Operativ.am-ը գրում է.

Օրերս Լոնդոնի «Չելսիից» հեռացավ երկրպագուների կողմից սիրված իսպանացի կիսապաշտան Խուան Մատան, ով Ժոզե Մոուրինյոյի վերադարձից հետո կորցրեց տեղը հիմնական կազմում: Մոուրինյոյի կարիերայի ընթացքում, սակայն, Մատան միակը չէ, որ նման բախտի է արժանացել:

«Չելսի». Մարսել Դեսայի

«Չելսին» առաջին անգամ գլխավորելուց հետո Մոուրինյոն անմիջապես ցույց տվեց, թե ով է գլխավորը: Նա վաճառքի հանեց թիմի առաջատարներից մեկին՝ Մարսել Դեսայիին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստների, որոնք երկրորդական դեր չէին կատարում թիմում: Պարզ էր, որ Մոուրինյոն պատրաստվում է նոր թիմ կառուցել երիտասարդ անգլիացիների և իր հետ «Պորտուից» եկած պորտուգալացիների շնորհիվ:

«Չելսի». Անդրեյ Շևչենկո

«Չելսին» առաջին անգամ գլխավորելու տարիներին Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր ձախողումներից մեկը «Միլանի» հարձակվող Անդրեյ Շևչենկոն էր: «Ոսկե գնդակի» մրցանակակիր, 4 անգամ Չեմպիոնների լիգայի և 3 անգամ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված հարձակվողը պետք է Դիդյե Դրոգբայի հետ միասին հարձակվողական հզոր ուժ ստեղծեր լոնդոնյան թիմի համար:

Ուկրաինացին լավ սկսեց՝ Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում գրավելով «Լիվերպուլի» դարպասը, սակայն հետագայում վնասվածքներ ստացավ: Արդյունքում նա չփայլեց այնպես, ինպես «Միլանում»: Մոուրինյոն սկսեց դուրս թողնել նրան ոչ միայն հիմնական կազմից, այլև երբեմն անգամ հայտացուցակից: Շևային չօգնեց նույնիսկ մեկամյա վարձավճարով վերադարձը «Միլան»:

«Ինտեր». Ռիկարդու Կուարեժմա

Իտալական թիմը գլխավորելու տարիներին պորտուգալացի մասնագետը նույնպես անհաջող տրանսֆերներ է կատարել: Նա մեծ գումարների դիմաց ձեռք բերեց Ռիկարդու Կուարեժմային, ով, համարվելով իր սերնդի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, այդպես էլ «Ինտերում» չփայլեց և այնպիսի ֆուտբոլ չցուցադրեց, ինչպես «Պորտուում»: Ա Սերիայում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո նա ճանաչվեց Իտալիայի այդ տարվա վատագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով «Ոսկե աղբարկղ» մրցանակին: Ոչ Մոուրինյոյի վստահությունը, ոչ էլ վարձավճարով «Չելսիում» հանդես գալը ֆուտբոլիստին չօգնեցին:

Ահա թե ինչ կարծիքի էր ֆուտբոլիստի մասին Մոուրինյոն. «Ռիկարդուն մեծ տաղանդ է, բայց նա դեռ պետք է շատ բան սովորի, դառնա ավելի կարգապահ և կարողանա վերահսկել իր էմոցիաները, այլապես նա ոչ միայն չի վերադարձնի նախկին մակարդակը, այլև ընդհանրապես չի խաղա: Նա շատ անկայուն է և կախված է իր տրամադրությունից»:

«Ռեալ Մադրիդ». Ռաուլ

Մոուրինյոյի՝ «Ռեալը» գլխովորելուց անմիջապես հետո թիմի լեգենդ Ռաուլը հեռացավ: Շատերին թվաց, որ Մոուրինյոն, ով հայտնի է որպես մարզիչ-դիկտատոր, պարզապես չէր ցանկանում, որ թիմում լիներ այնպիսի հեղինակություն, ով իրավունք կունենար իր հետ չհամաձանելու: Ինքը՝ Ռաուլը, տեղափոխվելով «Շալկե», ցույց տվեց, որ անկախ տարիքից՝ դեռ ունակ է բարձր մակարդակով հանդես գալու: Նա դարձավ գերմանական թիմի երկրպագուների սիրելին:

«Ռեալ Մադրիդ». Իկեր Կասիլյաս

Մոուրինյոյի կարիերայի ամենամեծ սկանդալներից մեկը կապված է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասի անվան հետ: Իսպանական մամուլում տևական ժամանակ խոսում էին դարպասապահի և մարզչի լարված հարաբերությունների մասին, իսկ 2012թ դեկտեմբերի 22-ին՝ «Մալագայի» դեմ խաղի ժամանակ, երկար տարիների ընթացքում Կասիլյասն առաջին անգամ հայտնվեց պահեստայինների նստարանին: Դարպասում նրան փոխարինած Անտոնիո Ադանն իրեն այնքան էլ լավ չդրսևորեց, իսկ թիմը պարտվեց 2-3 հաշվով, սակայն հարջորդ հանդիպման ժամանակ Ադանը կրկին մեկնարկային կազմում էր: Ասուլիսների ընթացքում էլ պորտուգալացին նշում էր, որ որոշում կայացնողը մարզիչն է, իսկ Ադանը տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է, քան Կասիլյասը: Կասիլյասը մեկնարկային կազմում հայտնվեց «Վալենսիայի» դեմ գավաթային խաղում, սակայն հենց այդ օրը լուրջ վնասվածք ստացավ: Մոուրինյոն ձեռք բերեց Դիեգո Լոպեսին, ով իրեն լավ դրսևորեց Կասիլյասի բացակայության ընթացքում: Արդյունքում Կասիլյասն ապաքինվելուց հետո էլ մնաց պահեստայինների նստարանին, իսկ Մոուրինյոն հայտարարեց, որ քանի դեռ ինքը գլխավորում է «Ռեալը», խաղալու է Դիեգո Լոպեսը:

«Չելսի». Դավիդ Լուիս

«Չելսիում» առաջին իսկ մրցաշրջանի արդյունքում նա ցուցադրեց իր բարձր որակները: Ռոբերտո դի Մատեոյի և Ռաֆայել Բենիտեսի օրոք Լուիսը թիմի պաշտպանությում հաջող համագործակցում էր Ջոն Թերիի, Գարի Կեհիլի և Բրանիսլավ Իվանովիչի հետ: Մոուրինյոյի վերադարձից հետո, սակայն, նա հայտնվեց պահեստայինների նստարանին, և հիմա հազվադեպ է դաշտ դուրս գալիս:

«Չելսի». Խուան Մատա

Վերջին աստղը, որ կորցրեց իր փայլը Մոուրինյոյի գլխավորած թիմում, երկրպագուների սիրելի Խուան Մատան է: Պորտուգալացու վերադարձից հետո իսպանացի կիսապաշտպանը կորցրեց տեղը հիմնական կազմում: Նա չկարողացավ հարմարվել Մոուրինյոյի խաղաոճին, և խաղային ժամանակ ստանալու համար հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել