Hayeli.am-ը գրում է.
Հարցազրույց <<Արաբո>> ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:
Պարո՛ն Եղիազարյան, հունվարի 28-ին հայոց բանակի օրն է: Շնորհավորում եմ Ձեզ այդ կապակցությամբ: Հայոց բանակի կազմավորման հիմքում արցախյան ազատամարտի մասնակիցներն ու նրանց կերտած հաղթանակներն են: Սակայն պատերազմի ավարտից հետո ազատամարտիկները տարբեր ճակատագրեր ունեցան. ոմանք կարողացան հաջողված կարիեիա ապահովել իրենց համար, ոմանք էլ, այդ թվում նաև Դուք, հայտնվեցիք բանտում: Բանտից հետո էլ Ձեր անհաշտությունը կարծես թե չի ավարտվել: Ինչպե՞ս եղավ, որ պատերազմից հետո ռազմի դաշտում հաղթանակած ազատամարտիկները չգտան իրենց տեղը:
Սկսենք հետևյալից. մենք չպետք է մոռանանք, որ արցախյան հաղթանակը դա մեր ազգի հավաքական հաղթանակն է եղել: Այսօրվա իրավիճակը պահանջում է, որ ազատամարտիկներս քաղաքացիական կյանքում ևս մեր վարքով, պահվածքով նույնքան կայուն լինենք, որքան պատերազմի ժամանակ, մենք պետք է հիշենք, որ երիտասարդ սերունդը, բանակում, սահմանին կանգնած զինվորը մեզանից է սովորում հայրենասիրություն: Մենք պետք է հիշենք, որ հայրենիքը երբեք չի դավաճանում, դավաճանում են հայրենիքին: Հայրենիքի հետ հարաբերությունները երբեք պետք չէ շփոթել այն մարդկանց հետո հարաբերություններով, ովքեր այսօր կանգնած են իշխանության ղեկին: Բանակի օրը մեր տոնն է, շնորհավորում եմ բոլորին, իմ մարտական ընկերներին, սոված, ծարավ ու ընկճված մեր տղերքին: Ես ուզում եմ նրանց ասել. <<Դուք, տղե՛րք, պարտավոր եք ոգի առնել՝ հայրենիքը կերտելու համար: Դեռ չի ավարտվել մեր գործը: Ես գիտեմ, որ ձեզ համար շատ դժվար է, բայց անգամ այս վիճակում դուք պարտք ունեք տալու, պարտավոր եք պահել մեր ազգի պատիվը: Մենք պարտավոր ենք ցույց տալ աշխարհին, որ մենք հայ ենք և մեզ ոչ մի պակասություն չի կարող կոտրել: Հնարավոր է, որ մի քիչ նեղվեցինք, ես տեսնում եմ, որ նեղված եք, տղե՛րք, բայց հիշե՛ք՝ դուք եք ազգային ինտելիգենցիան: Այո՛, դուք եք, որովհետև սոված, ծարավ ու տանջված՝ չեք մոռանում ձեր հայրնեիքը>>: Ինտելիգենտը նա չէ, ով գեղեցիկ երգում կամ նկարում է, վարժ խոսում է օտար լեզուներով, ինտելիգենտը նա է, ով հայրենիքի օրհասական օրերին, դժբախտության, ուրախության, պատերազմի, նեղության ու լիության պահին չի կորցնում իր տեսակը ու կաշի չի փոխում: Իմ մարտական ընկերները այդպիսին են, գրե՛ք նրանց համար այս տողերը, խնդրում եմ:
Դուք շատ տխուր արտահայտություն օգտագործեցիք տղերքի համար՝ սոված, ծարավ ու ընկճված… Շատ վատ է, երբ հայրենիքի զինվորը այդ վիճակում է:
Իմ ասածն էլ հենց դա է, բայց հայրենիքը սրա հետ կապ չունի, հայրենիքը մեղավոր չէ: Կան մի խումբ մարդիկ, ովքեր խմում են մեր ազգային ծուծքը, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է հանձնվենք: Իմ ընկերները չպետք է լռեին, նրանք պատերազմից հետո պիտի դառնային ավանգարդ՝ հասարակության, բանակի, նորակոչիկի ու պատանու համար: Նրանք պետք է դառնային խորհրդանիշ մեր վաղվա օրվա համար: Հասարակությունը պիտի հասկանա, որ իմ ընկերները ոչինչ չէին ուզում, հիշե՛ք՝ նրանց ձեռքը զենք կար, նրանք կարող էին դրանով փող աշխատել, կարող էին թալանել, ինչպես այսօր շատերն են անում: Մեկը ես՝ իմ տրամադրությոն տակ եղել է զենք և զորք, ուժ, ես կարող էի այն փողի վերածել: Բայց ես չեմ թալանել: Ինչո՞ւ, որովհետև ես ու իմ տղաները գիտակցել ենք, որ մենք նախ հայրենիք պիտի կառուցենք, մեզ այլ բան չէր հետաքրքրում: Իսկ մարդիկ կան, որ խոտոր ու սրիկա ճանապարհով խմում են հայրենիքի արյունը, հայրենիքին նայում են որպես լեշ, որն իրենք անխնա հոշոտում են: Մենք հայրենիքին նայում ենք որպես մատուռի, իրենք՝ որպես կերամանի:
Ո՞ւմ նկատի ունեք, անուններ ինչո՞ւ չեք նշում:
Մեր ժողովուրդը դրանց բոլորի անունները շատ լավ գիտի, օր ու գիշեր բոլորի անուններ էլ տալիս է՝ գնացեք մի քիչ կանգնենք կանգառներում, քայլեք փողոցներում, բոլորի անուններն էլ կլսեք: Ես չեմ ուզում իրենց անունը տալ, ամոթ է՝ մեզ վայել չի: Մեր տարաբախտ ու դժբախտ հայրենիքը ընկել է այս գիշատիչ ձրիակերների ձեռքը:
Մենք բոլորս, այդ թվում նաև Դուք, որտեղ վրիպեցի՞նք, ե՞րբ բաց թողեցինք պահը:
Մենք վրիպեցինք այն ժամանակ, երբ բաց թողեցինք <<կանտրոլը>> բոլոր տեսակի իշխանավորների նկատմամբ: Մենք հավատացել ենք, պիտի չհավատայինք, մենք վստահել ենք, պիտի չվստահեինք: Մենք մեզ համոզել ու ինքնախաբեությամբ ենք զբաղվել, թե այսօր լավ կլինի, վաղը լավ կլինի… ու մինչև էս պահը լավ չի լինում: Մենք իրավունք չունենք սպասելու՝ պիտի քայլ անենք:
Որքանով տեղյակ եմ՝ ազատամարտիկների խումբ կա, որ հաճախակի հավաքվում է, քննարկում որոշ հարցեր: Դուք ևս մասնակցում եք այդ հավաքներին: Կա՞ որոշակի ծրագիր, ի՞նչ եք պատրաստվում անել:
Հենց այսօր հավաքվել էինք հրամանատարներով ՝մի 80-100 հոգի կլինեինք: Այդ հարցն էինք քննարկում՝ ի՞նչ անել: Նորից ենք հավաքվելու, մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում միանալ մեզ: Երբ որ ընդհանուր բոլորս միասին որոշենք, թե ինչ քայլի ենք դիմելու, բնականաբար կներկայացնենք հանրությանը: Հայրենիքն ենք կորցնում, իրավունք չունենք լռելու: Ծիծաղելի է, բայց անգամ դահլիճ գտնելու հետ կապված դժվարություններ ենք ունենում, բայց ոչինչ, կկարգավորենք: Ամեն կիրակի հավաքվում ենք: Բացի մարտական ընկերներից, մեր շարքերը պիտի համալրեն նաև երիկրը սիրող հայորդիներ: Թող մեզ միանան բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են, որ իրենց երեխաները ապրեն ազատ հայրենիքում, և չվախենան, որ Երևանի կենտրոնում ինչ-որ մեկի լկտի լակոտը իրեն ոտնատակ կանի: Մենք պիտի վստահ լինենք, որ մեր երեխաները մեր երկրում պրոբլեմ չեն ունենալու: Այսօր մենք ու մեր երեխաները պրոբլեմ ունենք:
Մեր երեխաները ճակատագիր են որոնում արտասահմաններում՝ աշխատանք չունեն, հացի խնդիր են ուզում լուծել դրսերում, ուզում են լավ ապրել: Այստեղ չեն կարողանում այդ հարցերը լուծել: Լավ, չհասկացա, ո՞նց է լինում, որ ես ու իմ նման լիքը տղերքը չեն կարողանում ոչ մի տեղ աշխատել, իսկ որոշ մարդիկ միլիարդներ են կուտակում: Լափում են, լավ բայց մինչև ե՞րբ: Հասկացե՛ք, երբ որ մարդ՝ տղամարդը, չի կարողանում իր տունը ջեռուցի, տաքացնի, լույսի ու գազի փող չունի, դա արդեն վերջն է: Մենք պարտավոր չենք այս ամենը հանդուրժել, մենք իրավունք ունենք իջնել փողոց և պահանջել արժանապատիվ կյանք: Ես հույս ունեմ, որ մեզ կմիանան ազնիվ մարդիկ:
Ձեր կարծիքով՝ ձեզ կհաջողվի մեծ զանգվածների համախմբել, որովհետև դա Հայաստանում այսօր կարծես թե խնդիր է, առավել ևս, որ ազատամարտիկների մեծ բանակ կա, որը կանգնած է իշխանության կողքը:
Կան մարդիկ, նաև ազատամարտիկներ, ովքեր մի երշիկով խաբվում են՝ երշիկը ցույց են տալիս, ոտքերը թուլանում են: Նրանք կարծում են, թե իրենց երեխային միշտ երշիկ ու հաց են տալու: Ո՛չ, չի լինի նման բան, հենց մեր հարցերը լուծեցին, բոլորիս երեխաներին էլ մոռացության են տալու: Սրանք իրենց համար կամակատարներ են ստեղծել, դհոլներ նվագողներ, բանսարկուների մի ողջ բանակ: Ցավալի է, որ ազատամարտիկների մեջ էլ այդպիսիք կան, որոնք մի հատիկ երշիկով իրենց անցած ուղին, իրենց մարտական ընկերությունը, իրենց թափած արյունը կվաճառեն:
Մարտի դաշտում տղերքը կարծես թե հիմնականում միասին էին, ինչո՞ւ պատերազմից հետո այդքան տարբեր ստացվեցին նրանց ճակատագրերը:
Պատերազմից հետո ամեն մարդ իրավունք ունի իր ճանապարհն ընտրելու: Դա նորմալ է: Բոլորի գնահատականը պիտի հանրությունը տա, ճիշտ չի լինի, որ ես ասեմ: Գիտեք՝ ոմանք ասում են՝ բա մենք էլ մեր գոյությունն ենք պաշտպանում: Որ մենք էլ սոված մնանք, դրանից Ձեզ ի՞նչ օգուտ: Դա իրենց գործն է՝ այդպես են որոշել, թող այդպես ապրեն: Բայց դա չի նշանակում, թե այդ մարդիկ իրավունք ունեն վարկաբեկելու այն տղաներին, ովքեր որոշել են իրենց հարցերը լուծել հայրենիքի կայացման ճանապարհով: Ես էլ կարող եմ իմ հարցերը լուծել, ինչո՞ւ եք կարծում, թե չեմ կարող: Բայց արդյո՞ք իմ հարցերի լուծմամբ իմ հայրենիքը կայնալու է, եթե ոչ, այդ լուծումն ինձ պետք չէ: Ես չեմ կարող գնալ ու ինչ-որ մեկին ասել՝ ինձ փող տուր ես բուժվեմ, փող տուր ես հաց առնեմ: Մի քանի հոգու միլիարդներ է հասնում, իսկ ազատամարտիկին ի՞նչ պիտի տան՝ մի կտոր հաց ու լույս, մի կտոր հագուստ՝ էդ էլ չեն տալիս: Էդ միլիարդատերերը պիտի հասկանան, որ իրենք էն ժողովրդի դասին են պատկանում, որը հազար տարի երկիր չի ունեցել, մոնղոլների ու սելջուկների թրի տակ ծառա են եղել: Իշխանությունը մի խնդիր ունի՝ նորմալ երկիր ստեղծել, քիչ գողանալ: Իսկ էսօր իրենք դրել ու հաղթանակ տարած, երկրի համար կռված զինվորի արժանապատվությունն են սպանում: Ես չեմ ուզում, որ իշխանությունը իմ ժողովրդից, մեր երեխաներից փող գողանա, հետո ինձ դրանով լավություն անի:
Պարո՛ն Եղիազարյան, Հայաստանի այսօրվա նախագահը, պաշտպանության նախարարը, նախկին նախագահը, բոլորն էլ պատերազմի բովով անցած մարդիկ են ու կռվող տղաների գործի արժեքը պետք է որ բարձր գնահատեն: Դո՞ւք քննարկել եք Ձեր նշած հարցերը նրանց հետ:
Գիտե՞ք, մարդիկ որ հարստանում են, հատկապես երբ միանգամից են հարստանում, իրենց մտածելակերպը փոխվում է: Նրանց պետք չեն ազատամարտիկներ, նրանց պետք են խելոք ու հարմարվող, այս կամ այն գործի մեջ թաթախված մարդիկ, որ հեշտ կառավարելի լինեն: Նրանք ըմբոստներին չեն սիրում: Ըմբոստին ղեկավարելու համար քո նախագահդ էլ պիտի ըմբոստ լինի. ըմբոստ՝ թալանի, գողության, բանսարկության դեմ: Այսօր Հայաստանը ստուկաչի երկիր են սարքել: Իսկ եթե ազատամարտիկները իրենց հանկարծ մի քիչ լավ զգան, խոսքը նորմալ ազատամարտիկների մասին է, հանկարծ կխառնվեն քաղաքականությանը, իսկ նրանց վրա ազդելը դժվար է, իշխանությունը խնդիր կունենա: Դրա համար էլ ազատամարտիկներին տեղ չեն տալիս: Մախատը պարկի մեջ երկար չես պահի:
Իշխանության վրա ազդելու եղանակներից մեկն էլ ընտրություններն են: Դուք առաջադրվել էինք վերջին խորհդարանական ընտրություններում, բայց չհաղթեցիք…
Ես, առանց որևէ լումա ծախսելու, մի քանի հազար ձայն ստացա: Երբ որ իրենք իմ դեմ ՕԵԿ-ի Հեղուշին ու Բելաջիոյի Գրիշին են դնում, ու իմ ժողովրդից գողացած փողերը բաժանում են իմ ժողովրդին, որ իրենք անցնեն… Դե, ժողովուրդն ի՞նչ անի, մարդիկ հացի խնդիր են լուծում… բայց ո՞վ են իրենք, ո՞ւմ են դնում իմ դեմ: Ախր տիկի՛ն Հեղինե, ես գնացել քո ու քո երեխեքի համար կռվել եմ,արյուն եմ թափել: Բա դու, Բելաջիո՛, արա՛ Գրիշ, չե՞ս ամաչում: Հլա դու տես՝ ո՞ւմ են դրել իմ դեմ, ո՞ւմ միջոցով են փող խաղացնում: Եթե այդ ուռած գլուխներն արժանի էին, թող ժողովուրդն արդար, առանց փողի ձայն տար: Կարող է էդ ամեն ինչն իրենց համար շատ սովորական բան է, բայց ինձ համար դա վիրավորական է ՝շա՜տ: Թող իմանան, որ մեր երեխաներից խլած փողերը, որ որպես կաշառք բաժանեցին, մենք իրավունք ունենք ստանալու: Բանը բանից անցել է, ի՞նչ ասեմ: Մենակ կիշկեքը լիքը լինի՝ էդ է քո իշխանությունը:
Ամեն դեպքում, եթե նորից, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, կգնա՞ք կռվելու:
Անպայման գնալու ենք՝ ես ու իմ տղան հաստատ: Իմ տղան Ռուսաստանում է, ես իրեն չեմ կանչելու, բայց ինքը կգա ու կկանգնի իմ կողքը, որովհետև իմ գենն է կրում, չի կարող ուրիշ բան անել: Իմ քույրերի երեք տղաները այս պահին բանակում են: Բայց էս անգամ իրենց էլ եմ տանելու՝ եթե պատորազմ սկսվի, ավտոմատը վերցնելու եմ ձեռքս, բոլոր թալանողներին գցեմ առաջս ու տանեմ առաջին գիծ՝ կռվելու: Էս անգամ իրենք էլ են կռվելու, չեն փախչելու :
Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի