Բնությունը երբեք չի դադարում ապշեցնել: Սա թերզարգացած թևերով վարդագույն ցեցի թրթուրն է: Ֆիլոդես իմպերիալիսի այս ենթատեսակը վտանգված է: Այս հազվագյուտ միջատը բնակվում է Նոր Հարավային Ուելսի և Քուինսլենդի մերձարևադարձային անտառներում: Ժամանակի ընթացքում այս միջատի մոտ ձևավորվել են մի շարք հատկություններ, որոնք օգնում են նրան պաշտպանվել գիշատիչներից:

Այս նկարին նայելով՝ թվում է, թե հսկայական աչքերը արդեն իսկ բավական են հեշտ որս որոնող թռչուններին վանելու համար: Սակայն այս թրթուրը միայն հայացքով չի վախեցնում թշնամիներին: Այն այնքան ամուր ատամներ ունի, որ կարող է կտոր-կտոր անել իր վրա հարձակվողին: Ինչո՞ւ է այն հազվագյուտ միջատ համարվում: Թվում է, թե այս միջատը, որն օժտված է իրեն պաշտպանելու բացառիկ կարողություններով, պետք է որ արագորեն բազմանար, և ոչ թե հայտնվեր բնաջնջման եզրին:


Բանն այն է, որ թերզարգացած թևերով վարդագույն ցեցի թրթուրը շատ բծախնդրորեն է սնունդ ընտրում: Այս թրթուրը սնվում է միայն մերձարևադարձային անտառներում աճող կառոնիա մուլտիսեպալեա բույսով: Սա հազվագյուտ բույս է: Այս բույսի սակավության պատճառով էլ թերզարգացած թևերով վարդագույն ցեցը նույնպես հազվագյուտ է: Այս միջատի թրթուրը հայտնաբերվել է միայն 6 վայրում:

Ձվադրման ժամանակ թրթուրները բաց շագանակագույն են: Նրանց կյանքի այս շրջանը համարվում է գաղտնի շրջան: Նրանք չորացած տերևի տեսք ունեն այս շրջանում, ինչի շնորհիվ էլ որպես որս չեն ընկալվում թռչունների կողմից: Երբ թրթուրները մեծանում են, նրանք հարձակումներից պաշտպանվելու այլ ռազմավարություն են ընտրում. նրանք փորձում են ձուլվել շրջապատի առարկաներին, որպեսզի թռչունները գլխի չընկնեն, որ նրանք միջատներ են:   


Երբ թրթուրները մեծանում են, նրանց վրա դեղին շրջանակներով շրջապատված աչքեր հիշեցնող կետեր են հայտնվում: Ոչ պակաս սարսափազդու են աչքերի միջև և աչքերի տակ նշմարվող սպիտակ «ատամների» շարքերը:   

Ամենազարմանալին այն է, որ այս սպիտակ նշանները թրթուրի մարմնի ներքևի հատվածում են: Իսկական գլուխը և ոտքերը ծալված են: Այստեղ պատկերված են մարմնի առջևի մասերը վեր բարցրացած վիճակում: Երբ մաշկը ձգվում է, նշանները տեսանելի են դառնում:


Այս տարի այս թրթուրը և հասուն ցեցը շատ քիչ են հայտնվել մարդկանց տեսադաշտում: Հենց այդ պատճառով էլ շատերը սկսել են վախենալ, որ այս վտանգված միջատը բնաջնջման եզրին է: Ցավոք սրտի, այս ցեցերն այնքան քիչ են, որ դրանք բավականաչափ հաճախ չեն հանդիպում իրար և բավականաչափ հաճախ չեն խաչասերվում, ինչի պատճառով էլ այս ցեցի թրթուրները ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում:


Կա մի հուսադրող հանգամանք: Ավստրալիայի կառավարությունը ձեռքերը ծալած չի նստում: Կառավարությունը մշակել է մի ծրագիր, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալ այն վայրերին, որտեղ այս միջատները համեմատաբար ավելի տարածված են: Նրանք նաև այս միջատի մասին տեղեկատվություն են տրամադրում մարդկանց և խրախուսում խնամքով վերաբերվել այն արևադարձային անտառներին, որտեղ բնակվում է միջատի այս տեսակը: Հուսանք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, և այս զարմանալի միջատը չի բնաջնջվի:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել