Mitk.am-ը գրում է.
Իրադրությունը մեկնաբանում են կրիմինալ
աշխարհի «գեներալները»
Այն, ինչ կատարվեց 2009-ի հուլիսի 28-ին «Տալյան փիղ» ռեստորանի մուտքի մոտ, այն, ինչ կատարվեց 2010-ի սեպտեմբերի 16-ին Տվերսկայա փողոցում, սոսկ Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի և Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի դեմ իրագործված մահափորձեր չեն: Դրանք Խորհրդային Միության կրիմինալի` «գողական աշխարհի» դեմ իրականացված դաժան ակտեր են: Ինչպես Իվանկովի, այնպես էլ Ուսոյանի նկատմամբ մահափորձերն ամեն մեկը մեկնաբանում է յուրովի: Խոսում, կարծիք են հայտնում իրավապահ մարմինների աշխատողները, քրեագետները, այս ոլորտի ուսումնասիրողները և, իհարկե, ավելի շատ և բոլորից առավել` լրագրողները: Բնական է: Փորձենք հասկանալ, թե իսկապես ինչ է տեղի ունեցել և ինչու: Մեզ այս հարցում կօգնեն «գողական աշխարհի» հեղինակությունները, ովքեր ազատ խոսելու համար մեկ պայման առաջադրեցին` չնշել իրենց անունները: Զրույցներից հետո զգացինք, որ նրանց մատուցած նյութն արժեր այս պայմանը չխախտելուն:
Տեսնենք, թե նրանք ինչպես են
մեկնաբանում այս իրադարձությունները
Զանգվածային լրատվության միջոցները (հասկանալի է, որ առաջին հերթին նկատի ունենք ռուսական ԶԼՄ-ները, որովհետև օտարերկրյա գրեթե բոլոր լրատվամիջոցները սոսկ օգտվել են ռուսական աղբյուրներից) անվերապահ շեշտեցին, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում իրականացված մահափորձերը և սպանությունները միայն մաֆիոզ խմբավորումների միջև մղվող պայքար են: Եթե տարիներ առաջ այդպիսի դաժան պայքար մղվում էր սոսկ մոսկովյան և ռուսաստանյան խմբավորումների միջև, հետագայում նաև ազգային (էթնիկ) ավազակախմբերի շրջանում, ապա այժմ պարզ է դառնում, որ ետխորհրդային տարածքներում կրիմինալ աշխարհում հզոր թափ են հավաքել «նոր սերնդի գողերը» և մահացու կռիվ են մղում «հին գվարդիայի» դեմ: Միամտություն կլինի կարծել, թե, ահա, բարիկադի մի կողմում վրացի «օրենքով գողերն» են, իսկ մյուս կողմում` ռուսական հանցագործ խմբավորումները, թե Տարիել Օնիանին և նրա զինակիցները պայքարում են Վյաչեսլավ Իվանկովի ու Ասլան Ուսոյանի և նրանց կողմնակիցների միջև: Ոչ, այդպես չէ, հավաստում են մեր զրուցակիցները, ովքեր հանցագործ աշխարհը գիտեն ոչ թե հեռուստատեսությունից, թերթերից, գրքերից, այլ ապրել են այդ աշխարհում, գիտեն այդ աշխարհի բոլոր նրբությունները: Եվ նրանք բնավ էլ«պաշտոնաթող գեներալներ» չեն, որովհետև այս ոլորտում «պաշտոնաթողություն» չի լինում, այնպես, ինչպես մարդն իր կենսագրությունից հրաժարվել չի կարող:
«Ոչ ոք իր կյանքը չէր վտանգի այն բանի համար, որ տեսներ արյունաքամ լինող Իվանկովին կամ Ուսոյանին,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:- Նույնիսկ հսկայական փողերի դիմաց այդպիսի ռիսկի չէին դիմի: Գիտեմ, որ խոսվում է մեծ, շատ մեծ փողերի մասին: Բայց միայն հիմար մարդը զենք կբարձրացներ Յապոնչիկի կամ Դեդ Հասանի վրա, որովհետև խելոք գողը գիտի, որ, միևնույն է, ինքը կմերկացվեր, եթե անգամ սպանվեին այս երկուսը: Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ «գողական աշխարհում» միայն գրպանահատներ («ջեբկիրներ») են, պարզունակ «ֆորտըչնիկներ» (տուն թալանողներ), «կիդալներ» (խաղանենգներ)… Չէ, այդպես չէ: Նախ Յապոնչիկի կամ Դեդ Հասանի դեմ մահափորձ կազմակերպողները գոնե իրենց հավասար կամ իրենցից շատ քիչ աստիճանով ներքև գտնվող մարդիկ են, այնպիսի մարդիկ, ովքեր կրիմինալ աշխարհում այսօր մեծ թափ են հավաքում»:
«Այսինքն այստեղ կարող է խոսք գնալ Տարոյի` Տարիել Օնիանիի՞ մասին: Իսկ ԶԼՄ-ներում հոլովվեց ազգությամբ ադրբեջանցի Ռավշան Ջանիևի` Լենկորանսկու մասին: Ավելին, ասվեց, որ հիվանդանոցից դուրս գրված Ասլան Ուսոյանը հենց Լենկորանսկուն է նշել որպես իր դեմ կատարված մահափորձի կազմակերպչի և դա արել է արտակարգ կերպով հրավիրված հավաքի` սխոդկայի ժամանակ»:
«Դուք ներկա՞ եք եղել այդ սխոդկային: Ես այնտեղ չեմ եղել և չեմ կարող ասել, որ Դեդը հենց Ռավշանի անունն է տվել: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ այս հաղորդագրությունը կանխամտածված ապատեղեկատվություն է, որը կարող են տարածել և՛ Դեդ Հասանի կողմնակիցները, և՛ Ռուսաստանի իրավապահ մարմինները: Ախր, Ռավշանը շատ փոքր մարդ է Դեդի դեմ ելնելու համար: Նրանց քաշային կատեգորիաները շատ տարբեր են»…
Եվ, իսկապես, եթե փոքր-ինչ ծանոթ ես Ռավշան Ջանիևի կենսագրությանը, ապա կարող ես հաստատապես ասել. նա այն մարդը չէր, որ ելներ Դեդ Հասանի դեմ: Ճիշտ է, ԶԼՄ-ները հաճախ շատ են չափազանցնում` կրիմինալ աշխարհի մարդկանց ներկայացնելով, սակայն այս աշխարհից քիչ թե շատ բան հասկացող մարդն անմիջապես կզգա ֆանտաստիկան: Եվ ահա, այս Ռավշանը, 35-ամյա այս ադրբեջանցին, ում անունը շատ սակավ է հիշատակվել, Ուսոյանի դեմ մահափորձից մի քանի օր անց ձերբակալվում է Կիևի երկաթուղային կայարանում: Նա Ուկրաինայի մայրաքաղաք էր ժամանել այս պետության անձնագրով, որտեղ նրա ազգանունը ոչ թե Ջանիև էր, այլ` Ալիև:
Ռուսաստանում և Ուկրաինայում թափ էր հավաքում ադրբեջանական հանցավոր խմբավորման առաջնորդը: Ոչ վաղ ժամանակներում Ջանիևի ավազակախումբը տերուտնօրինություն էր անում Մոսկվայի Չերքիզովյան շուկայում, որի փակվելուց հետո նա փորձեր արեց մտնել ազդեցության այն ոլորտները, որտեղ արքա է Դեդ Հասանը: Վերջինս ցանկանում էր Մոսկվայից դուրս գցել Ռավշանին` Ռավշան Ռաֆիկ-օղլի Ջանիևին, սակայն ադրբեջանցուն սատար կանգնեցին Ջեմո և Մամուկիս Երքելաձեները: Նա, իհարկե, դեռ չի հասցրել առաջին դեմք` կրիմինալ աշխարհի«գեներալ» դառնալ, սակայն գեներալական նկրտումներ ունի:
Իսկ ինչո՞ւ էր նա փախչում Ուկրաինա, ուր երկու անգամ (2008-ի փետրվարի 13-ին և 2009-ի դեկտեմբերի 3-ին) ձերբակալվել էր. մեղադրվել էր ծանր հանցագործությունների համար: Երկորդ ձերբակալությունից մեկ ամիս անց Ուկրաինայի իրավապահները նրան հանձնել էին Ադրբեջանի իրենց գործընկերներին: 2 տարի 9 ամիս կալանք կրելու փոխարեն նա ազատվել էր բանտարգելությունից և մեկնել Մոսկվա: Իսկ Մոսկվայից փախավ. փախավ, երբ նրան լուր հասավ, թե Դեդ Հասանը հենց իր անունն է տվել գողական սխոդկայի ժամանակ: Նա իհարկե կարող էր մնալ, ապացուցել, որ ինքն ի վիճակի չէր մահափորձ կազմակերպել այնպիսի մարդու դեմ, որպիսին Դեդ Հասանն է, որ ինքը բնավ էլ «գեներալ» չէ, այլ միայն ենթակա, ուրիշների հրամանները կատարող… Բայց չմնաց: Վախը գիտե՞ք ինչ կարող է անել մարդուն, ինչպիսի անհեթեթ ու անբացատրելի քայլերի ստիպել…
«Ուրեմն` ի՞նչ. որպես մահափորձի պատասխանատու` մնում է Տարիել Օնիանի՞ն»:
«Տարոյի հարցը մի փոքր այլ է: Նա մեղադրվում է Յապոնչիկի մահափորձը կազմակերպելու համար, և այդ մեղադրանքը շատ ծանրակշիռ է: Դա ինքն էլ է հասկանում: Եվ բնական է, որ նա ցանկանում է օր առաջ թողնել Ռուսաստանը, գնալ Իսպանիա, այնտեղ դատվել և իսպանական բանտում պատիժը կրել: Այստեղ` Ռուսաստանի բանտում, նա միշտ վտանգ է զգալու»:
«Այո, Ռուսաստանում նորություն չեն բանտերում կամ ընդհանրապես կալանավայրերում սպանությունները: 1993 թվականին այնպիսի փակ ու խիստ հսկվող բանտում, ինչպիսին Խթը-ի Լեֆերտովոն է, սպանվեց Սվո Ռաֆը` Ռաֆայել Բաղդասարյանը: Ճիշտ է, ռուս իրավապահները, հատկապես Ռուսաստանի Դաշնության Ղհը-ն (անվտանգության դաշնային ծառայությունը), հայտարարեցին, որ Բաղդասարյանին ոչ մեկն էլ չի սպանել, բայց դա պարզապես սեփական մունդիրի պատիվը պաշտպանելու ծիծաղելի և անճարակ փորձ էր: Ամեն դեպքում Ռուսաստանում ապահով չէ, նույնիսկ` մեկուսացման վայրերում»:
«Ահա տեսնում ես: Եվ ուզում ես, որ Տարոն իրեն հանգիստ զգա՞: Բայց նույնիսկ դա չէ բոլոր այս սպանությունների շղթայի բացատրությունը: Հարցին պետք է ավելի լուրջ նայել: Պետք է գիտակցենք, որ եկել է կրիմինալ աշխարհի հին սերնդի մայրամուտը: Յապոնչիկի և Հասանի դեմ կազմակերպված մահափորձերը սոսկ անձանց դեմ չեն, եթե անգամ խոսքն այնպիսի հզորների մասին է, ինչպիսիք են Յապոնչիկն ու Հասանը, այլ` կրիմինալ աշխարհի բրենդի դեմ: Դաշտը մաքրվում է մաֆիայի նոր սերնդի համար, որն ապրում է եվրոպական հասկացողություններով: Ահա տես, տասնամյակներ շարունակ Խորհրդային Միության կրիմինալ ոլորտը` «գողական աշխարհը», խիստ կանոնակարգված օրենքներով է առաջնորդվել` չմտնել քաղաքականություն, չզբաղվել առևտրական գործունեությամբ, օգնել ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերներին, վճարել գողական ընդհանուր դրամարկղին` օբշչակին, չմատնել գողերին և հեղինակություններին, պահպանել ավանդույթները: Բացի դրանից, գողը սեփականություն և ընտանիք չպետք է ունենա: Այս չափանիշները տասնամյակներ շարունակ պահել է կրիմինալ աշխարհը: Բայց, ահա, «նոր գողերը» ժամանակակից, քաղաքակիրթ ոճն են նախընտրում»:
«Բայց «հներն» էլ ետ չեն մնում «նորերից»: Նրանք էլ են մտնում տնտեսական ու ֆինանսական գործունեության դաշտ»:
«Հա, գիտեմ: Գրում են: Կարդում ենք: Բայց, ահա, տես, թե ինչ են գրում: «Московская правда» թերթը 2009-ի սեպտեմբերի 10-ի համարում գրել է: Մեջ եմ բերում ամբողջությամբ, որ որևէ կողմնակալություն չլինի. «Ասլան Ուսոյանը լուծում է բոլոր վիճելի հարցերը, նրա «նայողները» Սիբիրում են, Հեռավոր Արևելքում և Ուզբեկստանում, հին շկոլայի գողերի կոհորտայի մարդիկ, որոնց հասակակիցներից շատերն արդեն այլ աշխարհ են գնացել: Չնայած պատկառելի տարիքին` ակտիվ կենսաձև է պահպանում, և նրա ազդեցությունը տարածվում է ոչ միայն Ռուսաստանի առումով: Ուսոյանին գիտեն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում, Իսրայելում և Ֆրանսիայում…»: Է, հետո ի՞նչ, որ գիտեն: Բացի Ռուսաստանից, թվարկված այս երկրներում նրա դեմ քրեական գործեր են հարուցվե՞լ, մեղադրանքներ են առաջադրվե՞լ: Ոչ, այդպիսի բան չկա: Ապա. «2008 թվականին Պիրոգովյան ջրամբարում սխոդկայի ժամանակ, երբ շատ«օրենքով գողեր» ձերբակալվեցին, Դեդ Հասանը շատ համեստ ներկայացավ`«ռուսաստանցի շարքային թոշակառու»: Հնարավոր է, որ նրան ամենացածր թոշակն են նշանակել, թեև իր կյանքում աշխատանքային ոչ մի «լուծ» չի տարել և կյանքի երկու երրորդն անցկացրել է ազատազրկման վայրերում… »: Եղբայր, որ նա Ռուսաստանի Դաշնության թոշակառու է, հավանաբար ճիշտ է, որովհետև մարդն այդ ժամանակ` 2009-ին արդեն 72 տարեկան էր: Է, օրենք ընդունեիք, որ թոշակ հասնում է Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, բացի Ասլան Ուսոյանից: Չեք ընդունել, չէ՞, այդպիսի օրենք, նախագահական այդպիսի հրամանագիր չկա: Ինչո՞ւ եք շատ սովորական փաստը ներկայացնում որպես մեղադրանք, որպես հանցագործություն: Շարունակենք կարդալ «Московская правда» թերթի այս համարը. «Թոշակառուի նրա «համեստ» կյանքի վկայություններն են ճանապարհորդությունները Ռուսաստանում և Մերձավոր Արտասահմանում: Ահա մի հաղորդագրություն Կիևից. «Ժամանելով Ուկրաինայի մայրաքաղաք` Դեդ Հասանը տեղավորվեց քաղաքի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում և քաղաքը ոտքի տակ էր տալիս մի քանի օր շարունակ: Այս հանրապետությունում նա առաջին անգամ չէ, որ լինում է: Ասում են, թե Լեոնիդ Կուչմայի ղեկավարության ժամանակներում օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Գրիգորի Սուրկիսը` Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամը, Կիևի «Դինամո»-ի սեփականատերը, ուկրաինական իսկական օլիգարխը:
շարունակելի