Մերօրյա նկարիչներից այսօր կանդրադառնանք ամերիկացի գեղանկարիչ Սթիվ Հենքսին, ով համարվում է ջրաներկով աշխատող մեր ժամանակների լավագույն նկարիչներից մեկը: Սթիվը հրաշալի կերպով կարողանում է ընդգծել պատկերների մանրամասնություններն ու դետալները ու գույների ճիշտ ընտրությամբ կարողանում է ռեալիստական պատկերներ կերտել ջրաներկի միջոցով:
Հենքսը ծնվել է 1949թ.-ին՝ Սան Դիեգոյում, ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվում է Նյու Մեքսիկո: Դպրոցն ավարտելուց հետո Հենքսը հաճախում է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ակադեմիա ու գերազանցությամբ ավարտում կոմերցիոն արվեստի ու ֆիգուրատիվ նկարչության բաժին, ու շարունակում կրթությունը Կալիֆորնիայի արվեստի քոլեջում` ստանալով բակալավրի աստիճան: Ընդհանուր առմամբ նկարիչը ստեղծագործում է յուղաներկով, ջրաներկով, մատիտով ու ակրիլով: Հենքսը նշում է, թե նա չէր լինի այն նկարիչը, ով կա այսօր, եթե այդքան շատ ժամանակ չհատկացներ իր կարողություններն ու նկարչության տեխնիկան զարգացնելու համար: Ինքը՝ նկարիչն, իր ոճն անվանում է «էմոցիոնալ ռեալիզմ»: Իսկ նկարչի ամենասիրելի պատկերը արևային լույսն է, որը, ըստ նկարչի, ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես է թափանցում առարկաների միջով ու տաք գույներով փոխում միջավայրը: Հենքսի ռեալիստական աշխատանքները լի են զգացմունքներով, որոնք փոխանցվում են, երբ դիտում ես դրանք: Ստորև կարող եք վայելել նրա աշխատանքները: