Յուրաքանչյուր հայ քաղաքացու հարցրեք՝ ինչ է «Բանակ»-ը, և նա կասի, որ դա մեր հայ զինվորն է, զորանոցն է ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը, ինչպես նաև կասի, որ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ ամբողջ աշխարհին տեղեկացնելով Հայոց Ազգային բանակի ստեղծման մասին:
Եվ ահա ամեն տարի մենք մեծ շուքով նշում ենք այս տոնը. ինչ վերաբերում է այս տարվա բանակի օրվանը, ապա նա տարբերվում է բոլոր տարիներից: Այս տոնից ընդամենը մի քանի օր առաջ Ղարաբաղում մեր հայ տղաները իրենց սերժանտի գլխավորությամբ այնպիսի նվեր մատուցեցին հայ բանակին, որ անմահացրին Հայոց բանակի 22-ամյակը: Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ սա զուգադիպություն էր, բայց այս զուգադիպության մեջ մեծ խորհուրդ կա: Այս տղաները Հայոց բանակի ստեղծման օրվանից 22 տարի անց ապացուցեցին, որ մեր բանակը անհաղթելի է:
Արմեն Հովհաննիսյանին իր ընկերների հետ միասին Փառք: Ձեր գործած սխրանքը անմահացրեց Հայոց բանակի 22-ամյակը, Դուք նոր դրական էմոցիա հաղորդեցիք մեր մատաղ սերնդին: