Հարսանիք բլոգը այսօր որոշեց անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, որին ամուսնանալուց հետո բախվում են բոլոր աղջիկները: Ինչպես դիմել ամուսնու ծնողներին, որպեսզի և՛ դուք կարողանաք լիարժեք արտահայտել ձեր վերաբերունքը և հարգանքը ձեր սիրելիին կյանք տված անձանց նկատմամբ, և՛ նրանք կարողանան զգալ ձեր ճիշտ մոտեցումը՝ իրենց նկատմամբ:
1. «Մամա» և «Պապա»
Ամուսնու ծնողներին՝ սկեսրոջը և սկեսրայրին, «մայր» և «հայր» դիմելու սովորույթը գալիս է հին ժամանակներից, երբ հարսանիքից հետո աղջիկը սկսում էր ամուսնու հետ բնակվել նրա ծնողների տանը, որտեղ, որպես կանոն, ապրում էր փեսայի ամբողջ գերդաստանը: Այժմ ժամանակները փոխվել են, և շատ նորապսակներ նախընտրում են բնակվել ծնողներից առանձին, սակայն ավանդապաշտ ընտանիքներում ամուսնու ծնողներին «հայրիկ» և «մայրիկ» ասելու ավանդույթը պահպանվել է ցայսօր:
Օտար մարդկանց անվանել «հայր» և «մայր» հեշտ գործ չէ: Այդ պատճառով, եթե դուք ամուսնացել եք ավանդապաշտ մարդու հետ, աստիճանաբար ձեզ տրամադրեք այն մտքին, որ ձեր կյանքում «նոր» ծնողներ են հայտնվել, գնահատեք նրանց այդպես դիմելու տարբերակը որպես ընտանեկան ջերմության և հոգատարության դրսևորում: Հիշեք՝ երբ կինը լսում է «մայր» բառը, նրա մոտ առաջանում է սիրելու, հոգ տանելու, ներողամիտ լինելու բնազդը: Եվ եթե դուք ձեզ դրսևորեք որպես քնքուշ «զավակ», ապա ծնողների հետ հարաբերությունները դրանից միայն կշահեն:
2. Անուն-ազգանունով
Շատերը կարծում են, որ ամուսնու ծնողներին անուն-ազգանունով դիմելը որոշակի խորթություն է առաջացնում նոր հարազատների միջև: Սակայն, ձեզանից տարիքով ավելի մեծ անձանց «Դուք»-ով դիմելը միայն հարգանքի նշան է: Հիշեք, որ ձեր վերաբերմունքը տվյալ մարդկանց հանդեպ ավելի շատ որոշվում է ձեր վերաբերմունքով նրանց հանդեպ, քան պարզապես խոսքերով: Այդ պատճառով, ինչպես էլ դուք դիմեք ձեր ամուսնու ծնողներին, կապ չունի ձեր՝ նրանց նկատմամբ տածած սիրո և ցուցաբերվող վերաբերմունքի հետ:
3. Անունով
Եթե ամուսնու ծնողները համեմատաբար երիտասարդ են, նրանք կարող են ձեզ խնդրել, որ դուք իրենց դիմեք անունով: Հարազատներին դիմելու այդ ոչ պաշտոնական ոճը մեզ է հասել Ամերիկայից և Եվրոպայից, որտեղ անունով կարող են դիմել նույնիսկ 99 տարեկան պապիկին, և դա համարվում է նորմալ երևույթ: Նման տարբերակը ձեզ հնարավորություն կտա առավել մտերմանալու ձեր ամուսնու ընտանիքի հետ և թույլ կտա հեշտությամբ հաղթահարել նրանց հետ շփման որոշակի խոչընդոտները:
Եվ հիշեք, թե ինչպես կդիմեք ձեր ամուսնու ծնողներին, դա միայն դուք պետք է որոշեք՝ ելնելով ձեր ընտանիքի ավանդույթներից և ձեր դաստիարակությունից: Կարևորը, որպեսզի ձեր ընտանիքում առկա լինի փոխադարձ հարգանքը և սերը: Այդ դեպքում ձեր նոր հարազատների հետ ձեր հարաբերությունները կդասավորվեն շատ հիանալի կերպով: