Lragir.am-ը գրում է.
Հարավկորեական Չոսուն կայքն անդրադարձել է Սերժ Սարգսյանի Կորեա կատարած այցին և ցողունային բջիջների թերապիայով նրա երիտասարդացմանը: Հոդվածը թարգմանաբար՝ ստորև.
«Կորեայի բարգավաճող բժշկական զբոսաշրջությունն առաջին անգամ գրավել է արտասահմանյան երկրի ղեկավարի, Հայաստանի նախագահը վերջերս այստեղ երիտասարդացման կուրսեր է անցել:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանական ուղեկցությամբ սև սեդանների շարասյունով հունվարի 9-ին այցելել է Գանգնամում գտնվող Չաում կենտրոն: Չաումը երիտասարդացման կլինիկա է և պատկանում է CHA Health Systems ընկերությանը:
Սարգսյանին ուղեկցում էին նախկին խորհրդային արբանյակ ժողովրդի նախկին նախագահը (Արկադի Ղուկասյան-lragir.am) և Ռուսաստանից մի հայ գործարար (Արա Աբրահամյան-lragir.am): Գործարարն անցյալ տարի պետական այցով Կորեայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում է եղել և այդ ժամանակ էլ բուժում է անցել կլինիկայում:
Խումբը մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր այցելել է Չաում և բուժում է անցել, որը ներառում է ցողունային բջիջների թերապիա, սպա, ծերացման դեմ թերապիա, մարմնի հարթեցում, մերսում, քաշի կարգավորման պրոցեդուրա:
Կլինիկայում ասել են, որ Կորեայում մնալու ընթացքում Սարգսյանին ուղեկցել են ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Խումբն ընդհանուր 200 միլիոն վոն է վճարել (մոտ 185 հազար դոլար) և մեկնել են հունվարի 17-ին: 2010 թվականին բացվելուց հետո Չաումը շատ հարուստ մարդկանց է գրավել աշխարհի տարբեր երկրներից իրենց մասնավոր ինքնաթիռներով: Նրանց թվում են չինացի և կանադացի խոշոր գործարարներ, Ղազախստանի վարչապետը, Սաուդյան և ԱՄԷ իշխող ընտանիքների անդամները:
Բժշկական զբոսաշրջության նպատակները տարբեր են: Վերջերս Սեուլում ծնկի վիրահատության է ենթարկվել Կորեայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուուս Հիդինկը:
Անցյալ տարի մոտ 200 հազար արտասահմանցի է այցելել Կորեա բուժման համար: Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ 2020թ այդ թիվը կհասնի 1 միլիոնի:



