Թվում է, թե սարերի հետևում չէ այն օրը, երբ մեր փոխարեն ամեն ինչը մեքենաները կանեն, իսկ մեզ կմնա միայն պառկել բազմոցին ու հեռակառավարման վահանակով կառավարել այդ ամենը: Մարդկանց հետ շփվելը կմոռանանք, ֆիլմերը կնայենք ոչ թե էկրաններին, այլ մեր ուղեղում, որևէ բանի համար էլ դուրս գալու կարիք չի լինի, քանի որ ամենը կանեն ռոբոտները: Իսկ մենք երջանիկ կլինե՞նք այդ ժամանակ, մտածենք մի փոքր, երևի թե ոչ: Ոչ, որովհետև մենք այսօր արդեն երջանիկ չենք, երբ դեռ մասամբ ենք հասցրել վայելել 21-րդ դարի «հրաշալիքները»: Մեր առօրյան լցվել է ամեն տեսակի տեխնիկայով, գաջետներով, հեռախոսներով, նվագարկիչներով և այլնով, մենք չունենք ընկերներ, եղածներն էլ «վիրտուալ են», կտրվել ենք բնությունից, առօրյա հոգսերից ու ապրում ենք ինչ-որ մի 2 իրականությունում, որտեղ մենք երջանիկ չենք, կամ էլ մեզ թվում է, թե երջանիկ ենք, բայց դա միայն թվում է: Եվ այսպես քննարկենք, թե ինչն է մեզ դժբախտացնում`

1. Մենք ֆիլտրում ենք մեր կյանքից մարդկանց

Տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև բազմաթիվ ցանցերի ստեղծումը ոչ միայն հնարավորություն է տալիս մեզ թվացյալ «մեծացնել» մեր շրջապատը, այլ նաև որքան հնարավոր է ֆիլտրել այն: Մեկը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրա հետ ընկեր մնալ, բայց այնպես անել, որ սոցիալական ցանցի մեր էջում նրանից որևէ նորություն չստանանք: Կամ մեզ դուր չի գալիս խանութներում հերթ կանգնել, շփվել վաճառողերի ու գանձապահի հետ, դուր չի գալիս լսել ռեստորանի մատուցողների կամ մենեջերի խորհուրդները, թե ինչ ընտրել մենյուից, մենք կարող ենք չգնալ խանութ կամ ռեստորան, այլ տանը նստած պատվիրել այն ամենը, ինչ մեզ այդ պահին հարկավոր է: Թվում է, թե այս ամենը ուղղակի հրաշք է ու իդեալական, բայց ոչ ամեն ինչ հեռվից անելու ու պատվիրելու հնարավորությունը բացի, ոչ դուրեկան մարդկանց ներկայությունից ազատելուց, նաև սպանում են մեր մեջ անծանոթ մարդկանց հետ հաղորդակցվելու ու շփվելու կարողությունը: Հիմա, երբ դուք հայտնվենք մի միջավայրում, որտեղ չկան հեռախոսներ ու համակարգիչներ, կտեսնեք, թե ինչքան եք հետ վարժվել մարդկանց հետ ռեալ կյանքում շփվելուց ու կդժվարանաք խոսակցության թեմա գտնել: Ձեզ մոտ միայն որքան հնարավոր է այդ միջավայրից փախչելու ցանկություն կառաջանա, իսկ դա սարսափելի է, մենք այլևս չենք կարողանում հաղորդակցվել մեր նմանների հետ:

2. Մենք չունենք ընկերներ

Դեռ ոչ այնքան վաղ անցյալում՝ 50 տարի առաջ, մարդիկ տասնյակներով հավաքվում էին հարևաններից մեկի տանը, մի փոքրիկ սենյակում, որտեղ կար հեռուստացույց, ու բոլորով միասին` շատ ուրախ ու համերաշխ ֆիլմ էին նայում: Գուցե և չէին էլ նայում այդ ֆիլմը, բայց հանդիպում էին, զրուցում տարբեր թեմաների շուրջ, բանավիճում, բարկանում, հետո խաղաղվում ու հաշտվում, լիաթոք ծիծաղում ու ուրախանում: Իսկ այսօ՞ր, կարող եք հիշել` վերջին անգամ ե՞րբ եք հարազատներով ու ընկերներով հավաքվել ու պարզապես զրուցել, իրար խնդիրներով ու հոգսերով հետաքրքրվել, կամ մի լավ ուրախացել, իհարկե կդժվարանաք հիշել, որովհետև հիմա բոլորիս ընկերներն ու բարեկամները դուրս չեն գալիս Ֆեյսբուքի սահմաններից, նրանք չունեն շունչ ու հոգի, այլ միայն պրոֆիլի նկար ու անուն-ազգանուն... Թվում է, թե այս ամենը լոկ խոսքեր են, ու դուք հազարավոր ընկերներ ունեք, քոմենթում եք իրար, լայքում ու լայքում: Բայց երբ դուք տխուր եք կամ օգնության կարիք ունեք, այդ ընկերներից քանի՞սը չաթի սահմաններից դուրս իր օգնությունը կառաջարկեն, տխուր սմայլիկներ դնելուց բացի, իրականում կտխրեն ձեզ համար. վախենամ շատ քչերը...

что разрушает наше счастье

3. Վիրտուալ ընկերները միայն մեր մենակությունն են ավելացնում

Միգուցե մարդիկ մտածում են՝  ի՞նչ կարիք կա խոսելու, եթե դրա փոխարեն կարելի է որևէ սոցիալական կայքում «ստատուս» գրել, կամ էլ կարելի է բոլոր զգացմունքները հավաքել և որևէ երգի մեջ ներդնելով,  դրա հղումով կիսվել ընկերների հետ, ի՞նչ կարիք կա խոսելու, երբ կան լայքերն ու արդեն ոչինչ չասող մեկնաբանությունները, երբ կարելի է սեղմել «ընդունել ընկերության առաջարկը» կոճակի վրա,  և դուք արդեն ունեք հազարավոր ընկերներ, որոնք ինչպես և դուք,  մենակ են իրենց սենյակներում, մենակ են իրենց համակարգիչների առջև… Չեմ հիշում՝ ժամանակակից գրողներից ով էր ասել` «Զարմանալի բան է այս համացանց կոչվածը, այն մոտեցնում է իրարից հեռու գտնվող մարդկանց և հեռացնում իրար մոտ գտնվող մարդկանց»: Եվ սա երևի թե ինտերնետի ամենադիպուկ բնորոշումն է:

4. SMS-ը շփման լավագույն տարբերակը չէ

-Պրիվետ

-Barev

-Ո՞նց ես

-Lav, du?

-Ես էլ լավ...

Օրեկան քանի՞ նման շատ «ընկերական» ու խորը զրույցներ է ունենում ձեզանից յուրաքանչյուրը, և սա կոչվում է ԸՆԿԵՐՈՋՍ հետ խոսեցի... Վերջին տարիների մի շարք ուսումնասիրություններից հետո հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ SMS-ների տեքստերի 40 %-ը այդպես էլ մնում են չհասկացված, մարդիկ իրար չեն հասկանում շփման այս տարբերակով: Կամ էլ շատ դեպքերում սխալ են հասկանում, երբ մենք չենք տեսնում մեր զրուցակցին, մեր խոսքը իր մեջ ոչ մի տեսակի էմոցիա չի պարունակում, շատ հեշտությամբ կարող ենք նեղացնել կամ վիրավորել մարդուն ու չհասկանալ դա:

вещи разрушающие наше счастье

5. Քննադատության բացակայություն

Համացանցային շփումը գրեթե 0-ի է հասցրել մեր կյանքում քննադատության առկայությունը: Փորձելու համար մեկ շատ գեղեցիկ և մեկ հատ էլ շատ տգեղ նկար ավելացրեք ձեր էջում, 2-ի դեպքում էլ մեկնաբանությունները նույնը կլինեն` վախ կյանքս, էս ինչ սիրուն ես, էս ինչ պուպուշ ես, հրաշքս և այլն: Եվ չի գտնվի մեկը, ով կասի` սիրելիս ախր շատ անհաջող ես այս նկարում... Իսկ քննադատության բացակայությունը աճելու և էլ ավելի լավը դառնալու ճանապարհին մեր ամենամեծ ու ոխերիմ թշնամիներն են:


6. Մենք չարության և դժգոհության զոհերն ենք

Միացրեք հեռուստացույցը կամ բացեք որևէ լրատվական կայք` սպանություն, բռնաբարություն, հեղափոխություն, սով, մահ ավտովթար...պետք է ժամերով էջում թափառես, որ գոնե մեկ դրական կամ քիչ թե շատ ուրախ լուր գտնես: Եվ այդ ամենը ոչ ուղղակի կերպով ազդում է մեր ինքնընկալման և աշխարհընկալման վրա: Մենք կորցնում ենք մեր լավատեսությունը, երջանկության զգացումը և այս «դժբախտ» աշխարհի մի մասնիկն ենք դառնում, մենք ամեն օր մեզ մատուցվող չարության ու դաժանության անուղղակի զոհերն ենք...և այս ամենից ելքի ու փախուստի եղանակ չունենք:

7. Մենք մեզ անպետք և արժեք չունեցող ենք զգում

Ընկերների վիրտուալ լինելը միայն մեկ դրական կողմ ունի. նրանք ձեզանից քիչ բան են պահանջում, քան կպահանջեին ռեալ կյանքում: Նամակագրությամբ դուք կհանգստացնեք նրանց, կաջակցեք, հետ կպահեք վատ արարքներից, բայց դա անելը ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի, որքան հարկավոր կլիներ իրական կյանքում, որտեղ շատ ժամանակ մարդու աչքերին նայելով, դուք բառեր չեք գտնում նրան հանգստացնելու համար:

Ինչ-որ մի բան անելու և փոխելու զգացումը մարդու ենթագիտակցության մեջ արմատացած է ամենախորը մակարդակում, բայց վերջին տարիներին, կարծես, բոլորը մոռացել են այդ մասին, մարդիկ ուզում են մի բան անել, բայց նաև զգում են, որ չեն կարող դա անել ու հետ են կանգնում իրենց որոշումից: Այստեղից էլ գալիս է 21-րդ դարի մարդուց անբաժան անպետքության անկարողության զգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել