Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է 1756թ. հունվարի 27-ին Զալցբուրգում: Հռրակավոր երգահանը իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի գործ: Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից մեկն է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում:
Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացավ նրա երեք տարեկանը: Նրա հայրը` Լեոպոլդ Մոցարտը, եվրոպական առաջատար մանկավարժների թվին էր պատկանում: Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները: Ուսմանը նպաստել են նաև դեպի եվրոպական մայրաքաղաքներ ճանապարհորդությունները: Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Նիդերլանդներում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց:
1762թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Շվեյցարիա: Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էրառաջացնում՝ հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից: 1763թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները: 1766 -1769թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում՝ Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը», սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն:
1779թ. Մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը: 1781թ.-ի հունվարի 26-ին մեծ Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից մեկը և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից: Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարը ավելի ու ավելի էր ի հայտ գալիս: «Առևանգում հարեմից» օպերան` գրված կայսր Հովսեփ 2-ի հանձնարարությամբ, 1782թ. լավ ընդունելության արժանացավ Վիեննայում և շուտով մեծ տարածում գտավ Գերմանիայում: Նույն 1782թ. Մոցարտը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ամուսնանում է Կոնստանցիա Վեբերի հետ:
1787թ. Մոցարտին շնորհվեց արքունի երգահանի պաշտոնը 800 ֆլորին ռոճիկով: 1788թ. Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները` № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551):
1791թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել: Մոցարտը մահացել է 1791թ. դեկտեմբերի 5-ին, հնարավոր է՝ երիկամային վարակից, (թեև առ այսօր մահվան պատճառը վեճեր է հարուցում, հայտնի վարկածով Մոցարտին թույնել է նրան ժամանակակից երգահան Անտոնիո Սալիերին): Մոցարտը թաղվել է Սուրբ Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր գերեզմանի մեջ, ուստի թաղման ճիշտ տեղը այսօր անհայտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: