Օրերս Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմությանը կառավարությունը գլխավորելու առաջարկ էր արել` բողոքի ցույցերին վերջ տալու դիմաց, որին պատասխանելու համար վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 28-ը: Սրա շուրջ կարծիքները տարբեր էին: «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, ում պետք է վստահվեր Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, կարծես տրամադրված է ընդունել այդ առաջարկը` դատելով Մայդանում իր արած հայտարարությունից: Նրա խոսքերով, ընդդիմությունը պատրաստ է ղեկավարել կառավարությունը և պատասխանատվություն կրել երկրի ապագայի համար, մինչդեռ Կլիչկոն, ում ի դեպ պետք է վստահվեր հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը, ոչ մի հստակ բան չասաց, քան այն, որ բանակցությունները դեռ շարունակվում են: Վերջինիս խոսքերով Յանուկովիչն արդեն իսկ համաձայնվել է գնալ զիջումների «մի շարք հարցերի շուրջ», սակայն իրենց հիմնական նպատակը վաղաժամկետ նախագահական ընտրություններն են:
Այս բանակցային մթնոլորտին զուգահեռ առ այժմ հերիք չէ շարունակվում են ցույցերը և բախումները ակտիվիստների և ուժայինների միջև, դեռ մի բան էլ որոշ քաղաքացիական խմբեր դրսևորում են ծայրահեղ ագրեսիվ կեցվածք: Երեկ երեկոյան «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը Facebook-ի իր էջում գրել էր, որ ակտիվիստները գրավել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը: Ի դեպ, սա արդեն երրորդ նախարարությունն է, որ գրավում է «Ընդհանուր գործ» շարժումը:
Այժմ հանգամանքները դասավորվել են այնպես, որ կարող են ճակատագրական լինել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության և թե՛, ի վերջո, Ուկրաինայի ժողովրդի համար: Ներկայումս այնպիսի տպավորություն է, որ Յանուկովիչին հաջողվում է առաց արտակարգ ռեժիմ հայտարարելու լուծել երկրում ստեղծված քաոսը: Յանուկովիչը, կարծես, հասել է կամ էլ հասնում է նրան, որ ընդդիումթյան և հասարակական ակտիվիստների միջև սեպ խրվի, որը թույլ կտա իշխանություններին վերականգնել հասարակական կարգն ու վերահսկել հետագա գործընթացը:
Նախ սկսենք նրանից, որ Ուկրաինայում ոչ բոլորն են գոհ, որ ընդդիմիությունը սկսել է բանակցել իշխանությունների հետ, երկրորդ` Կլիչկոյի և Յացենյուկի մարտավարական մոտեցումները բանակցությունների օրակարգի շուրջ, ինչպես երևում է, տարբերվում են, երրորդ` ակտիվիստների առնվազն մի մասը անկառավարելի է ընդդիմության կողմից: Օրինակ, երբ «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստները երեկ ուշ երեկոյան գրավեցին արդարադատության շենքը, Կլիչկոն փորձեց համոզել նրանց, որ ազատեն շենքը, սակայն նրան պատասխանեցին չոր մերժմամբ:
Շատ է խոսվում այն մասին, որ Կիևում տեղի ունեցող այս շարժումը չի կարողանում արագ և լուրջ հաջողություններ գրանցել, քանի որ չկա միասնական առաջնորդ: Ես համակարծիք եմ նման մոտեցմանը, և ասեմ ավելին, սա փայլուն հնարավորություն է իշխանությունների համար փորձել տարաձայնություններ մտցնել և պառակտել ոչ միայն ընդդիմության շարքերը, այլև տարբեր քաղաքացիական խմբերի:
Տեսեք, թե ինչ խորամանկությունների է դիմում Յանուկովիչը: Փորձագետների մեծ մասը վստահ էր և հիմա էլ կա ընդհանուր ըմբռնում, որ Կլիչկոն պետք է լինի գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության, եթե ոչ միասնական, ապա հիմնական թեկնածուն, իսկ հիմա Յանուկովիչը վարչապետի պաշտոնն առաջարկում է ոչ թե նրան, այլ Յացենյուկին, ով, ինչ խոսք, հանգամանքներից ելնելով, ներկայումս Կլիչկոյի դաշնակիցն է, բայց համաձայնեք, որ ընտրությունների ժամանակ ամեն մեկն ունի իր քաղաքական-կուսակցական շահը:
Սա հետաքրքիր փորձություն է բոլոր կողմերի համար: Արդյո՞ք կկարողանա ընդդիմությունը միավորվել և դրանով միավորել ամբողջ հասարակությանը` չտրվելով իշխանությունների սադրանքներին, թե ոչ, և կկարողանա արդյո՞ք իշխանությունը` Յանուկովիչը, վերջնախաղում մոլորեցնել իր հակառակորդներին և տանել փայլուն հաղթանակ, թե կամաց-կամաց կտապալվի` ընկնելով իր իսկ փորած փոսը: Սրանց պատասխանները մենք կստանանք առաջիկայում, բայց մի բան ինձ հուշում է, որ այս փուլում Յանուկովիչը կփորձի ամեն ինչ անել խնդիրը ձգձգելու և սպառելու ուղղությամբ` նույնիսկ ցուցաբերելով «պատրաստակամություն» և «կամք» որոշ «զիջումներ» կատարելու տեսքով:
Հ.Գ. Ակտիվիստներն արդեն պայքարում միմյանց դեմ: Արևմտյան Ուկրաինայում նույնիսկ սպառնացել են փակել դեպի Եվրոպա տանող գազատարը:



