Allsport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանը Դորտմունդի «Բորուսսիան» սկսեց ոչ-ոքիով: 18-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հյուրընկալել էր «Աուգսբուրգին»: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սվեն Բենդերը, ով 50 րոպե անց գրավեց նաև սեփական դարպասը: 66-րդ րոպեին Նուրի Շահինն առաջ մղեց դորտմունդցիներին, սակայն 6 րոպե հետո Չժի Դոն-Վոնը, դառնալով գոլի հեղինակ, ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Այս ոչ-ոքիից հետո «Բորուսսիան» ունի 33 միավոր և Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի 3-4 հորիզոնականները: «Աուգսբուրգն», ակտիվում ունենալով 25 միավոր, դեռևս 8-րդ հորիզոնականում է:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր, սակայն 84-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Յուլիան Շիբերին:
«Բորուսսիա»-«Աուգսբուրգ»` 2:2