Kinoashkharh.am-ը գրում է.
Արդի ռուսական կինոյի ամենատիտղոսավոր ռեժիսորը, որ երկար տարիների ընդմիջումից հետո Ռուսաստան բերեց Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվո հյուրն էր` իր հայտնի քառապատումով և մանավանդ Վենետիկի դժվարահաճ փառատոնի էսթետներին հմայած «Ֆաուստով»: Ալեքսանդր Սոկուրովի և հայ հանդիսատեսի հանդիպումը պետք է կայանար դեռ 7 տարի առաջ, երբ նրա «Արև» ֆիլմը նվաճեց «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը: Փոքր-ինչ ուշացած հանդիպումը նոր անակնկալներ ու բացահայտումներ պարգևեց նրա կինոյի երկրպագուներին. Սոկուրովը պաշտում է գիրքն ու գրականությունը և առանձնապես չի սիրում այն հրաշալի կինոն, որ նկարում է:
-Ձեր տասնյակ կինոմրցանակների ու պետական պարգևների շարքում քիչ չեն նաև քրիստոնեական եկեղեցիների ու նրանց հոգևոր առաջնորդների Ձեզ շնորհած մրցանակները` սկսած Վատիկանից մինչև Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը: Դուք որևէ կերպ առանձնացնո՞ւմ եք դրանք Ձեր մյուս պարգևներից:
- Իհարկե, էկումենիկ մրցանակը չի կարելի դասել այդ ընդհանրական շարքին, որովհետև պրոֆեսիոնալ մրցանակները շատ հաճախ նաև տրվում են այնպիսի ֆիլմերի, որոնք խիստ հակասական արձագանքներ են ունենում բարոյական խնդիրների տեսանկյունից: Եվ էկումենիկ ժյուրիի ներկայությունը համաշխարհային կինոյում, որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց շատ առողջ ու սթափ հայացք է, որովհետև կոչ է անում կինեմատոգրաֆիստներին սթափվել, ավելի զուսպ լինել և հավասարակշռություն մտցնել կինոյի հզոր ուժի և դրա հետևանքների միջև: Վերադառնալով «Եղիցի լույսին», ասեմ որ ինձ համար հատուկ իրադարձություն է, որովհետև ես շատ լուրջ եմ վերաբերվում հայ եկեղեցու գործունեությանը: Պետերբուրգում շատ հաճախ եմ լինում հայկական եկեղեցում, նաև` հայկական գերեզմանոցում: Ես ունեմ բարեկամ հայ ընտանիքներ, որոնք ինձ միշտ ապշեցնում են իրենց հախուռն խառնվածքի ու նրբանկատության զարմանալի համադրությամբ, այն, ինչ շատ քիչ եմ հանդիպում հարավի մարդկանց մոտ: Այդ իմաստով Պետերբուրգի հայերն ինձ ինչ-որ կերպ հիշեցնում են ճապոնացիներին: Եվ, իհարկե, ինձ համար շատ մեծ անակնկալ էր մրցանակը, որին առնչություն ունի կաթողիկոսը: Ես անգամ ինձ թույլ տվեցի անցնել թույլատրելիի սահմանը և արարողության ժամանակ դիմեցի վեհափառին` խնդրելով հնարավոր մեծ աջակցություն ցուցաբերել վավերագրական, խաղարկային և ընդհանրապես հայկական կինոյի զարգացմանը:
- Դուք շատ հաճախ եք խոսում մարդու աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հարցում գրքի ունեցած բացառիկ դերի մասին: Ցավոք, օրեցօր խորանում է խզումը մարդու և գրքի, հասարակության և գրականության միջև: Ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ է այս գործընթացն իր հետ բերում:
- Գլխավոր սպառնալիքը, իհարկե, հումանիզմի կորուստն է: Գրքի ստեղծման մշակույթը շատ երկար ճանապարհ է անցել: Եվ գտնված է մարդու անհատականության զարգացման շատ ճիշտ կամ գուցե և միակ ճիշտ եղանակը, երբ միլիոնավոր տպաքանակներով տպագրված գիրքը հնարավորություն է տալիս մարդուն ինքնուրույն աշխատելու տեքստի վրա, հասկանալու այն, յուրովի ընկալելու, կարդալու և թերթելու գրքի էջերը: Եվ, իհարկե, մեր մեջ դաստիարակելու անհատական վերաբերմունք մի այլ մադու մտորումների նկատմամբ: Եվ այդ ամենով հանդերձ, գիրքը մարդուն ազատ մնալու անսահմանափակ հնարավորություն է տալիս: Սա կինո չէ, երբ ռեժիսորը մեզ պարտադրում է ամեն ինչ` ևʹ իր կինոդերասաններին, ևʹ երաժշտությունը, իր ռիթմերը, իր գեղագիտությունը: Նա մեր փոխարեն ամեն ինչ արել է. մեզ մնում է գալ, հարմարավետ նստել դահլիճում, իսկ հիմա նաև ինչ-որ բան ծամել: Գիրքը երբեք մատուցող չի եղել: Եվ գիրք կարդալով` մարդը մնում է բացարձակապես ազատ, և դա այն դեպքում, որ կրում է հսկաների ազդեցությունը` Գյոթե, Թոմաս Մանն, Դիկկենս, Ֆոլկներ: Մենք զարգանում ենք ոչ թե վիզուալ բաների, այլ կարդալու միջոցով: Երեկ ես հրաշալի մի վայրում էի` «Թումո» մանկական կենտրոնում: Հիացած ու միաժամանակ ճնշված էի, քանի որ ականատեսը դարձա, թե ինչպես հազարավոր երեխաներ հատել են գիրք կարդալու դասական մշակույթի սահմանագիծը և անցել են ընդամենը կոճակներ սեղմելու տեխնիկային: Եթե մենք զարգացնում ենք նման նոր տեխնոլոգիաներ, ապա որպես քաղաքակիրթ հասարակություն պետք է լրացուցիչ հավասարակշռության նժար ունենանք, որ երեխան այդ համակարգչային խաղերից հետո անպայման ձեռքը վերցնի գիրքը: Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց նրանք բոլորը կհեռանան Հայաստանից. սերունդները չեն կարող սպասել: Նրանք մեղավոր չեն, ժամանակը չի սպասում, կյանքը մեկն է, և եթե նրանք հումանիտար կապվածություն չունեն իրենց երկրի, ժողովրդի ու ավանդույթների հետ, ի վերջո կթողնեն հայրենիքը, որովհետև երիտասարդներին թվում է, թե ամբողջ աշխարհն իրենց հայրենիքն է, ամբողջ աշխարհն իրենց համար է: Դա, իհարկե, ճիշտ չէ, նրանք դա կհասկանան, կհասկանան, թե ինչ է հայրենիքը, բայց արդեն ուշ կլինի: Այնպես որ ոչ ոք մեր փոխարեն գիրք չի կարդա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ