Բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար |
Ես 35 տարեկան եմ, 15 տարի է ինչ ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ: Ես այսպիսի խնդիր ունեմ. Ամուսինս չի ցանկանում սեքսով զբաղվել: Անմիջապես տարբեր մտքեր են ի հայտ գալիս. Դավաճանում է կամ որևէ այլ սարսափելի պատճառ: Ես վաղ տարիքում եմ ամուսանցել, և այդ ժամանակ դեռ երեխա էի, չէի հասկանում: Այդպես պատահում էր ամիսը 1-2 անգամ, իսկ հիմա իրավիճակը կրիտիկական է՝ կես տարին մեկ անգամ և այն էլ երկար խոսակցություններից հետո: Պետք է ասել, որ ամուսնական սեռական կյանքում տղամարդու, ինչպես նաև կնոջ մոտ , երբեմն կարող են դիտվել սեռական ցանկության, ակտիվության սինուսոիդալ տատանումներ՝ բարձրացումներ և իջեցումներ. այդպիսի տատանումները կարելի է նորմա համարել: Սակայն Ձեր պարագայում ի սկզբանե եղել է ցածր սեռական ակտիվություն՝ ինչը հավանաբար պայմանավորված է ամուսնու սեռական կոնստիտուցիայի թույլ տիպով. այն դեպքերում, երբ ամուսնական զույգի մոտ առկա է կնոջ և տղամարդու սեռական կոնստիտուցիաների տիպերի անհամապատասխանություն, դրանից բխող նաև սեռական ակտիվության պահանջի տարբերություն, կարող է արձանագրվել կոնստիտուցիոնալ- գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակություն: Հնարավոր են նաև բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել սեռական ցանկության նվազման՝ սոցիալ- հոգեբանական բացասական գործոններ, միջանձնային լարված փոխհարաբերություններ, աշխատանքային անբարենպաստ պայմաններ, հորմոնալ խնդիրներ ( արական սեռական հորմոնների ցածր մակարդակ, պրոլակտինի բարձրացում) և այլն: Չպետք է մոռանալ, որ կինը մշտապես պետք է պահպանի իր գրավչությունը ամուսնու համար, ստեղծագործ լինի ինտիմ կյանքում. ստերիոտիպային ինտիմ կյանքը երբեմն կարող է ձանձրացնել: Բոլոր դեպքերում խնդրի կարգավորմանը մեծապես նպաստում է ամուսինների ներդաշնակ, միմյանց նկատմամբ սրտացավ, կողակցին չմեղադրող մթնոլորտը. միայն այս իրավիճակն է բժշկին հնարավորություն տալիս լիակատար, արդյունավետ իրականացնել ռեաբիլիտացիայի ողջ գործընթացը և վերականգնել ամուսնական սեռական ներդաշնակությունը: