Առ այսօր շարունակվում էր (գուցեև այս պահին) հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակը, և Ադրբեջանը շարունակում է անկանոն կրակ բացել և´ մեր դիրքերի, և´ քաղաքացիական օբյեկտների, և´ հենց քաղաքացիների ուղղությամբ: Սրա արդյունքում այսօր առավոտյան պարզ դարձավ, որ թշնամու գնդակից Այգեպարում վիրավորվել է 16-ամյա աղջիկ: Հիշեցնեմ, որ առկա հանգամանքներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է հունվարի 24-ին, այնուամենայնիվ, հանդիպել իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին: Արդյոք արժե՞ մասնակցել մի հանդիպման, որը ոչ միայն դատապարտված է ձախողման (բանակցությունների առաջընթացի առումով), այլև կարող է պատճառ հանդիսանալ նման միջադեպերի՝ միջազգային հանրության արդեն լիակատար անտեսման համար, ինչպես նաև խթանել Ադրբեջանի կողմից շարունակական դարձած ապակայունացնող գործողությունները:
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող սադրանքները, դրա արդյունքում մեր կողմից զոհերն ու վիրավորները անտեսվում են թե´ ընդհանուր առմամբ միջազգային հնարության, թե´ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, մինչդեռ այդ սադրանքները չեն դադարում առ այսօր: Հիմա հարց է ծագում՝ արժե՞ արդյոք իրավիճակի ներկա ֆոնի ներքո դրսևորել պասիվ դիվանագիտական կեցվածք, և այսօր, ժպիտը դեմքներիս մեկնենք Փարիզ, հանդիպենք Մամեդյարովին և համանախագահներին և պահենք մեզ, այնպես, կարծես ոչինչ չի էլ պատահել: Կարծում եմ, որ այս դեպքում պետք է դրսևորել ավելի կոշտ պահվածք թե´ շփման գծում, թե՛ դիվանագիտական հարթության վրա:
Միջազգային հարաբերություններում առկա են բազմաթիվ ընդունելի միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնել պետության կողմից դժգոհություն կոնկրետ խնդիրների, կամ էլ քո երկրի հանդեպ տարվող քաղաքականությանը: Դրանցիկ ամենապարզ և անմեղ, բայց միևնույն ժամանակ պաշտոնական անհամաձայնության հայտնելու միջոցը Դեմարշն է (Démarche): Վստահ եմ, որ մեր այդ քայլով մենք ինչ-որ չափով կմեղմենք միջազգային հանրության կողմից մեզ հասցված վիրավորանքը, որն իրենք դրևորեցինք իրենց կատարյալ լռությամբ, ինչպես նաև կսթափեցնենք, ինչպես հենց այդ միջնորդ երկրներին, այնպես էլ Ադրբեջանին, ով կարծում է, որ մենք իրենց հետ խաղ ենք անում: Սա զուտ դիվանագիտության մասով: ԶՈՒ-ի առումով, կարծում եմ, պետք է նախաձեռնել մի քանի շատ լուրջ մակարդակով պատասխան հարձակումներ: Իմ խորին համոզմամբ՝ սա միակ ճիշտ և արժանապատիվ քայլը կլինի, որ մենք արած կլինենք վերջին շրջանում: Խնդրում եմ ճիշտ հասկանալ՝ ես բնավ կոչ չեմ անում պատերազմ վերսկսել և վտանգել մարդկանց կյանքերը, ընդհակառակը, ես կոչ եմ անում ձեռնարկել միջոցառումներ, որոնք հենց առաջին հերթին կկանխեն հակամարտության հետագա էսկալացիան:



