Այսօր կառավարության հավանությանն է ներկայացվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը ՀՀ-ում կրթական համակարգի քայքայմանն ու վերջնական ոչնչացմանն ուղղված քայլերի տրամաբանական շարունակությունն է: Եթե այլ երկրներում կրթության համար պատասխանատու կառույցներին անհանգստացնում է այն, որ երիտասարդները հրաժարվում են շարունակել կրթությունը, ապա Հայաստանում կրթական ոլորտի ներկայացուցիչներին մտահոգում է այն, որ վերջին շրջանում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի ներկայացուցիչներ են: ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ մեզ համոզում էր, որ ռեսուրսներ չունեցող Հայաստանի ապագան կախված է կրթության և գիտության զարգացումից: Հայաստանը «զարգացնելու» նպատակով Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է անձնական նախաձեռնությամբ օտարերկրյա պետություններում ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացուց պահանջել գրավի պայմանագիր` գրավ դրվող գույքի նվազագույնը 8.5 միլիոն դրամ: Նախագծում բացահայտ նշված է, որ նման ռեսուրսներ Հայաստանում ունեն շատ քչերը, ուստի օրենքի փոփոխությունը կհասնի իր նպատակին` խոչընդոտել արտերկրում հայ երիտասարդի ուսումը, իրավական առումով այն դարձնել գրեթե անհնարին: Սա այն հերթական օրենքի նախագծերից մեկն է, որը փորձում է մեկ ոլորտի թուլացման ու քայքայման գնով ուժեղացնել մյուսը: Ու անիմաստ է կրթության ոլորտից անտեղյակ կրթության ոլորտի «մասնագետներին» հիշեցնել, որ գիրն ու գրականությունը, կրթությունն ու գիտությունը ամենաուժեղ զենքն են: Եթե չեն վստահում համաշխարհային փորձին, թող վերընթերցեն հայ գրողներին ու պատմիչներին, ովքեր Հայաստանի փրկությունը միշտ տեսել են կրթության մեջ և գրիչը համարել են անհաղթահարելի զենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել