Այսօր ականավոր հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակն է: Բանաստեղծը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում՝ նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվ՝ սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն՝ նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած՝ Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան:
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։
Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Ժողովածուներ
- Անմահները Հրամայում են 1948
- Անհաշտ Մտերմություն 1953
- Սիրո Ճանապարհ 1954
- Անլռելի Զանգակատուն 1959
- Մարդը ափի մեջ 1964
- Սայաթ Նովա 1969
- Եղիցի լույս 1969
- Ձեր Ծանոթները 1971
Պոեմներ
- Անլռելի Զանգակատուն
- Եռաձայն Պատարագ