2Mitk.am-ը գրում է.

Հին սերնդի վերջին մոհիկանը

Նա չգնաց սխոդկայի

Շքամուտքում նախ հայտնվեց Արթուր Բաղրամյանը, ուշադիր նայեց չորս կողմը, ապա, համոզվելով, որ ոչ մի վտանգ չկա, հասկացրեց, որ շեֆը կարող է դուրս գալ: Անմիջապես մոտեցավ մեքենան: Դեդը դուրս եկավ շքամուտքից և արագությամբ նստեց մեքենան, որքան թույլ էր տալիս նրա չաղությունը:

- Տուն,- ասաց Դեդը:

Ասլան Ուսոյանի թիկնապահ Արթուր Բաղրամյանը գիտեր, որ այդ օրն իրենք պետք է գնային «Զեբրա» կարաոկե-բար, ուր իր շեֆը հրավիրված էր սխոդկայի: Սակայն, ահա, վերջին պահին շեֆը փոխում է որոշումը, և գնում են Տվերսկայա փողոց, որտեղ ապրում է շեֆի որդին` 47-ամյա Նոդարը: Ինչո՞ւ: Արթուրն այսպիսի հարցերը չի քննարկում: Որ շեֆը չի գնում այդ սխոդկային, ուրեմն պատճառներկան…

Իսկ այդ օրը, իսկապես, «Զեբրայում» մեծ հավաք էր: 24 մարդ էր մասնակցում, որոնց թվում` կրիմինալ աշխարհի հայտնի հեղինակություններ: Ազգությամբ վրացի երեք «օրենքով գողեր» կային. 44-ամյա Մամուկա Միքելաձեն, 36-ամյա Գելա Կարդավան և նրա եղբայրը` 32-ամյա Գիզոն: Հավաքվածների թվում էին նաև սոլնցևյան և կունցևյան կրիմինալ խմբավորումների ներկայացուցիչներ: «Զեբրայում» էին «Սամոսվալ» մականունով 59-ամյա Յուրի Եսինը, «Բոտինոկ» մականունով 57-ամյա Նիկոլայ Բոտինկինը և«Բուլգար» մականունով մոլդովացի գործարար Գրիգորի Կարամալակը:

Այս սխոդկայի ժամանակ նախատեսված էր քննարկել Մոսկվայի կրիմինալ ոլորտների վերաբաժանման հարցը, ինչպես նաև որևէ ելք գտնել` Գելա Կարդավայի և նրա խմբավորման հետ կապված հարցերը լուծելու համար: Մասնակիցներից շատերը տարիներ շարունակ Ռուսաստանի Դաշնության միլիցիայի ուշադրության կենտրոնում են: Մամուկա Միքելաձեն Բուտիրյան բանտում 1995 թ. հացադուլ էր հայտարարել` բողոքելով բանտային պայմանների դեմ: Գիզո Կարդավան «օրենքով գող» էր թագադրվել 2008 թ. փետրվարին` Մոսկվայի մերձակայքում կայացած սխոդկայի ժամանակ: 2010 թ. հունվարին Գիզոն Ուկրաինայից վտարվեց Վրաստան, բայց մնաց ազատության մեջ: Գրիգորի Կարամալակի նկատմամբ Մոլդովան միջազգային հետախուզում հայտարարեց 1988 թվականին: Ազգությամբ բուլղարացի Գրիգորին (այստեղից էլ` նրա մականունը`«Բուլգար») ազատ ոճի ըմբշամարտի Մոլդովայի հավաքականի անդամ է եղել, իսկ մինչև 1990-ականների վերջերը գլխավորում էր մոլդովական«Բոյար գրուպ» միավորումը, որը Մոլդովայից Ռուսաստան գինի արտահանող ամենախոշոր կազմակերպությունն էր: Այս միավորման բոլոր ղեկավարներին ձերբակալեցին Մոլդովայում: Կարամալակին ազատ արձակեցին ստորագրությամբ, որ նա չի լքի այդ պետության սահմանները: Բայց նա փախավ Ռուսաստան, ուր ձեռք բերեց փախստականի կարգավիճակ:

Այս սխոդկայի մասնակիցներից մեկն էլ` Յուրի Եսինը, 90-ական թվականների վերջերին ձերբակալվեց Իտալիայում գտնվող իր վիլլայում: Նա արտաքսվեց Ռուսաստան և այդ ժամանակներից զբաղվում էր գործարարությամբ…

Տվերսկայա փողոցում

…Այո, շատ բան կփոխվեր, եթե 2010 թ. սեպտեմբերի 16-ի երեկոյան Ասլան Ուսոյանը գնար «Զեբրա» կարաոկե-բար, այլ ոչ թե` Տվերսկայա փողոց: Սակայն եղավ այն, ինչ եղավ…

Մոտավորապես 20:00-ին Ուսոյանը մոտեցավ թիվ 12 տան 7-րդ շինությանը: Նա դուրս եկավ ավտոմեքենայից և թիկնապահի ուղեկցությամբ ուղևորվեց դեպի շքամուտքը: Հենց այդ ժամանակ էլ քիլլերն սկսեց կրակել: Քանի որ նա կրակում էր ձայնախլացուցիչով ինքնաձիգ հրացանից, կրակոցների ձայնը ոչ ոք չլսեց: Բայց Ուսոյանի վարորդը նկատեց, թե ինչպես շեֆը և նրա թիկնապահը գետին տապալվեցին: Նա անմիջապեսզանգահարեց իրենց մարդկանց, ապա`«Շտապ օգնություն»…

Կարճ ժամանակ անց դեպքի վայրում հայտնվեցին նաև Մոսկվայի միլիցիայի, դատախազության, արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցներ, բարձրաստիճան մարդիկ: Բժիշկներն արձանագրեցին, որ երկուսն էլ ծանր վիրավորված են, սակայն դեռևս ողջ են: Ու «Շտապ օգնության» մեքենայով նրանց տեղափոխեցին մոտակայքում գտնվող Բոտկինի անվան հիվանդանոց: Այդ ժամից սկսած մինչև մյուս օրն առավոտյան Ռուսաստանի, ապա նաև աշխարհի զանգվածային լրատվության շատ միջոցներ հայտարարում էին. «Մոսկվայի կենտրոնում, Տվերսկայա փողոցում սպանվել են կրիմինալ աշխարհի «արքա»-ներից մեկը` Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը) և նրա թիկնապահը` Արթուր Բաղրամյանը»: Սակայն հենց հաջորդ առավոտյան պարզվեց, որ ոչ Դեդը, ոչ էլ նրա թիկնապահը զոհված չեն: Մոսկվայի միլիցիան, հատկապես Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Կալակոլցևը պարզապես շատ հնարամիտ քայլ կատարեցին` ապատեղեկատվություն տարածելով: Մի քանի օր անց Կալակոլցևը կբացատրի, թե ինչու այդպես վարվեցին սեպտեմբերի 16-ի երեկոյան:

Գեներալ-մայորը լավ է հասկանում, որ եթե հայտարարի Ուսոյանի և Բաղրամյանի ողջ մնալու մասին, ապա հնարավոր էր, որ մարդասպանը կամ մարդասպանները հնարավորություն գտնեին ավարտին հասցնել իրենց գործը: Իսկ «Շտապ օգնության» մեքենայով հիվանդանոց փոխադրվող վիրավորներին ուղեկցում էին 20 օմոնականներ, ովքեր այնուհետև միացան Բոտկինի անվան հիվանդանոցի մոտ, հարկաբաժիններում, վիրահատարանի մոտ շտապ կարգված զինված մյուս միլիցիոներներին: Իսկ այդ ընթացքում հանցագործության վայրում շատ արդյունավետ աշխատանք էր կատարվում: Հատուկ ծառայության աշխատակիցը, ով զրահապատ բաճկոն էր հագել և դիմակով ծածկել դեմքը, պարանով իջավ դիմացի` թիվ 12/8տան տանիքից և մուտք գործեց երրորդ հարկի բնակարան, որտեղից էլ հենցկրակել էր վարձու մարդասպանը: Սակայն բնակարանում այլևս ոչ ոք չկար:

Տվերսկայա փողոցի 12/7 հասցեում գտնվող հինգհարկանի շենքը, որտեղ 3-րդ հարկում բնակարան էր վարձակալել Ասլան Ուսոյանը և որտեղ ապրում էր նրա որդին` Նոդարը, գտնվում է Տվերսկայա փողոցից 200մետր հեռավորության վրա, խաղաղ միվայրում, ուր ավտոմեքենաների աղմուկն այնքան ականջ ծակող չէ, և համեմատաբար քիչ թվով անցորդներ են լինում: Նրան զուգահեռ գտնվում է երկվորյակ շինությունը` 8-րդ շենքը, և նեղ միջանցք է ստացվել երկու շենքերի միջև` 20 մետրից ոչ ավելի հեռավորությամբ: Հենց այս դիմացի տան երրորդ հարկում էլ բնակարան էին վարձել վարձու մարդասպանները:

Մահափորձի վայրն իդեալական էր ընտրված: «Օրենքով գողի» վրա կարող էին կրակել ինչպես վերևից ներքև` շքամուտք մտնելիս և դուրս գալիս, այնպես էլ ուղիղ նշանառությամբ. քիլլերների վարձակալած բնակարանի պատուհաններն անմիջապես նայում էին Ուսոյանի տան պատուհաններին: Վարձու մարդասպանը սեպտեմբերի 16-ին նախընտրեց առաջին տարբերակը: Հենց Ուսոյանը և նրա թիկնապահ Բաղրամյանը դուրս եկան շքամուտքին մոտեցած մեքենայից, մարդասպանն սկսեց կրակել: Ընդ որում մոտ տարածությունից նա մի քանի անգամ վրիպեց, որը խոսում է հրաձիգի ոչ բարձր որակավորման մասին: Գնդակներից մեկը կպավ շքամուտքի դռանը:

Մահափորձից մի քանի ժամ անց, կեսգիշերին օպերատիվ ծառայության աշխատակիցները մտան քիլլերների վարձակալած բնակարանը: Շենքի տանիքից իջած ալպինիստ օմոնականը դուռը բացեց ուժային տարբեր կառույցների աշխատողների առջև: Չորսսենյականոց այս բնակարանում, որտեղից կրակել էին, գտնվեց չինական արտադրության կիսաավտոմատ մի հրացան` խլացուցիչով: Միլիցիայի աշխատակիցներին զարմացրեց այն փաստը, որ այդ հրացանն օպտիկական նշանացույց չուներ: Հրազենի կողքին ընկած էին սպիտակ ձեռնոցներ: Ոչ ոք չկար: Հնարավոր է, որ վարձու մարդասպանը կրակոցներ արձակելուց հետո հեռացել էր ետնամուտքից: Այս բնակարանում ետնամուտքը խոհանոցից է:

շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել