Panorama.am-ը գրում է.
Գիտության պետական կոմիտեն այս տարի կշարունակի իրականացնել մի շարք միջոցառումներ` կապված «Քենդլ» նախագծի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` հավելելով, որ դեռ 2013թ-ին աշխատանքներ են տարվել ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ. հաջողությամբ ավարտվել են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները:
Ս. Հարությունյանը հույս հայտնեց, որ այս տարի կառավարությունը «Քենդլ» ՊՈԱԿ-ի համար տարածք կհատկացնի:
«Ենթադրվում է, որ այն կառուցվելու է Աբովյանում` Մայակովսկու խճուղու հարևանությամբ»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ այս տարի կհայտարարվեն նոր մրցույթներ` կապված ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր և սարքավորումներ ձեռքբերելու հետ, ինչպես նաև համատեղ մրցույթ` Ուկրաինայի հետ:
Նախատեսվում են նաև բարեփոխումներ իրավական դաշտում, մասնավորապես, կմշակվի և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի որոշման նախագիծ` կապված գիտական հիմնարկներն, ըստ արդյունավետության դասակարգելու գնահատման չափանիշները սահմանելու հետ:
Բացի այդ, կմշակվեն գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման սկզբունքներն ու չափանիշները: Նշվեց նաև, որ մշակման փուլում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգը:
Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը, Ս. Հարությունյանը նշեց, որ գիտությունը միակ ոլորտն է, որի ֆինանսավորման չափաբաժինը որոշվում է օրենքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



