Ծառայում եմ հայրենիքի՛ս... կամ ես մի բուռն եմ քո հողի:
2008թ., հուլիս...
- Վա՜շտ, վե՛ր կաց,- հնչեց օրապահի ձայնը, ու սկսվեց իրական իրարանցում: Չեմ էլ հիշում՝ ինչպես քնեցի ու չէի հիշում, թե որտեղ եմ: Առավոտյան վեցն անց երեսուն էր, աչքերս բացել էի ու դեռևս թմբիրի մեջ այս ու այն կողմ էի նայում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչու են բոլորը վազվզում, որտեղ եմ ու ինչ եմ անում: Ես միայնակ չէի այդ վիճակում: Մի տասը-տասներկու ինձ պես նորակոչիկների կարելի էր անմիջապես նկատել ու առանձնացնել մնացյալ ծառայողների ֆոնի վրա: Մի կերպ ինքս ինձ համոզելով՝ ոտքերիս հագա զինվորական կոշիկներս, որոնք ամեն քայլ գցելիս, այնպիսի ճռճռոց էին արձակում, որ կարելի էր հարյուր մետրի վրա լսել. երևի մտածված են այդպես անում, որ անմիջապես տարբերեն նորակոչիկներին ու հեշտությամբ իմանան նրանց գտնվելու վայրը... առավոտյան մարմնամարզություն, հետո՝ ինքնապատրաստման ժամ, իսկ ութից տասը պակաս արդեն շարված էինք՝ նախաճաշի գնալու համար: Ճաշարանը մեծ էր ու սառը, ինձ այն անհյուրընկալ թվաց, նախաճաշի սեղանն առաջին հայացքից դասական էր՝ բոլորին ծանոթ ուտելիքներով, բայց այն ինձ տհաճ թվաց. կարագ, հաց, խաշած ձավար, մի քիչ խտացրած կաթ և ձու, ահա այն ամենը, ինչով սկսում է զինվորի օրը... Միայն թեյ խմեցի... ես թեյը քաղցր եմ խմում, իսկ սրա մեջ կարծես մոռացել էին շաքար ավելացնել... Ինչևիցե, այսօր հատուկ օր էր... այսօր հարյուրավոր զինծառայողների, սպաների ու հարազատների հայացքների ներքո մենք պիտի ցույց տայինք այն հմտությունները, որ ձեռք էինք բերել անցնող տասը օրերի ընթացքում, այսօր մենք երդվելու էինք՝ ծառայել հայրենիքին՝ ամեն ժամ ու անմնացորդ...
Շարքում կանգնած՝ լսեցի անուն-ազգանունս, սրտիս զարկերն արագացան, կոկորդս չորացավ, մի կերպ ինձ հավաքելով՝ քայլերս ուղղեցի դեպի սպան՝ փորձելով չնկատել հարազատներիս հուզված դեմքերը. վախենում էի, որ կխառնվեմ ու կմոռանամ ամենն, ինչ սովորել էի: Ձեռքս առա երդումի տեքստը ու մի շնչով ընթերցեցի. «Ես, ծառայության անցնելով ԼՂՀ պաշտպանության բանակում... երդվում եմ ... , ու թե դրժեմ երդումս, թո՛ղ պատժվեմ օրենքի ողջ խստությամբ...»: Ստորագրեցի ու հեռացա...
Հետո գնացի հարազատներիս հետ, մեկ ամբողջ օր անցկացրեցի նրանց հետ: Ժամանակն էնքան արագ էր անցնում, որ անգամ չնկատեցի, թե ինչպես ստացվեց, որ արդեն պառկած էի իմ սառը անկողնում, սիրտս ճմլվում էր, կարոտը՝ խեղդում, առջևում երկու երկար ու ձիգ միապաղաղ տարիներն էին, իսկ միակ ցանկությունս, որ դրանք շուտ անցնեին...
2010 թ., հուլիս
- Վա՜շտ, վե՛ր կաց... Սկսվեց իրարանցումը: Տղաները ցատկում էին տեղերից ու ճարպկորեն հագնվում, դե, իհարկե ոչ բոլորը, մի քանիսը դեռ անկողնում նստած, չկողմնորոշվող հայացքով այս ու այն կողմ էին նայում... Իսկ ես նստած էի սենյակի հեռավոր անկյունում՝ մահճակալին, ընկերներիս հետ. ողջ գիշեր աչք չէի փակել. խոսել էինք, ծխել, էլի խոսել, խնդացել, հետո՝ տխրել ու նորից ծխել... Որքան էլ որ համոզեցին քնել, միևնույնն է չէի կարողանում, չէի ուզում... Դուրս եկանք շենքից: Քայլում էի տարածքում, լիաթոք շնչում առավոտյան թարմ օդը, ու մարմնովս սարսուռ էր անցնում: Նայում էի շուրջս, փորձում գլխումս պահել ամեն մի մանրուք, ամեն ծառ ու թուփ, ամեն քար, ամեն-ամեն ինչ, ինչը ինձ կապում էր այդ տեղին... սիրտս սեղմվում էր կարոտից ու կորցնելու վախից...
Տաք հացի ախորժաբեր բույրն էր տարածվել ճաշարանում, իսկ սեղանին դրված թեյի մետաղե բաժակներից բարձրանում էր անուշ գոլորշի: Բոլորը նստած էին սեղանների շուրջ, ակտիվ խոսում էին, ուտում, ծիծաղում, միմյանց փոխանցում ձավարով ու ձվերով լի ամանները: Եկել էր պահը, ու ես պիտի իրականացնեի ավանդույթ դարձած ծեսը: Վերցրեցի ինձ հասանելիք խտացրած կաթն ու ձուն ու մոտեցա իմ վերջին նորակոչիկին: Այլևս դա իր բաժինն էր... Հետո նստեցի ընկերներիս կողքին ու մինչև վերջ վայելեցի թեյս, այն այնքա՜ն քաղցր էի ու համեղ... մինչև հիմա դեռ հիշում եմ էդ անմոռանալի համն ու բույրը:
Շենքի առջև կանգնած էինք ես ու վանաձորցի Տիգրանը, ում տղաները «Նկարիչ» անունն էին տվել, ում հետ նույն օրը զորակոչվել էինք, հետո ընկերացել, իսկ հիմա էլ միասին զորացրվում էինք: Տիգրանը ժպտում էր՝ ամեն անգամ ափով փակելով բերանը, ամաչում էր առջևի բացակա ատամի փաստից, որը կորցրեց ծառայության ընթացքում: Մեր շուրջը տղաներն էին հավաքված՝ մեծ մասը ընկերներ՝ ԾԱՌԱՅԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ, ում հետ ժպտացել եմ, տխրել, վիճել, կռվել, կիսել վերջին հացն ու ծխել միակ սիգարետը... Բոլորն ուրախ էին մեզ համար, իսկ ես տխուր էի. հասկանում էի, որ հետևում եմ թողնում մի ամբողջ կյանք, որն այլևս չեմ ապրելու, բայց և ինձ հետ եմ տանելու այն անգնահատելի փորձն ու ամենաջերմ հիշողությունները, որոնք երբևիցե կարող էի ունենալ...
Դարպասների մոտից շրջվեցի ու նայեցի տղաներին, ովքեր սուլում էին, գոռում, ձեռքերը թափահարում ու գլխարկները օդ նետում... Էդ պատկերը հավերժացավ մտքումս... ես գնում էի՝ ետևում ունենալով երկու երկար ու ձիգ և երջանիկ տարիներ...
Ավտոկայանում մեզ ճանապարհում էր դասակիս հրամանատարը՝ կարճահասակ ու նիհար մի տղա, երեսուն հինգի մոտ: Սեղմեց ձեռքս, այնուհետև գրպանից հանեց ու ինձ մեկնեց հեռախոսս, որը «առգրավել էր» ամիսներ առաջ... Ժպտացի, ախր ինձ էդ հեռախոսն էլ պետք չէր, ես արդեն ուրիշն ունեի... Գրկեցի նրան ու օդ բարձրացրեցի: Ինձ արդեն կարելի էր, ախր ես էլ զինվոր չէի...
Ավտոբուսի միջից մի վերջին անգամ հայացք նետեցի Ստեփանակերտին, որը գնալով մնում էր հեռվում, իսկ առջևում Երևանն էր, տունս, ընկերներս ու հարազատներս... հմմմ, իսկ հետևում նույնպես տունս էր, ընկերներս էին ու հարազատներս... Ես այլևս երկու տուն ունեի...
Երևան, 2014
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի Պատվո Պահակային Վաշտի առաջին դասակի սերժանտ Յաշա Սոլոմոնյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/654482161274563?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել