«Երեկ խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Մեղրիի մաքսակետում 23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։ Դիզվառելիքը ներկրող գործարարները մաքսավորներից պահանջել են պաշտոնապես հիմնավորել և գրավոր տրամադրել բեռը չմաքսազերծելու պատճառները, որպեսզի կարողանան դիզվառելիքը տեղափոխել այլ երկիր կամ ետ տանել։ Սակայն մեր մաքսավորները չեն հիմնավորում։ Անձնական զրույցներում մաքսավորները նշում են, որ իրավական տեսանկյունից որևէ պատճառ չկա, բեռը չմաքսազերծելու և իրենց գործողությունները բացատրում են բոլորովին այլ՝ ոչ իրավական դրդապատճառներով։

Երեկ մենք բազմաթիվ փորձեր արեցինք կապվել մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան հետ, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ ներկրված իրաքյան դիզվառելիքը մեր գործարարների միջև բաշխած «քվոտաներից» դուրս է։ Դրա ներկրումը համաձայնեցված չի եղել իշխանության հետ. այդ իսկ պատճառով բեռը չի մաքսազերծվում։ Իրաքից ներկրվող դիզվառելիքի ինքնարժեքը բավականին ցածր է և եթե դրա մուտքը Հայաստան չխոչընդոտվի, ապա դիզվառելիքի գինը ներքին շուկայում կնվազի, ինչը, իհարկե, ձեռնտու չէ վառելիք ներկրող ներկայիս խմբավորումներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել