աս

Galatv.am-ը գրում է.

Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը։ Սահմանադրական դատարանը նաեւ տեղեկացնում է, որ հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին բանավոր ընթացակարգով:

Կեսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարի համատեքստում Սահմանադրական դատարանի այս որոշումը հաղթանակ համարելը խիստ վիճելի է։ Նախ այն վերջնական կասեցում չէ, այլ ժամանակավոր, եւ որեւէ երաշխիք չկա, որ գարնանը Սահմանադրական դատարանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշում չի ընդունի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման սահմանադրականության վերաբերյալ։ Առավել ևս, որ բարձրագույն իշխանությունները հասկացնում են, որ ամբողջովին պաշտպանում են կենսաթոշակային համակարգի փոփոխությունը։ ՍԴ-ի կողմից ժամանակավոր կասեցման որոշումն ընդունելու օրն իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու»։ Ավելի վաղ իր հերթին ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային համակարգի շարունակականության ընդհատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

Իշխանությունների նախատրամադրվածությունից և հաստատակամ պնդումներից պարզ է դառնում, որ նրանք զիջելու որևէ նպատակ չունեն։ Հետևաբար անակնկալները դեռ առջևում են, եթե իհարկե քաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխությունների չենթարկվի։

Մյուս կողմից շատ հնարավոր է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը թմրեցնող ազդեցություն ունենա այդ համակարգի դեմ պայքարի վրա։ Այս քայլով իշխանությունը փորձ է անում չեզոքացնել պայքարելու մոտիվացիան եւ թմրեցնել կառավարության գործողությունների դեմ ուղղված շարժումը։ Իսկ քանի որ «Դեմ եմ» քաղաքացիական շարժման պայքարի օրակարգում միայն մեկ հիմնական նպատակ կա՝ այն է՝ չեղյալ հայտարարել նոր կենսաթոշակային ռեֆորմը, կամ բացառել պարտադիր բաղադրիչի կիրառումը, հետեւաբար նրանք եւ նրանց աջակցողները որեւէ կերպ մոտիվացված չեն լինելու ակտիվորեն պայքարը շարունակելու։ Փոխարենը տուն են գնալու՝ սպասելով գարնանը։ Իսկ գարնանը անհրաժեշտության դեպքում պայքարը կրկին ակտիվացնելը եւ հազարավոր մարդկանց հրապարակ դուրս բերելը անհամեմատ դժվար է լինելու։ Նույնիսկ հստակ բացասական հետևանքներ է ունենալու։ Կենսաթոշակային նոր համակարգի դեմ Ազատության հրապարակում հունվարի 18-ին կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների ստվար մասը ոչ միայն դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, այլ դեմ էր գործող իշխանություններին։ Երբ պայքարը սառեցվում է առանց բովանդակային փոփոխությունների և կրկին ամեն ինչ մնում է նույնը, հիասթափության ալիքը անխուսափելի է դառնում։ Այս իրավիճակը միանշանակ բխում է անմիջականորեն իշխանությունների շահերից։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել