Երևանի շրջակայքի խաղատները  փակվել են. չի բացառվում, որ խաղամոլների թիվը կնվազիPanorama.am-ը գրում է.

Խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպելու համար կազմակերպությունները պետք է նոր լիցենզիաներ ստանան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը` հավելելով, որ նախկինում տրամադրված բոլոր լիցենզիաների ժամկետն ավարտվել է և հունվարի 1-ից խաղատները դադարեցրել են իրենց գործունեությունը:

Նշենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել առանձնացված գոտիներում կամ Երևանի մերձակայքում: Մասնավորապես, ըստ օրենքի պահանջների` խաղատուն կամ շահումով խաղեր կարելի է կազմակերպել Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Խաղատուն կարելի է կազմակերպել նաև այլ բնակավայրերում` կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:

Ս.Վարդանյանի խոսքերով` լիցենզիա ստանալու նպատակով նախարարություն է դիմել ընդամենը 3 ընկերություն, ինչը նշանակում է, որ միայն այս երեքը կարող են գործունեություն ծավալել: Լիցենզիա տրամադրված խաղատներից մեկը գտնվում է Երևան-Սևան մայրուղու ճանապարհին, երկուսը` Ծաղկաձորում:

Ֆինանսների նախարարության տվյալներով` 2013թ-ին Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունեցել է 76 ընկերություն: Ս.Վարդանյանը չբացառեց, որ լիցենզիա ստանալու նպատակով այլ ընկերություններ ևս կդիմեն ֆինանսների նախարարություն, սակայն ակնհայտ է, որ առանձնացված գոտիներում խաղատներն ավելի քիչ կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել