Armenpress.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս նպատակահարմար չի համարում աղջիկների` պարտադիր զինվորական ծառայության անցնելը: Այս մասին ԵՊԼՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը փաստեց, որ նախորդ տարի իգական սեռի մի քանի ներկայացուցիչներ ընդունվել են սովորելու ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: «Մենք թույլ ենք տվել, որ աղջիկները գիշերները տուն վերադառնան, որովհետև քիչ են և պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն դեռևս չկա: Եթե այդպիսի ծառայություն լինի, պայման պետք է լինի, որ աղջիկները տուն գնան: Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակի համալրումն իրականացնենք մեր տղաների միջոցով: Զորակոչի արդարացի իրականացման պայմաններում մենք հասել ենք նրան, որ երկու տարի առաջ որքան զորակոչել ենք, այնքան էլ այս տարի է եղել թիվը: Իհարկե, ես հասկանում եմ, որ բոլորը պետք է մասնակցեն մեր երկրի պաշտպանությանը, պատմությունը ցույց է տալիս, որ շատ աղջիկներ են մասնակցել պայքարին: Այսօր մեր բանակում ծառայում են մեծ թվով կանայք` հատկապես բժշկական ոլորտում, նաև մարտական ստորաբաժանումներում: Իսրայելի օրինակը միշտ դրված է իմ առջև, սակայն մենք այդ որոշման դեռ չենք եկել»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց նախարարը:
Պաշտպանության նախարարի համոզմամբ` աղջիկները կարող են ծառայել զինված ուժերում կամավորական սկզբունքի հիման վրա: «Մենք այսօր ժողովրդագրական խնդիր ունենք: Թող տղաները ծառայեն, աղջիկները ամուսնանան և շատ զավակներ ունենան: Մեր ամենակարևոր զենքը մեր հակառակորդին «օրորոցային վրեժ» հայտարարելն է`շատ զավակներ ունենալով»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
2013-ին ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվել է երեք աղջիկ: Ռազմաավիացիոն ինստիտուտում աղջիկները կդառնան կապավորներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ և տղաների հետ կհամալրեն հայոց բանակի շարքերը որպես սպաներ:



