970168_482587295145801_282780446_nYerevantimes.am-ը գրում է.

Ստալինի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ սկսվեց Արցախյան հարցը և մինչ օրս այն մնում է անլուծելի: Այս կոնֆլիկտն իր գագաթնակետին հասավ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, 1994 թվականին հրադադար կնքվեց, սակայն հարցը մինչ օրս էլ մնում է չկարգավորված: Բազմաթիվ փորձեր կան հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն դա չի հաջողվելու, եթե պարտադրանք չկիրառվի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այս հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են և չկա մի ընդհանուր կետ, որի շուրջ կարելի է նստել ու բանակցել: Այստեղ հիմնական «կամակորությունն» Ադրբեջանն է անում, որովհետև այն փաստաթղթերը, որոնց շուրջ Հայաստանը համաձայնվում է, Ադրբեջանն անմիջապես մերժում է, քանի որ ցանկանում է երկարաձգել իր իշխանության և պետության ամբողջական գոյության ժամանակաշրջանը:

Պատերազմը դեռևս շարունակվում է և երբեք էլ չի դադարել, ուղղակի սա լատենտ՝ թաքնված պատերազմ է, որն ավելի վտանգավոր է: Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցողը «սառը պատերազմ» է, սպառազինությունների մրցավազք: Երկու երկրներն էլ անընդհատ ավելացնում են սեփական ռազմապահեստների պարունակությունը: Այս գործընթացը վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմական գործողությունների, քանի որ անհնար է անդադար կուտակել զենքի պաշար և դրանք չօգտագործել: Բոլոր այն երկրները, որոնք զենքի պաշար ունեն կամ վաճառում են այն կամ էլ կիրառում են ռազմական գործողությունների մեջ: Սակայն բացառված չէ նաև, որ Ադրբեջանը զենք է կուտակում ոչ թե Հայաստանի, այլ մեկ ուրիշ երկրի դեմ, քանի որ նա հզորացնում է նաև նավատորմը, որով նա չի կարող պատերազմել Հայաստանի դեմ: Այսինքն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի անվան տակ նա զենք է կուտակում այլ երկրի դեմ:

Բայց եթե դիտարկում ենք պատերազմի հավանականությունը, ապա, եթե Հայաստանի համար պատերազմը ձեռնտու է երկու տեսանկյունից.

  1. Թեթևացնել ռազմապահեստները, ստուգել բանակի մարտունակությունը և ցույց տալ հայկական բանակի զորեղ ուժը:
  2. ԼՂ կոնֆլիկտը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ այն քաղաքական, իրավական կամ խաղաղ ճանապարհով չի լուծվում և չեզոքացնել Ադրբեջանական վտանգը:

Ապա Ադրբեջանին բացի վերոնշյալ երկու պատճառներից ձեռնտու է նաև նրա համար, որ հաղթանակի դեպքում նա կարող է երկրի ներսում ապրող բոլոր ազգերին համախմբել մեկ պետության շուրջ: Այսինքն դու քո տարածքում ապրող ազգերին պիտի ցույց տաս, որ դու որպես պետություն շատ ուժեղ ես և նա քո կազմից դուրս գալու անհրաժեշտություն չգտնի:

Պետք է ուշադրություն դարձնել, որ նա ուժեղ և միավորված պետություն կդառնա միայն հաղթանակի դեպքում, իսկ ահա պարտության դեպքում ստեղծվում է հակառակ էֆեկտը և ազգերը ձգտում են դուրս գալ քո կազմից, որովհետև տեսնում են, որ դու թույլ ես և քո կազմում իրենց անվտանգ չեն զգում: Սակայն ինչպես նշեցինք, պարտադիր չէ, որ նա պատերազմի հենց Հայաստանի դեմ, քանի որ արդեն դառը փորձ ունի և միջազգային հանրության առջև պարտավորություններ է ստանձնել խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բացի դա այս դեպքում կխախտվի նաև իր հիմնական ֆինանսական աղբյուրի՝ նավթի արտահանումը:

Տրամաբանությունը և զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար պատերազմն անխուսափելի է, սակայն պարտադիր չէ, որ այն լինի հենց Հայաստանի դեմ: Այնուամենայնիվ պետք է ամեն ջանք գործադրել, որ Ադրբեջանը պարտված դուրս գա և վերջնականապես մասնատվի: Ադրբեջանն ինքն այս ամենը քաջ գիտակցում է, հակառակ դեպքում նա շատ վաղուց էր պատերազմ սկսել: Պետք է շատ ճկուն օգտագործել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում շատ ազգերի մոտ ազգային զարթոնքի ժամանակաշրջան է սկսվում: Սա մի մոտեցում է, սակայն մեկ այլ մոտեցմամբ կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով հաջողության հասնել և դա ոչ պատերազմական ուղին է, ուղղակի պետք է խրախուսել Ադրբեջանի տարածքում գտնվող ժողովուրդների ազգային զարթոնքը և այն տանել մասնատման: Սա նշանակում է հենց իր միջոցով քայքայել իրեն: Ադրբեջանն այս ամենը քաջ գիտակցում է, այդ իսկ պատճառով նրա հռետորիկայի մեջ տեղի է ունեցել փոփոխություն և նա արդեն ավելի հանգիստ և խելոք է բանակցում: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք զգոնությունը և դադարեցնենք Ադրբեջանի մասնատման գործընթացը, ինչ էլ նշանակում է Արցախյան հարցի վերջնական ու հայանպաստ կարգավորում, ինչպես նաև շրջափակման թեկուզև մասնակի վերացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել