Վաղը մեր բանակի տոնն է: 
Բանակի հանդեպ մեր ուշադրությունը մշտապես է, ու շատ զգայուն ենք բանակում տեղի ունեցող մանր ու մեծ իրադարձությունների նկատմամբ՝ երբեմն մեր խիստ գնահատականներով: 
Այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով, բացթողումներով հանդերձ, հնարավոր չէ չսիրել ու առանձնակի զգացողություն չունենալ բանակի նկատմամբ:
Կցանկանայի, որ մեր բանակը վերածվեր իսկապես խաղաղության բանակի, ու կարողանար մշտապես պահպանել իր մարտունակությունը:
Բանակում իսկապես կան լրջագույն խնդիրներ: 
Գաղտնիք չէ, որ հասարակական հարբերություններն առհասարակ կարգավորվում են ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներով և ոչ ֆորմալ ինստիտուտները շատ հաճախ իրենց ազդեցության մակարդակով ավելի գերազանցող են: 
Այս ամենի արտացոլանքը երևում է նաև զինված ուժերում: 
Հանգամանքների բերումով մեր բանակը պատերազմի բանակ է, պաշտպանությանն ուղղված բանակ: 
Ցավոք սրտի, մեզ խորթ է խաղաղության բանակի հոգեբանությունը: Մեր զինվորի մեջ պետք է համադրվի և՛ պատերազմի զինվորի ոգին, և՛ խաղաղության զինվորի ոգին: Այս երկամտածողության շաղախն է, որ պետք է դառնա մեր վաղվա բանակի տեսլականը:
Պետք է գիտակցենք, որ ներկա հասարակարգում բանակի մարտունակությունն ապահովել լոկ հայրենասիրական լոզունգներով նույնքան կարճամտություն է, որքան պատրաստվել պատերազմի՝ միայն մաուզերով: 
Իմ խորին համոզմամբ պետք է արմատական լուծում տալ սպաների սոցիալ-կենցաղային խնդիրներին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ուշադրությունը սևեռել բացառապես իրենց պարտականությունների հստակ ու լիարժեք կատարմանը:
Այդ դեպքում, վստահ եմ, շատ ու շատ բացասական ազդեցություններ կչեզոքացվեն բանակից՝ նպաստելով զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի էլ ավելի առողջացմանը: 
Շնորհավոր տոնդ, զինվոր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել