Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ միգուցե Աստծո մասին մեր ունեցած պատկերացումներն այնքան էլ իրական չեն, ճշմարտությանն այնքան էլ մոտ չեն կամ էլ ընդհանրապես սխալական են: Օրինակ` մենք ասում ենք Աստված «ամենաբարի» է, «ամենակարող», «ամենասուրբ», «ամենագետ», «ամենահաս», «ամենողորմ», բայց հետաքրքիր է, ո՞րն է այդ «բարին» կամ ի՞նչն է մեզ համար «սուրբի», «ողորմության», «գիտության» չափանիշը, ո՞րն է սահմանումը սրանց: Բնականաբար, ինչ հատկորոշիչ էլ որ մենք տանք Աստծուն, սրանք բոլորն էլ առաջին հերթին մեր աշխարիկ փորձառության պտուղներն են: Չեմ մերժում, որ բարու և չարի գիտությունն օրինակ, մարդուս մեջ ի ծնե, խղճի մեջ է հաստատված: Բայցևայնպես, այս ամենը մենք ճանաչում ու այս ամենին հասնում ենք` աշխարհում, նյութական կյանքի մեջ ապրելով: Իսկ ո՞վ ասաց, որ մեր պատկերացրած «բարին» հենց այն «բարին» է, որն Աստծուն է բնութագրում: Վերցնենք ամենատարածված ծեծված արժեքներից մեկը «ազատություն», դե սահմանե՛ք, տեսնեմ` ինչ կստացվի: Քեզ համար քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ի՞մն է սկսում, է ի՞նչ փույթ, ինձ համար էլ իմ ազատությունն սկսվում ու ավարտվում է այնտեղ, որտեղ որ իմ սուրն է կտրում: Մի բան պարզ է. աշխարհի սահմանափակումներին ենթակա մեր ուղեղով ինչ էլ ասենք, ինչպես էլ բնութագրենք Աստծուն, թերի է լինելու: Դու ասում ես Աստված բարի է, իսկ ես ասում եմ Աստված բարի չէ, ամենակարո՞ղ է, ոչ, ամենակարող էլ չէ… և այսպես շարունակ: Աստված այս ամենից էլ վեր է: Փաստորեն ստացվում է ճիշտ կլինի ասել, որ Աստված բարի չէ, ամենողորմ էլ չէ, ամենագետ էլ չէ, սակայն ոչ թե որովհետև Աստված սրանց հակառակ հատկանիշներն է կրում, այլ որովհետև բոլոր այս բնութագրումները ընդաmենը թերի և երբեմն նաև աղավաղված պատկերացումներն են Տիրոջ մասին: Ստացվում է, որ Աստծու մասին չի կարելի ասել և ոչինչ և ամենաճիշտ բնորոշումը կամ հատկորոշումը Տիրոջ համար ոչինչ չասելն է, կամ որ ավելի ճիշտ է` «ոչինչ ասելը»: Միակ բացարձակ ճշմարտությունն Աստծո մասին «լռությունն» է, անբարբառ, անմիտ, անխոս, անբովանդակ լռությունը:

… շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել