված բավականին հաջողված ռեպորտաժների, սակայն դրանք ամբողջությամբ չեն արտացոլում դիրքապահների այն ապրումներն ու զգացողությունները, որոնք վերջիններս ունենում են մարտական հերթապահության ժամանակ:

Մենք հաճախ խոսում ենք դիրքապահների սխրանքների մասին, երբ սահմանագծի որևէ հատվածում միջադեպ է գրանցվում, սակայն շատ հաճախ չենք անդրադառնում այն դիրքապահներին, ում զգոն ու պատասխանատու գործողությունների շնորհիվ հակառակորդը կամ խուսափում է ագրեսիայի դրսևորումներից կամ օպերացիայի հենց սկզբում ձախողվելով` հետ նահանջում:

Հայկական բանակի անձնակազմի 1/3­ը մշտապես գտնվում է մարտական հերթապահության մեջ` բավականին ծանրաբեռնված գրաֆիկով` անմիջապես իր վրա կրելով Ադրբեջանի ռազմա­քաղաքական ղեկավարության քաղաքականության բացասական պտուղները` դիվերսիոն գործողությունների, դիպուկահար խմբերի ակտիվության և ադրբեջանցի դիրքապահների կրակահերթերի ձևով:

Դիրքապահների բարձր պատասխանատվության և զգոնության գինն այն հարաբերական խաղաղությունն է, որը վայելում են մեր քաղաքացիներ: Դիրքապահների ծառայությունը չպետք է չափել միայն դիվերսիոն գործողությունների ընթացքում անձնակազմի ցուցաբերած սխրանքներով:

Ցանկացած զինծառայող, ով նույնիսկ առիթ չի ունենում հետ մղելու համ հակահարված տալու հակառակորդի գրոհային խմբերին, արժանի է այն հարգանքին, որին պետական սահմանը հատելու փորձ կատարած դիվերսանտին ոչնչացնողները, քանզի երկու դեպքում էլ զինծառայողներն իրականացնում են իրենց պարտքը` կանխարգելել կամ կասեցնել հակառակորդի ագրեսիվ գործողությունները:

Վաղուց ժամանակն է, որ պետությունը զինվորական ծառայությունից հետո, գնահատելով մարտական հերթապահություն անցած զինծառայողների բարձր գիտակցությունն ու անձնվեր ծառայությանը, հատուկ պայմաններ սահմանի նման քաղաքացիների կրթական (կրթական առումով բավականաին արտոնություններ են սահմանված) ու աշխատանքային պայմանների ապահովման հարցում:

Բանակը պետք է գտնվի հասարակության անկեղծ հոգատարության ներքո, քանզի նա այն առանցքային կառույցն է, որը երկրի անվտանգությունն ապահովելուց զատ գիտակից քաղաքացիներ է դաստիարակում ու վերադարձնում հասարակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել