Շանթ Հարությունյանի՝ անցած տարվա նոյեմբերի 5-ի արտառոց ու անհեթեթ թվացող գործողությունների դրդապատճառները շատերի համար անհասկանալի են մնում: Դա բառիս բուն իմաստով խենթությո՞ւն էր, քաղաքական ավանտյուրա կամ շառլատանությո՞ւն, պետական-իշխանական պատվերով սադրա՞նք, օտարերկրյա ուժերի հրահրո՞ւմ, թե՞ անձնական-շահադիտական արարք: Իսկ գուցե դա իշխանության կողմից կազմակերպված հաշվեհարդա՞ր էր Շանթի նկատմամբ:
Սկսենք խենթության վարկածից: Շանթը շատ լավ գիտի՝ երբ է իրեն պետք, որ լինի հոգեկան հավասարակշիռ վիճակում, երբ՝ անհավասարակշիռ վիճակում: Այսինքն՝ նա գիժ չէ, այլ շատ լավ կարողանում է գժի դեր խաղալ: Եվ նոյեմբերի 5-ի նրա գորղողություններն ու խոսքերը որքան էլ գժական էին, բայց գժություն չէին, այլ լավ հաշվարկված ու ծրագրված արարքներ էին: Հետեւաբար Շանթի գժության վարկածը կարելի է փակված համարել:
Քաղաքական ավանտյուրան ու շառլատանությունը շատ համոզիչ պիտակներ են նոյեմբերի 5-ի դեպքերի համար: Մանավանդ որ Շանթն ինքն էր հեգնախառն հրճվանքով ու ցինիկաբար հայտարարում, թե իրենք «ռագատկայով» (պարսատիկով), «մարգանցովկա-բրոնզի» պայթուցիկներով ու մարզաձողերով գնում են «գրավելու» մի շարք պետական հաստատությունների շենքեր: Ավանտյուրան ու շառլատանությունը նույնիսկ շատ մեղմ որակումներ են Շանթի գլխավորած այդ անմիտ գործողությունների համար: Բայց որքան էլ ազնիվ լինեին Շանթի հետեւից գնացող խաբված երիտասարդների մղումները, Շանթի արարքներում ազնվության նշույլ անգամ չկար: Նա իր երկարամյա փորձառությամբ հրաշալի պատկերացնում էր, թե ինչ փորձանքի մեջ է գցում իր հետեւից եկողներին, ում ձեռքն է հանձնում նրանց եւ վերջին հաշվով դեպի ինչ մռայլ ու դաժան հանգրվան է առաջնորդում այդ միամիտ անփորձներին: Խնդիրն այն է, թե հանուն ինչի նա մտավ այդ մեծ մեղքի տակ: Անձնական-շահադիտակա՞ն նկատառումներով, իշխանությունների՞ պատվերով, թե՞ օտարերկրյա դրդմամբ:
Օտարերկրյա դրդումը տվյալ դեպքում թերեւս ամենաքիչ հավանական վարկածն է: Շատ նման ու համոզիչ, բայց քիչ հավանական է նաեւ իշխանությունների հետ Շանթի դավաճանական համագործակցության վարկածը:
Քննարկենք անձնական-շահադիտական շարժառիթի վարկածը: Շանթի՝ ԱՄՆ-ում ապրող հայրը քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիրն է: Իսկ հայտնի է, որ այդպիսի կազմակերպությունները բավական մեծ գումարներ են ստանում զանազան երկրներում հակաիշխանական գործողություններ կազմակերպելու եւ խրախուսելու, քաղբանտարկյալներ կպցնելու համար: Ուրեմն որքան շատ մարդ (թեկուզ բանից անտեղյակ կամ խաբված ու մոլորեցված) ներգրավեր ու բանտ նետեր Շանթը նոյեմբերի 5-ի ավանտյուրայի արդյունքում, այնքան շատ գումար կհայթայթեր նրա հայրը Միացյալ Նահանգներում: Բայց, համաձայն հեղափոխական օրենքների, նույն գործից տուժածների ու նրանց ընտանիքների բոլոր կարիքները պարտավոր են հոգալ ազատության մեջ մնացածները: Եվ քանի որ նոյեմբերի 5-ի գործով նստածներին (Շանթից բացի) ոչ մի այդպիսի օժանդակություն չի տրամադրվում, ուրեմն դրանք Շանթից գցվածներ են, Շանթի զոհերը: Շանթը պարզապես նրանց մոլորեցնելով չարաչար խաբել է եւ գործածել իր անձնական օգուտների համար: Եթե այս վարկածը հաստատվի, ապա Շանթը պետք է խստորեն պատժվի, իսկ նրա զոհերի վրայից պիտի հանվի ամեն մի մեղադրանք:
Մնում է իշխանությունների հաշվեհարդարի վարկածը: Դավադիր սադրանքի հոտ է գալիս նաեւ ոստիկանության պահվածքից: Ոստիկանությունը չէր կարող մոռացած լինել, որ Շանթը մարտի 1-ի գործով մեկ տարի կալանավորված մնալուց հետո անմեղսունակ է ճանաչվել հոգեպես անհավասարակշիռ լինելու պատճառաբանությամբ: Եվ երբ այդ «անհավասարակշիռ» համարվող (այսինքն՝ գժի թուղթ ունեցող) մարդը Ազատության հրապարակում բացահայտորեն (մեծաքանակ ոստիկանների աչքի առաջ) արկածախնդրություն է սադրում, ու ոչ մի փորձ չի արվում դա կանխելու (փայտե ձողերն ու պայթուցիկները բռնագրավելու, Շանթին նորից հոգեբուժարան տեղափոխելու): Ընդհակառակը, կրակին յուղ է լցվում, խաղաղ երթն է անտեղի կասեցվում, մարգանցովկա-բրոնզ պայթեցնող եւ ոստիկանների վրա հարձակվող սադրիչներ են հայտնվում, հետո՝ մինչեւ տեղազննություն ու փորձաքննություն իրականացնելը, հայտարարվում է, թե ձերբակալվածները մեղադրվում են նաեւ ուրիշի գույքին խոշոր չափի վնաս հասցնելու համար: Հաջորդ օրն այս վերջինի մասին չի խոսվում, քանի որ սադրիչները չէին հասցրել դրա հիմքերը նախապատրաստել: Բայց մնացած մեղադրանքն էլ (քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս) խիստ չափազանցված-ուռճացված է: Ո՞ւր մնացին իրավապահ մարմինների գործողությունների «համաչափության» մասին հավաստիացումները: Իշխանությունները կարող էին այսպիսի սադրանք պատվիրել Շանթի ու նրա հոր դեմ ունեցած ոխի պատճառով: Բայց այդ դեպքում ի՞նչ մեղք ունեն Շանթից խաբված երիտասարդները: Նրանց ինչո՞ւ են նույն արշինով չափում, ինչո՞ւ են նրանց նկատմամբ նույն մեղադրանքն առաջադրել, ինչ Շանթի նկատմամբ: Դարձյալ ո՞ւր մնաց «համաչափությունը»:
Այնուամենայնիվ, որ վարկածն էլ հաստատվի, Շանթը միանշանակորեն մեղավոր է խաբված երիտասարդներին «արդարադատության» ձեռքը գցելու համար: Ուրեմն ինքը պիտի պատժվի նրանց բոլորի փոխարեն եւ ինքն էլ պիտի հատուցի խաբված երիտասարդների բոլոր օրինական ու ստվերային ծախսերը:
Ժաննա Զոհրաբյան

Հ.Գ. Գրվածքս պատրաստ էր հրապարակման, երբ իմացա, որ հունվարի 16-ին թուրքական դատարանը արդարացրել եւ ազատ է արձակել Ստամբուլի Գեզի զբոսայգու գործով ձերբակալվածներին՝ հայտարարելով, որ նրանք ընդամենը իրականացրել են խաղաղ երթ անցկացնելու իրենց իրավունքը՝ անկախ նրանից, թե այդ երթը թույլատրված էր, թե ոչ, եւ ոստիկանության հետ բախում եղել է, թե ոչ: Ուրեմն Շանթի գործով ձերբակալված երիտասարդները քանի դեռ նստած են, ժողովրդավարության ու մարդասիրության առումով ժամանակակից Թուրքիային նախանձելու եւս մի լուրջ պատճառ ունենք:
Ժ. Զ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել