1in.am-ը գրում է.
Թուրքը միշտ էլ մեզ վրա ուրիշ աչքով է նայում, հետևապես մեր զգոնությունը պետք է լինի ոչ թե 100, այլ 120 տոկոս: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովը՝ հավելելով, որ ադրբեջանական վերջին դիվերսիայի ժամանակ Արմեն Հովհաննիսյանն ու նրա ընկերներն իրենց իսկական հերոսի նման են պահել:
«Ադրբեջանցիները միշտ հարձակվողի դերում են: Ընդ որում, ադրբեջանական դիվերսիոն խմբերի անդամները զտարյուն թուրքեր են, ոչ՝ լեզգիներ, թալիշներ կամ այդ երկրում ապրող ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է մեզ, ապա պետության կողմից բանակին հատկացվող գումարներն առավել արդյունավետ պետք է ծախսվեն, և վերահսկողություն պետք է սահմանվի յուրաքանչյուր դրամի վրա: Մենք պետք է մեծ փողեր ծախսենք դիվերսիոն խմբերի հայտնաբերման, ժամանակակից և անվրեպ համակարգերի վրա: Մինչդեռ մինչև հիմա մեր բանակը հենված է ռուսական բանակաշինության ավանդույթների վրա: Պետք է հետախուզական հզոր խմբեր ունենանք: Չնայած Ադրբեջանը լավ գիտի՝ մենք այն աստիճան փորձառու հետախույզներ ունենք, որ կարող են գիշերը գնալ, Մեհրիբան Ալիևայի բարձին վարդ դնել և անվնաս վերադառնալ»,- ասաց նա:
Վովա Վարդանովի խոսքով՝ եթե պատերազմ լինի, հայրենիքը պահած ցանկացած անհատ պատրաստ կլինի զենքը ձեռքին կրկին ճակատ մեկնել: «Սակայն պատերազմ չի սկսվի: Իլհամ Ալիևը պատերազմ չի ուզում: Նա պատերազմ կհրահրի, երբ զգա, որ կորցնում է իշխանությունը: Մնացած դեպքերում՝ դիրքեր գնդակոծելը և այլն, դիվանագիտական խնդիր են:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանն իր հերթին նկատեց, որ ի տարբերություն Արցախյան պատերազմի մասնակից մարտիկների՝ փափուկ բարձին մեծացած տղաներին այսօր շատ դժվար է կանգնել թշնամու հետ սահմանին:
«Սակայն թուրքը պրիմիտիվ ազգ է, և նրան կարելի է պրիմիտիվ կերպով հաղթել: Թող մեկ շաբաթով էլ պատերազմ լինի, ի՞նչ կա որ: Եթե երկրին վտանգ սպառնա, 70-80 տոկոս ազատամարտիկները կրկին կգնան հայրենիքը պաշտպանելու»,- համոզմունք հայտնեց նա:



