Երեկ տեղի ունեցավ «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի, այսպես ասած, առաջին փուլը: Համաժողովին ներկա էր ավելի քան 40 երկրի պատվիրակ: Առաջին անգամ նույն սեղանի շուրջ նստեցին Սիրայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները: Բանակցությունների առաջին փուլը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր. ականատեսն էինք իսկական կոմունիկացիոն էնտրոպիայի: Այլ կերպ ասած, ամեն մարդ ասում էր այն, ինչ ինքն էր ուզում՝ չլսելով, թե դիմացինն ի պատասխան դրան ինչ է իր հերթին ասում: Նման պայմաններում ոչ մի դիվանագետ չի կարող անգամ նվազագույն արդյունք արձանագրել:
Այսպիսով, այս բանակցությունների ժամանակ կողմերի կողմից մենք ոչ մի նոր գաղափար չլսեցինք: Սիրիական ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ Ասադը պետք է իշխանությունը հանձնի ժամանակավոր կառավարությանը, քանի որ ռազմական հանցագործություններ է գործել սեփական ժողովրդի հանդեպ, իսկ կառավարությունը պնդում էր, որ նման հայտարարությունները ստահոդ են և, որ կառավարությունն այժմ պայքարում է երկիրն ահաբեկիչներից ազատելու ուղղությամբ, մասնավորապես՝ պայքարելով Ալ Քաիդայի և այլ ծայրահեղ-իսլամիստական խմբերի դեմ: Համաժողովի ընթացքում կրքերը թեժացան, և Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց չթողնելով, փորձում էր աշխարհին ներկայացնել սիրիական կառավարության դիրքորոշումը՝ ընթացքում Թուրքիային մեղադրելով դավաճանության մեջ, իսկ ԱՄՆ-ին՝ քննադատելով երկրի իշխանությունների լեգիտումությունը շահարկելու համար, քանի որ ըստ Մուալեմի, լեգիտիմության հարցը որոշելը բացառապես սիրիացի ժողովրդի իրավունքն է:
Ահա և այն մթնոլորը, որի շուրջ կայացավ բանակցությունների առաջին փուլը: Արևմուտքն ինչպես միշտ պաշտպանեց ընդդիմությանը, իսկ Ռուսաստանը անուղղակիորեն՝ Ասադին: Կազմակերպիչները, սակայն ասում են, որ ամենակարևոր օրը, վաղն է, երբ ընդդիմության և իշխանության պատվիրակները պետք է առանձին բանակցեն և փորձեն ինչ-որ լուծման հանգել: Անկասկած, մենք ուշադիր կհետևենք այդ բանակցությունների ընթացքին և անհամբեր կսպասենք խնդրի խաղաղ և արդարացի լուծման վերաբերյալ հուսադրող արդյունքերի, բայց անձամբ ես այդքան լավատես չեմ և կարծում եմ, որ սա կլինի պարզապես համաժողով համաժողովի համար, և մենք դեռ ականատեսը կլինենք «Ժնև-3»-ի «Ժնև-4»-ի և այլն: