arm135066286549Kinoashkharh.am-ը գրում է.

Կինոերաժշտությունը կարող է դառնալ ֆիլմի այցեքարտը: Այն երբեմն կարող է ավելի հաջողված լինել, քան ֆիլմը և ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քան ռեժիսորը կամ ֆիլմի մասնակից հայտնի դերասանը: Սա վերաբերում է հատկապես Միշել Լեգրանին, որի անունը կապված է համաշխարհային կինոյի հետ: Միշել Լեգրանը երաժշտություն է գրել շուրջ 250 ֆիլմերի համար: “Շերբուրգյան հովանոցներ” (1965 թ.), “Թոմաս Քրաունի խաբեբաները” (1968 թ.) և “Ռոշֆորցի աղջիկները” (1968 թ.) ֆիլմերի երաժշտության համար Միշել Լեգրանն արժանացել է “Օսկար” մրցանակի, նաև ստացել է 5 “Գրեմմի”, 3 “Կեսար”, 1 “Էմմի”, 12 “Ոսկե գլոբուս՚” իսկ 2003-ին ֆրանսիական կառավարության կողմից` “Պատվո լեգեոն” շքանշանի:

Միշել Լեգրանը կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, երգիչ. 80տարեկան է, բայց նույն ակտիվությամբ է աշխատում, ինչ տասնամյակներ առաջ: 100-ից ավելի ձայնասկավառակներ է թողարկել` սկսած 22 տարեկանից: Համագործակցել է ամենահայտնի երգիչների ու նվագախմբերի հետ: Նրա համատեղ կատարումները Շառլ Ազնավուրի, Լայզա Մինելլիի, Ֆրենկ Սինատրայի, Նանա Մուսկուրիի, Բարբարա Սթրեյզանդի, Միրեյ Մաթիեի, Նաթալի Դեսսոյի, Մայլս Դևիսի, Սթինգի, Ջորջ Բենսոնի, Մարիա Նաումովայի, Թամարա Գվերձիթելիի հետ համաշխարհային հիթերի ոսկե ձայնադարանում են:

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թ., Ֆրանսիայում: Հայրը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր, դաշնակահարուհի մայրը` Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Պատանեկան և վաղ երիտասարդության տարիներին նա տարված է եղել էստրադային երաժշտությամբ, երաժշտություն է գրել շանսոնյեների համար, ղեկավարել սեփական նվագախումբը, համագործակցել ամերիկացի ջազմենների հետ, ինչպիսիք են Ջոն Կոլտրեյնը, Մայլս Դևիսը, Բիլ Էվանսը: Շուտովսկսում է գրել նաև երաժշտություն հոլիվուդյան ֆիլմերի համար: Կինոստեղծագործություններն սկսում են մեծ հաջողություն ու հռչակ բերել հեղինակին: Նրա հեշտ հիշվող, մեղեդային ու տպավորիչ երգերը լայնորեն տարածվում են ու սիրվում: 1985 թ. Միշել Լեգրանն առաջին անգամ եկել է Հայաստան: Կոմպոզիտորը հոկտեմբերի 20-ին դարձյալ իր պապի հայրենիքում էր: Նրան հրավիրել էր Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Արվեստասեր հանրությունը դեռ ամառվանից սպասում էր Լեգրանի հետ հանդիպմանը: Նա եկել էր տիկնոջ` տավղահար, Փարիզի օպերային թատրոնի մենակատար Քաթրին Միշելի հետ: “Արամ Խաչատրյան” համերգասրահում հոկտեմբերի 20-ի երեկոն նվիրվեց Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին: Կոմպոզիտորը հանդես եկավ Հայաստանիպետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգային ծրագիրը բաղկացած էր մաեստրոյի տարբեր տարիների վաղուց արդեն դասական դարձած ստեղծագործություններից, մեծ մասամբ` կինոերաժշտություն ու երգեր: Դաշնամուրի առջև Միշել Լեգրանն էր, բարձրախոսի առջև` նույնպես: Նա և´ երգում էր, և´ նվագում, և´ ղեկավարում նվագախումբը: Հոբելյանական համերգից առաջ մաեստրոն մի քիչ ժամանակ հատկացրեց զրույցի համար` առանց պայմանականությունների, հակիրճ ուպարզ: - Ժան Գաբենն ասել է. “Տարիքս զարդարում է ինձ”:

- Համաձայն չեմ Ժան Գաբենի հետ: Տարիքը զարդարանք չէ: Բայց իրականում տարիքս չեմ զգում: Ես երիտասարդ եմ, իսկ երիտասարդությունն ա´յ այստեղ է: (Ցույց է տալիս գլուխը:) Ինձ երբեք չեն հետաքրքրել ծննդյանս տարեդարձները, 80-ամյակս` նույնպես: - Հայաստանն ու հայ ժողովուրդը` Լեգրանի համար: - Մորս հայրը հայ էր: Պապիկիս հետ ես ապրել եմ 10 տարի: Նա հաճախ էր պատմում Հայաստանի մասին: Երկուսով նստում էինք դաշնամուրի առաջ, ու նա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի է հայկական ժողովրդական երգեր նվագել: Հայաստանի մասին պապիկս միշտ թախիծով էր խոսում: Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է: Այստեղ ես գտել եմ իմ հայ ազգականներին: Հայերի հետ հավասար լաց եմ եղել, ողբացել նրանց անցյալի համար: Հայաստանից մի բան կուզեի միայն` ինձ նվիրեին Սարյանի կտավներից մեկը:

- Ձեր երջանկության բանալին:

- Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին: Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես: Կարիերայի հետևից երբեք չեմ ընկել: Եթե իմ արածը կարիերա համարենք, ուրեմն ես բազմաթիվ կարիերաներ եմ արել` ջազմեն, ռեժիսոր, երաժիշտ, գործիքավորող, դիրիժոր: Ու դեռ շարունակում եմ նույն ջանասիրությամբ աշխատել: Համբուրգցի մի հայտնի խորեոգրաֆի համար երկուսուկես ժամանոց բալետ եմ գրել: Ի դեպ, դա իմ առաջին գործն է այդ ժանրով: Առաջիկա երկու տարում ևս մի բալետային գործ եմ գրելու: Միաժամանակ երաժշտություն եմ գրում ամերիկյան մի ֆիլմի համար: Սպիվակովի պատվերով կոնցերտ եմ գրել ջութակի և նվագախմբի համար: Եվս մի մեծ աշխատանք է սպասվում Ֆիլադելֆիայի նվագախմբի համար: Ինձ շատ են ուրախացնում ու ոգևորում անդադար աշխատելու առիթներն ու պահանջները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել